01 04 2019

Մի նամակագրական բանսարկության մասին

Մի նամակագրական բանսարկության մասին

Մի որոշ ժամանակ է, ինչ տարբեր լրատվամիջոցներում հոլովվում է տխրահռչակ Վահան Շիրխանյանի նույնահամբավ «նամակը»: Այն ավելի շուտ բանսարկագիր է, որի միակ թիրախը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ով այժմ շինծու մեղադրանքներով գտնվում է անազատության մեջ:

Ում հետաքրքրել է` կարդացել է արդեն այդ «նամակը»: Մարդիկ կան, որոնց դժվար է կասկածել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցը լինելու մեջ, բայց իմանալով «նամակի» հեղինակի անունը, ոչ էլ ցանկանում են ծանոթանալ դրա բովանդակությանը: Իսկ իշխանությանը ենթակա քննչական մարմիններն, իհարկե, ուշադրություն դարձրել են այդ բովանդակությանը, օրինակ, 1998 թվականի նախագահական արտահերթ ընտրությունների վերաբերյալ Վ.Շիրխանյանի ասածներին:

Ինչ է իրենից ներկայացնում ժամանակին ՊՆ համակարգում, կառավարությունում պետական բարձր պաշտոններ զբաղեցրած, վերջին տարիներին զինված խմբի միջոցով երկրում հեղաշրջում իրականացնելու քրեական գործով մեղադրված Վահան Շիրխանյանի «նամակը»:

Վարկած 1

Այդ նամակը Վահան Շիրխանյանի անձնական նախաձեռնությունն է, որով նա փորձել է իր ձևով վարձահատույց լինել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ իրեն վերը հիշված «Նորք-Մարաշի զինված խմբի» գործով ազատազրկման վայրից դուրս բերելու համար: Այս վարկածի կողմնակիցները ասում են, որ նա պարզապես փորձել է իր ծառայությունները մատուցել հեղափոխական իշխանություններին: Վարկածի կողմնակիցներն ասում են, թե պատահական չէ, որ իշխանությունները, առաջին դեմքերի մակարդակով ընդգծված վերաբերմունք կամ որոշակի գնահատական չեն արտահայտել Վահան Շիրխանյանի, 20-25 տարվա վաղեմության դեպքերի նրա վերապատումների «նամակի» վերաբերյալ:

Բայց առաջին դեմքերի փոխարեն, Շիրխանյանն «նամակային» խաղի մեջ են ներգրավվել իշխանության այնպիսի ներկայացուցիչներ, ինչպես, օրինակ, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը: Մեկը, ով Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք եղել է Շիրակի մարզում իշխանության հանձնակատար-ներկայացուցիչը՝ նահանգապետի լիազորություններով: Անդրանիկ Քոչարյանը նաև ժամանակին ներգրավված էր «Մարտի 1-ի» դեպքերը քննող հանձնաժողովի կազմում, կարող է համարվել այժմ ՀՔԾ-ի «մշակած» մարտիմեկյան քննչական ուղղությունների համահեղինակներից մեկը:

Վարկած 2

Նամակը նախկինների, այս դեպքում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանում կառավարման համակարգ մտած, 90-ականների վերջերին ու 2000-ականների սկզբներին իշխանական կառույցներից դուրս մնացածների բազմաքայլ խարդավանքն է՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությունը ծանր դրության մեջ դնելու հաշվարկով:

Այս վարկածի կողմնակիցների գլխավոր փաստարկն այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանը ընթացք տա Վ.Շիրխանյանի «նամակագրությանը», ապա դա կհանգեցնի ոչ միայն 20-22, այլև 25-30 տարվա վաղեմության կեղտերը ջրի երես հանելու անհրաժեշտությանն ու նման պահանջների: Ըստ էության, դա կարող է հանգեցնել 1990-ից ի վեր, Հայաստանի անկախությունից սկսած ամբողջ պատմությունը ու պատմությունները վերանայելուն կամ նման պահանջների: Կարող է խոսք բացվել գողացված մազութի, թալանված օգնության, ՀԱԲ-ի ցրման ու Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանում քաղաքական սպանությունների, Վանո Սիրադեղյանի՝ ՆԳ նախարար եղած ժամանակ գործած Տեր-Սահակյանի բանդայի ու դրա արյունոտ գործերի, ՀՅԴ դեմ քաղաքական ու քրեական հետապնդումների, հազարումի բանի մասին: Հակընդդեմ «նամակներով» կարող են վեր հառնվել նույն Վահան Շիրխանյանի դեմ ժամանակին ուղղված ու 90-ականների մամուլում բացեիբաց ներկայացված ծանր մեղադրանքները: Նույնը՝ Անդրանիկ Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի այլ կողմնակիցների վերաբերյալ:

Օրինակ, քանի որ 1998-ի ընտրությունները քննչականի ուշադրությանն են արժանացել, արդեն կարծիքներ են հնչում նաև 1996-ի նախագահական և 1995-ի ԱԺ ընտրությունների ու սահմանադրության հանրաքվեի կեղծումներին էլ անդրանդառնալու վերաբերյալ: Եթե անդրադառնան, Գագիկ Ջհանգիրյանն էլ հիմա ինչ-որ բաներ մեկնաբանելու փոխարեն, ինչ-որ բացատրույթուններ հարկադրված կլինի տալ երբեմնի կոլեգաներին:

Այսինքն, եթե գործող իշխանությունն սկսի թափ տալ այդ «նամակը», անկախ այն բանից, թե Փաշինյանն ինքը ինչպես ու ինչեր կմեկնաբանի, երկրի պետական ու քաղաքական կյանքը կարող է թաղվել այնպիսի մի թունավոր ճահիճում, որ օրակարգային հարցերին արդեն ձեռքերը չեն հասնի: Վարկածի կողմնակիցների կարծիքով, դա էլ ավելի կվատացնի Նիկոլ Փաշինյանի անեկդոտային կառավարության վիճակը, որից հետո արդեն ավելի բացահայտ առաջ կգան Տեր-Պետրոսյանն ու իր հին կադրերը և իրենցով կանեն արդեն ամբողջ իշխանությունը՝ հեղափոխական վարչապետին թողնելով հասարակությանը զվարճացնողի, ժողովրդի մոտ ֆոտոմոդել աշխատողի դերը:

Վարկած 3

Շիրխանյանի նամակին վերաբերող մյուս վարկածը նախորդի նման դավադրապաշտական չէ, այլ՝ պրագմատիկ: Գործող իշխանությունը, իր քննչական մարմինների միջոցով ձգտում է հնարավորինս ծանրացնել Ռոբերտ Քոչարյանի գործերի վիճակը: Հասկանալով, որ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը խախուտ է, դրանից բացի, ավելի է ընդգծվում երկրորդ նախագահի դեմ քաղաքական հետապնդում իրականացնելու իրենց մոտեցումը, իշխանությունը փորձում է նրան վերագրել նորանոր մեղադրանքներ: Նման մի փորձ արվեց ոչ անհայտ Սիլվա Համբարձումյանի միջոցով, իբր, մի կաշառք էլ այդ գործարար տիկինը նախկին նախագահին է տվել: Սակայն «կաշառքի լրացումը» չաշխատեց:

Շիրխանյանը, ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանի ու ՀՔԾ-ի պահեստային տարբերակն էր, որն էլ գործի դրվեց՝ «նամակի» տեսքով: Շատ մեղադրանքներ՝ դրանց տակից ելնելու քիչ հնարավորություն դատարանում: Գուցե այդ մոտեցումն է գործածվում, ինչի մասին ռուսական ալիքների պատրաստած տեպորտաժներից մեկում էլ ասվեց:  

Եվ, քանի որ «կաշառքի դրվագը» չաշխատեց ու նույնիսկ ծաղրի առարկա դարձավ, որոշվել է «թարմացնել» Վահան Շիրխանյանի հիշողությունները:

Մանիպուլյացիոն սխեման շատ պարզ է ու բացահայտ. Առաջին քայլով Շիրխանյանի «նամակն» է դրվում շրջանառության մեջ, դրան միանում է Անդրանիկ Քոչարյանի ու մյուսների «աջակցության խումբը» (հարցազրույցներ, ասուլիսներ, հայտարարույթուններ): Միաժամանակ, Տեր-Պետրոսյանին այս կամ այն կերպ հարող շրջանակները, սկսում են տարբեր հրապարակումներ շրջանառել՝ Շիրխանյանի «նամակին» դամ պահելով, թե՝ պետք է քննել, պարզել: Այն, որ դա ուղղորդված ու միակողմանի աղմուկ է, երևում է նաև այն բանից, որ իբր արդարություն ու արդարադատություն ցանկացող այդ «նամակագիրները» կենտրոնանում են միմիայն Ռոբերտ Քոչարյանի վրա, խնամքով շրջանցելով ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր «մեղքերը», այնպես էլ հենց իրենց կերած «բողկերը» (Շիրխանյան, Անդրանիկ Քոչարյան, Գագիկ Ջհանգիրյան և այլն):

Դժվար է կանխատեսել, թե ինչի կարող է հանգեցնել Շիրխանյանի «նամակն» ուռճացնելու և Քոչարյանին հետապնդման ենթարկելու ձևական նոր առիթներ ստեղծելու այս կիսագրագետ արշավանքը: Բայց որ այդ ամենը ավելի է ամրապնդելու այն գնահատականը, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է և քաղաքական հետապնդման է ենթարկվում: Գործող իշխանությունը, ինչպես կարծում են այս 3-րդ վարկածի կողմնակիցները, ոչնչի առաջ կանգ չի առնում, ոչնչից չի խորշում՝ իր մանր քինախնդրություն իրացնելու պամար: Ռոբերտ Քոչարյանից, ինչպես երևում է, սրանք ուղղակի սարսափում են:

Հարություն Մինասյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ