Նախկինում անիրականալի խոստումներ շռայլող Նիկոլ Փաշինյանը, չկարողանալով դրանք կյանքի կոչել, սկսել է այլ կերպ «կերակրել» իր ընտրազանգվածին։ Օրինակ՝ հպարտանում է սպասվող ցուցանիշներով, որոն դեռ հայտնի չէ` կիրականանա՞ն, թե՞՝ ոչ։ Կամ՝ կոսմետիկ փոփոխությունները համարում «ահռելի»։ Հիշեցնենք՝ «բակերում մեքենաների կարկասների, կրպակների և աղբի» վերացումն այդպիսի փոփոխություն համարելը։ Վերջերս էլ, սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձի 10 տոկոս բարձրացումն է փորձում ներկայացնել որպես մեծ լավություն։
Մի կողմից՝ 10 տոկոս աշխատավարձերի բարձրացումը էական չէ, որին առավել հանգամանորեն կանդրադառնանք քիչ հետո։ Մյուս կողմից, հիշեցնենք, որ նախկինում եղել են աշխատավարձերի և թոշակների կտրուկ բարձրացումներ, որոնք, սակայն, նման կերպ չեն տարփողվել։ Նախկին իշխանությունները գոնե հասկացել են, որ անգամ նման բարձրացումից հետո մեր երկրում կենսամակարդակը համաշխարհային դասակարգմամբ միջինից ցածր է։ Օրինակ՝ 2008 թ․-ին կենսաթոշակները բարձրացան 60 տոկոսով։ Ուսուցիչների աշխատավարձերը ևս վերջին անգամ բարձրացել են դարձյալ նույն՝ 2008 թվականին։ Հիշեցնենք, որ դա Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ էր։
Դրանից հետո, 2014 թ․-ին պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը բարձրացան 40-80 տոկոսով, գումարային առումով խոսքը 30-40 հազարից մինչև 90-100 հազար դրամով բարձրացման մասին է։ Սակայն ուսուցիչները անմասն մնացին այդ բարձրացումից։ 2017 թ․-ին սկսված բարձր տնտեսական աճը անխուսափելիորեն բերելու էր նաև կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացման, սակայն իրական տնտեսական աճի արդյունքները ստանալու փոխարեն, «հպարտ» քաղաքացիները նախընտրեցին Նիկոլ Փաշինյանի դատարկ խոստումներն ու «սիրո և հանդուրժողականության» հեղափոխության խոստացած և այդպես էլ անբացատրելի մնացած «մի լավ բանը»։
Այժմ, թե գումարային առումով որքա՞ն է իրականում բարձրանալու ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով բարձրացնելու դեպքում։ Ներկայում ուսուցչի միջին աշխատավարձը գտնվում է 70-120 հազար դրամի միջակայքում։ 120 հազար դրամը ստանում են այն ուսուցիչները, որոնք ունեն դասղեկություն, որևէ առարկայի մեթոդ-միավորման նախագահ են։ Այսինքն, ուսոցիչների փոքր մասը։ Սակայն ընդգծենք, որ սա այսպես կոչված «կեղտոտ» աշխատավարձն է, որի մեջ ներառված է 23 տոկոս եկամտային հարկը։ Այսինքն, մեկ դրույք՝ շաբաթական 16-25 ժամ ունեցող ուսուցչի «մաքուր» աշխատավարձը կազմում է մոտ 54-93 հազար դրամ։ Սա առանց հաշվի առնելու կենսաթոշակային կուտակային համակարգի մեջ ընդգրկվածների կողմից հիմնադրամներին կատարվող վճարումները և զինծառայողների հիմնադրամին կատարվող վճարումը։ Այսինքն, իրական աշխատավարձն ավելի ցածր է։
Գումարային առումով ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոս բարձրանալու դեպքում 70-120 հազար դրամ «կեղտոտ» աշխատավարձը կկազմի 77-132 հազար դրամ։ Սրանից եթե հանենք 23 տոկոս եկամտային հարկը, ապա մեկ դրույք ունեցող ուսուցիչների միջին մաքուր աշխատավարձը կդառնա 59-101 հազար դրամ։ Այսինքն, խոսքը 5-8 հազար դրամ իրական աշխատավարձի բարձրացման մասին է։ Ինչպես արդեն նշել էինք, ուսուցիչների մեծամասնությունը ստանում էին միջին աշխատավարձի ցածր շեմի չափ գումար։ Հետևաբար, մեծամասնությունը լրացուցիչ կստանա ընդհամենը 5-6 հազար դրամ։ Հիրավի որ հերթական «ահռելի փոփոխությունը» ․․․
Նիկոլ Փաշինյանը խոսում է 38 հազար ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին, ինչը նշանակում է, որ այդ նպատակով պետական բյուջեից անհրաժեշտ կլինի հատկացնել ամսական միջինը մոտ 200-230 մլն դրամ (38 հազար բազմապատկած 5-6 հազարով)։ Այսինքն, այս տարվա վերջին չորս ամիսնդերին՝ սեպտեմբեր-դեկտեմբեր այդ նպատակով բյուջեից հատկացվելու է ․․․ մոտ 800-900 մլն դրամ։ Հիմա սա համեմատենք, պետական եկամուտների կոմիտեի պարգևատրումների հետ, որոնք կարևորել և անհրաժեշտ է համարել Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան մեր հարցման, ՊԵԿ-ից մեզ տեղեկացրել էին, որ 2018 թ․-ի մայիս-դեկտեմբեր ամիսներին ՊԵԿ աշխատակիցների պարգևատրման ֆոնդը կազմել է 3,3 մլրդ դրամ։
Այժմ համեմատենք՝ 800-900 մլն դրամ չորս ամսում 38 հազար ուսուցիչների համար և 3,3 մլրդ դրամ ութ ամսում ՊԵԿ մոտ 3000 աշխատակիցների համար։ Դժվար է խոսքեր գտնել բնորոշելու համար այս պատկերը։ Պարզապես անհասկանալի է, թե ո՞վ և ե՞րբ է որոշել, որ ՊԵԿ աշխատակիցն ավելի կարևոր գործ է անում, քան մանկավարժը, ինչո՞ւ ուսուցչին մի փունջ ծաղիկ նվիրելը կարող է դիտարկվել որպես կոռուպցիա և արգելվել դրակոնյան մեթոդներով, իսկ ՊԵԿ աշխատակազմի ղեկավարների 8-9 մլն դրամ պարգևատրումը՝ որպես անհրաժեշտ և կոռուպցիան կանխարգելող, ինչո՞ւ պետական բյուջեից պետք է անգամներով ավելի գումար հատկացվի անգամներով ավելի քիչ աշխատակազմին հավելյալ վճարելու համար, ինչո՞ւ պետք է մեկի կատարած աշխատանքը ստորադասվի մյուսին։ Բնական է, որ որևէ տրամաբանություն անհնար է գտնել այս կացության մեջ, որն արտացոլում է «սիրո և հանդուրժողականության» ծնունդ «նոր» Հայաստանում ձևավորված իրողությունները։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը