Արդարադատությունից հետո երկրորդ ոլորտը, որն ամբողջությամբ այլասերել է Նիկոլ Փաշինյանը՝ վիճակագրությունն է։ Անցած տարեվերջից սկսած, երբ ակնհայտ էր, որ տնտեսական աճի տեմպի նվազումը աստիճանաբար վերածվում է տնտեսական անկման, ազգային վիճակագրական ծառայությունը սկսեց աճպարարությունները՝ վիճակագրական տվյալներն ու իրականությունը սկսեցին միմյանցից տրամագծորեն հակառակ ուղղությամբ հեռանալ։ Արդյունքում, տնտեսական հետընթացը, որն անցյալ տարվա կեսերից արձանագրում էր վիճակագրական ծառայությունը եւ որն անզեն աչքով տեսանելի էր տնտեսության բոլոր ճյուղերում, «հանկարծ» վերածվեց աճի։ Ամենայն հավանականությամբ, հենց սա նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսում էր «կախարդական փայտիկ» ունենալու մասին։ Այդուհանդերձ, արդեն ծիծաղելի չէ այս կացությունը, երբ տնտեսության մեջ տեղի ունեցածի վերաբերյալ իրականությանը մոտ գտնվող տվյալներ այլեւս չունենք։
Կառավարության տնտեսական ձախողումները փրկելու նպատակով ներդրված առաջին «նորամուծությունը» այս տարում գյուղատնտեսական ցուցանիշների բացակայությունն է։ Վիճակագրական ծառայությունը հիմնավորումը պարզապես զավեշտալի է՝ «գյուղատնտեսության ոլորտը հրապարակվելու է միայն եռամսյակային պարբերականությամբ՝ պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ»։ Ակամայից առաջացող «ինչո՞ւ» հարցի պատասխանն առավել անհեթեթ է՝ «նման մոտեցում է կիրառվում միջազգային պրակտիկայում»։
Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց կիրառվել այդ փորձը նաեւ մեզ մոտ, ո՞րն է դրա հիմնավորումը։ Գյուղատնտեսությունը միշտ էլ սեզոնայնության հետ կապված է եւ ոչ մի նոր բան չի եղել։ Հետեւաբար, սարսափելի ոչինչ չէր լինի, եթե այս ոլորտի տվյալն երը հրապարկվեին այնպես, ինչպես մինչեւ հիմա։ Սակայն, ամենայն հավանականությամբ, սարսափելի կլիներ Նիկոլ Փաշինյանի համար, որի կոպիտ սխալի պատճառով անցյալ տարի այս ոլորտը ավելի քան 8 տոկոս անկում ունեցավ եւ 17 մլրդ դրամի կորուստ կրեց։ Հիշեցնենք, որ նա չթույլատրեց ամռան ամիսներին Սեւանից լրացուցիչ ջրառ կատարել եւ մեծ ծավալի բերք առանց ոռոգման ջրի շոգից ոչնչացավ։ Գյուղատնտեսությունում նման կորուստը չի կարող սահմանափակվել միայն մեկ տարով։ Ակնհայտ է, որ այն իր հետեւանքներն է ունենալու նաեւ հետագա մի քանի տարիներին։ Սա է, որ պետք է թաքցնել։ Վիճակագրական ծառայությունը կաշկանդված չի լինի հրապարակված ամսական ցուցանիշների հետ հակասություններ չառաջացնելու գործոնով եւ ազատ կլինի պատկերել իր, ավելի ճիշտ վարչապետի ցանկացած եռամսյակային ցուցանիշը։ Նշենք նաեւ, որ գյուղատնտեսության տվյալները մշտապես վիճելի են եղել, քանի որ այն դուրս լինելով հարկման դաշտից, ճշգրիտ տվյալներ չէր պարունակում։ Գործող իշխանություններն էլ այս ոլորտն օգտագործել են ավելի բարձր տնտեսական աճ ցույց տալու համար։ Սակայն, այն, ինչ արվում է այս ոլորտի ցուցանիշների հետ հիմա, անհամեմատելի է վիճծառայության նախկին նախկին մանկական «չարաճճիությունների» հետ։
Հաջորդ արտառոց հանգամանքը եւս կապված է գյուղատնտեսության նհետ։ Վիճծառայությոնը պատկերել է հունվար-փետրվար ամիսներին 6,5 տոկոս աճ անցյալ տարվա հունվար-փետրվարի հետ այն դեպքում, երբ անցյալ տարվա ցուցանիշների մեջ գյուղատնտեսության ցուցանիշները կային, իսկ հիմա՝ չկան։ Այսինքն, այս տարվա երկու ամիսների ցուցանիշներն՝ առանց գյուղատնտեսության չեն կարող համադրելի լինել անցյալ տարվա երկու ամսիների հետ՝ գյուղատնտեսությամբ։ Եթե որեւէ վերլուծաբան փորձեր նման համադրություն աներ, նրան կմեղադրեին դիլետանտիզմի մեջ։ Մենք չենք մեղադրում վիճծառայությանը դիլետանտիզմի մեջ։ Այս կառուցն ու ն րա ղեկավար խորհուրդն անում է այն, ինչ իրեն հրահանգվում է։ Նրանց կարելի է մեղադրել միայն անազնվության եւ պաշտոնը կորցնելու վախի մեջ։
Զավեշտները սակայն գյուղատնտեսությամբ չեն սահամանափակվում։ Պարզվում է, որ հունվար-փետրվարին արդյունաբերությունում ունենք 1,9 տոկոս աճ, շինարարությունում՝ 21,6 տոկոս աճ, ծառայությունների ոլորտում՝ 17,5 տոկոս աճ, իսկ ահա էլեկտրաէներգիայի արտադրությունը, առանց որի այս ոլորտները չեն կարող գործել ․․․ նվազել է եւ այն էլ 21 տոկոսով։ Գենետիկ մուտացիա հիշեցնող այս երեւույթը, սակայն, նոր չէ նկատվել վիճծառայությունում։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին արդյունաբերության ծավալները նվազել էին 0,4 տոկոսով, ներմուծմանը՝ 3,2 տոկոսով, իսկ ահա առևտրի ծավալները աճել էին ․․․ 19,3 տոկոսով։ Եթե առեւտրում վաճառվում են կամ տեղում արտադրվող կամ ներմուծված ապրանքները, իսկ դրանց ծավալները նվազում են, ինչպե՞ս կարող է առեւտուրը նման ցնցող աճ ունենալ։ Հունվար-փետրվարին վիճծառայությունը փորձեց չնչին սրբագրումներ անել։ Արդյունքում ստացվեց, որ արդյունաբերությունն աճել է 1,9 տոկոսով, ներմուծումը՝ նվազել է 5,6 տոկոսով, իսկ առեւտուրը փոքր-ինչ ավելի ցածր, բայց դարձյալ մեծ աճ է ունեցել՝ 13,1 տոկոսով։ Մտովի կարելի է պատկերացնել վերջին ամիսներին առեւտրի ծավալների կտրուկ անկման մասին անընդհատ բարձրաձայնող առեւտրով զբաղվողների ռեակցիան այս ցուցանիշների նկատմամբ։
Հավանական է, որ առաջիկա ամիսներին վիճծառայությունը փորձի տվյալների միջեւ առաջացող հակասություններն էլ «ուղղել», սակայն վիճակագիրներն էլ լավ հասկանում են, որ անգամ այդ դեպքում հակասություններ կառաջանան այլ տվյալների հետ համեմատության մեջ։ Սակայն ոչինչ անել չես կարող վիճծառայության գլխին կախված Նիկոլ Փաշինյանի «կախադրական փայտիկի» դեմ։ Այն ի զորու է «ստանալ» ցանկացած տվյալ՝ անկախ նրանից որ ձեռնարկություններ են փակվում, ներդրումային ծրագրեր կասեցվում, ծառայությունների ոլորտի օբյեկտներ քանդվում, գործազուրկների թիվ ավելանում, արտահանում-ներմուծում նվազում, դրամական արտահոսք ուժեղանում։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը