Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, նրան ներկայացված մեղադրանքով գործին ոչ միայն ռուսական լրատվամիջոցներն են անդրադառնում, ու ոչ միայն վերջին շրջանում են անդրադառնում:
Նախորդ շաբաթ՝ մարտի վերջին օրերին, ու մեկ օրվա ընթացքում ռուսական երեք հեռուստաընկերություն՝ НТВ, Россия 24 և ТВЦ-ն, տեսասյուժեներով անդրադարձան խայտառակ քրեական գործին ու ներկայացված մեղադրանքներին: Հիշեցնենք, որ բոլոր ռեպորտաժներում ընդգծվում էր այն, որ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը շինծու է, քաղաքական վրիժառություն է կամ հաշվեհարդար, ներկայացվում էին ինչպես երկրորդ նախագահի, այնպես էլ՝ փաստաբանների, տարբեր մեկնաբանների համահունչ տասակետները, գնահատականները, այդ ամենի հետ՝ ցուցադրվում էին 2008-ի մարտի մեկի դեպքերի՝ «մոլոտով-կոկտեյլ» նետողների, անկարգությունների կադրերը:
Ում հետաքրքրել է, նա արդեն տեսել է: Անգամ նրանք, ում սկզբում չի հետաքրքրել, հետո էլի նայել է, կարող եք չկասկածել: Առաջին անգամը չէ, որ ռուսական որևէ հեռուստաընկերություն, նաև՝ բավականին մեծ լսարան ունեցող, ինչպես վերջին դեպքում էր, անդրադարձ է կատարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու Փաշինյանի իշխանության կողմից նրա դեմ իրականացվող հետապնդմանը: Հետևաբար՝ ինչո՞վ է առանձնանում այս վերջին դեպքը, ինչո՞ւ է այն արժանի ավելի հանգամանալի ուշադրության:
Նախ և առաջ, այդ երեք հեռուստաանդրադարձերը տեղի ունեցան Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպման նախօրեին: Երևի կարիք չկա բացատրել, որ ռուսական հիշատակված հեռուստաալիքները պատահականորեն չեն ինչ-որ բան եթեր հեռարձակում: Առավել ևս, նման գործի հետ կապված ինքնագործունեության տարբերակը ուղղակի անհավանական է: Հետևաբար, շատ մեկնաբաններ արձանագրեցին, որ կարևոր հանդիպումից առաջ Ռուսաստանը, որ Մինսկի խմբի համանախագահ տերություններից մեկն է, որոշակի «մեսսիջ» է հղում Փաշինյանին: Կապ չունի, թե Հայաստանի վարչապետին ինչ են ուզում հասկացնել Մոսկվայից՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հարցում: Բայց մեծ կապ ունի, որ կարևոր հանդիպումից առաջ Մոսկվայից ըստ երևույթին ասում են՝ պարոն Փաշինյան, խնդիր կա՝ այսպես ու այսպես: Հնարավոր է նաև, որ ուղղակիորեն ոչինչ էլ չեն ասում, բայց հոգեբանական ճնշում են գործադրում: Եթե նույնիսկ այդ վերջին ենթադրությունն է ավելի մոտ ռուսական հեռուստաուղերձի տողատակին, ապա վիճակը ամենևին լավը չէ:
Հայաստանի գործող հեղափոխական իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ, առիթը չեն կորցնում՝ շեշտելու համար, որ հայ-ռուսական հարաբերությունները այնքան լավն են, որ դրանից լավը չէր կարելի պատկերացնել: Սակայն եթե Երևան-Մոսկվա, Փաշինյան-Պուտին հարաբերությունները իսկապես այդքան լավ ու փայլուն լինեին, ապա ոչ մի նման հեռուստաեռագրության անհրաժեշտություն չէր առաջանա: Մանավանդ՝ Վիեննայի հանդիպման նախօրեին: Փայլուն հարաբերույթուններ ունեցողներին նման եթերային ուղերձներ պետք չեն:
Դրանից բացի, հենց սկզբում, երբ Հայաստանի գործող իշխանությունն իր անձնավորված թշնամանքը դրսևորեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, Ռուսաստանի ներկայիս ղեկավարությունը շատ պարզ ու բառ առ բառ արտահայտեց իր բացասական վերաբերմունքն ու գնահատականը: Ռոբերտ Քոչարյանի առաջին կալանավորումն Ռուսաստանում ընկալվեց որպես թշնամական գործողություն: Պարզից էլ պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանի երկրորդ կալանավորման ու արդեն 4 ամսից ավել անազատության մեջ պահելու դեպքում Ռուսաստանի ղեկավարույթան վերաբերմունքը չի փոխվել: Վերջին հեռուստառեպորտաժները, նաև այդ «մեսսիջն» ունեին:
Ովքեր քչից-շատից հետևել են ռուսական իշխանությունների գործելակերպին, կիմանան, որ անարձագանք մնացած նման «մեսիջներին» հաջորդում են վերաբերմունքի դրսևորումներ: Խոսքը, բնականաբար, ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական խնդիրներ հարուցելու մասին է։ Ցանկալի է, որ բանը դրան չհասնի: Որովհետև վատ է, եթե երկրի քաղաքական ղեկավարությունը, իր վրեժխնդրությունը բավարարելու համար, կարող է նման խնդիրների առաջ դնել իր ժողովրդին ու նրա մի մասի եկամտի աղբյուրները:
Գալուստ Գրիգորյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը