12 04 2019

Մասնավոր և օտարերկրյա ներդրումներով շինարարության ծավալները նվազել են

Մասնավոր և օտարերկրյա ներդրումներով շինարարության ծավալները նվազել են

Մի ժամանակ նա զբոսաշրջային բում էր խոստանում, տնտեսական թռիչք և շատ այլ բաներ, իսկ հիմա հայտարարում է, որ «Հայաստանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին»։ Ինչպես տեսնում ենք ո՛չ զբոսաշրջային բում է տեղի ունեցել, ո՛չ էլ, առավել ևս՝ տնտեսական թռիչք։ Իրականությունը տրամագծորեն հակառակն է՝ սոցիալ-տնտեսական վիճակը վատթարանում է։ Լինելով իր խոստացածի և չարածի համար պատասխանատվությունից փախչող մարդ, Նիկոլ Փաշինյանը նոր հեքիաթային խոստումն է տալիս, իսկ երբ գա դրա համար պատասխանատվություն ստանձնելու պահը, մեկ այլ խոստում կտա։ Այս պահին հերթը շինարարական բումինն է։

Շինարարական բում Հայաստանում եղել է՝ 2000-2008 թվականներին, երբ ողջ Հայաստանը վերածվել էր շինհրապարակի, մասնավոր, պետական ծրագրեր էին իրականացվում, խոշոր ներդրումներ էին կատարվում։ 2000 թվականին մոտ 100 մլրդ դրամից շինարարության ծավալները 2008թ․ հասան 858 մլրդ դրամի՝ աճելով ավելի քան 8,5 անգամ։ Թե ի՞նչ բում է խոստանում ժամանակին այս ծավալներն ունեցած ճյուղում Նիկոլ Փաշինյանը, արդեն տեսել ենք խոստացած այլ «բում»-երի դեպքում։ Ի՞նչ մնում է ներկա պահին, ապա շինարարությունում առկա կացությունը ամենեին էլ թռիչքային չէ։

Անդրադառնալով 2000-ականների շինարարական բումին, հարկ ենք համարում նշել, որ դրա մեջ գերակշռող են եղել մասնավոր ներդրումները։ Այսինքն, այդ ժամանակ իշխանությունը ապահովել էր բարենպաստ պայմաններ այդ ոլորտում խոշոր ներդումներ կատարելու համար։ Ինչ վերաբերվում է այս տարվա հունվար-փետրվար ամիսների տվյալներով մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարության ծավալներին, ապա բավականին ուշագրավ և ինչ-որ առումով զավեշտալի կացություն է այստեղ արձանագրվել։

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2018թ․ նույն ժամանակահատվածի համեմատ մասնավոր կազմակերպությունների կողմից շինարարության ծավալներն աճել են 4 տոկոսով և կազմել 13 մլրդ 156 մլն դրամ։ Զավեշտն էլ այն է, որ նախորդ տարվա՝ 2018 թ․-ի հունվար-փետրվարին, որի նկատմամբ իբր թե աճ է արձանագրվել այս տարվա առաջին երկու ամիսներին, գումարային առումով մասնավոր շինարարության ծավալներն ավելի բարձր են եղել՝ 13 մլրդ 244 մլն դրամ։ Վիճակագրական կոմիտեն սա կարող է բացատրել ընթացիկ գների հանգամանքով։ Սակայն բանն այն է, որ այս տարի գնաճ է արձանագրվել, որոշակիորեն աճել են նաև անշարժ գույքի գները, հետևաբար 4 տոկոս աճի դեպքում ընթացիկ գներով գումարային առումով աճ պետք է արձանագրվեր, այլ ոչ թե նվազում։ Ամենայն հավանականությամբ, ընդհանուր պատկերի համար այստեղ էր պետք եղել «ցույց տալ» այն թվերը, որոնք վերջնարդյունքում կհամապատասխանեցվեին Նիկոլ Փաշինյանի հայտարարության տրամաբանությանը։ Շինարարության մեջ օտարերկրյա ներդրումների առումով պատկերը հետևյալն է։

2018թ․ հունվար-փետրվարին օտարերկրյա ներդումները շինարարության ոլորտում աճել էին 2,6 անգամ և կազմում էին 2,3 մլրդ դրամ։ Այս տարվա հունվար-փետրվարին այդ ծավալները նվազել են ավելի քան մեկ երրորդով՝ 34,3 տոկոսով և կազմել 1,4 մլրդ դրամ։ Այստեղ երևում է, որ տոկոսային ցուցանիշները գումարայինի հետ համընկնում են, չնայած դարձյալ ներկայացված են նույն՝ ընթացիկ գներով։

Ինչ վերաբերվում է բնակչության միջոցներով շինարարությանը, ապա 2018թ․ հունվար-փետրվարին ծավալներն այստեղ կազմել են 3,4 մլրդ դրամ, այս տարվա հունվար-փետրվարին 3,9 մլրդ դրամ։ Տոկոսային առումով աճը կազմել է 19,6 տոկոս, բայց գումարային առումով մոտ 500 մլն դրամ, ինչն աննշան աճ է։

Այժմ շինարարության ծավալների ընդհանուր ցուցանիշի մասին։ Աճն այստեղ, ըստ վիճկոմիտեի, կազմել է 21,6 տոկոս, իսկ ծավալները՝ 25,1 մլրդ դրամ։ 2018թ․ շինարարության ընդհանուր ծավալներն այս նույն ամիսներին կազմել էին 21,6 մլրդ դրամ, իսկ աճը՝ 22,7 տոկոս։ Մնում է կատարել ևս մեկ թվաբանական գործողություն համոզվելու համար, որ շինարարական բում Հայաստանում գոյություն չունի, իսկ մասնավոր ներդրումներն ընդհանուր շինարարության ծավալներում նվազել են։

2018թ․ հունվար-փետրվարին իրականացված 21,6 մլրդ դրամի շինարարության 61 տոկոսը՝ 13,2 մլրդ դրամը իրականացվել է մասնավորի՝ այդ թվում օտարերկրյա ներդրողների կողմից, իսկ այս տարվա 25,1 մլրդ դրամից միայն 52 տոկոսը՝ 13,1 մլրդ դրամն է իրականացվել մասնավոր ներդրողների կողմից։ Թե՛ տոկոսային, թե՛ գումարային առումով ակնառու է մասնավոր շինարարության ծավալների նվազումը։ Շինարարության ծավալների ընդհանուր աճի ցուցանիշներն էլ պայմանավորված են պետական բյուջեի և վարկային ծրագրերի միջոցով իրականացվող շինարարությամբ։ Արդեն պարզ է, որ այստեղ վիճակագրական կոմիտեն ավելի ազատ է իրականությունը ցանկալիի տեղ ներկայացնելու առումով, ինչը և կատարվել է։

Մի խոսքով, գործ ունենք հերթական բումը խոստացող հերթական խաբեության հետ։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ