Որքան էլ ազգային վիճակագրական ծառայությունը ջանա անշեղորեն կատարել վարչապետի պաշտոնում հայտնված մարդու ցանկությունը և վարդագույն ներկայացնել մեր տնտեսական կացությունը, այն իրականում օրեցօր ավելի ու ավելի է վատանում։ Սակայն, որքան էլ արտառոց կարող է թվալ, տնտեսական հետընթացն ու սոցիալական կացության վատթարացումը ամենաբարձր գինը չէ, որ մենք վճարում ենք և դեռ վճարելու ենք Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար։ Առավել վտանգավորը վերջինիս կողմից սեփական իշխանության հավերժացման նպատակով հայտարարվող նպատակներն են։
Եկամուտների համընդհանուր հայտարարագրում և առանց դատարանի որոշման գույքի բռնագանձում՝ եթե սրանք իրականություն դառնան, ցանկացած մարդ, ցանկացած պահի կարող է հետապնդման ենթարկվել պետական ռեպրեսիվ համակարգի կողմից։ Ավելորդ է ասել, որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանին ընդդիմացողները կարող են հալածվել, այլև նրանք, ովքեր չեզոք են։ Բռնապետության ճանապարհին նրանք ևս դիտարկվելու են պոտենցիալ «թշնամիներ» և «պրոֆիլակտիկ» նպատակներով ենթարկվելու ճնշումների։
Մարդիկ, որոնց թվում է, թե այս ամենը վերաբերվելու է միայն քաղաքականության մեջ գտնվողներին, բիզնեսով զբաղվողներին կամ պետական սեփականության յուրացման շնորհիվ հարստացածներին, չարաչար սխալվում են։ Այնպես, ինչպես փակված Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի աշխատողները, կասեցված Ամուլսարի ներդրումային ծրագրում ընդգրկվածները, քանդված սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները, հարկային բեռի տասնապատիկ բարձրացման տակ հայտնված փոխանակման կետերի և գրանավտների, ոչ ոգելից խմիչքներ արտադրող ձեռնարկությունների սեփանատարերերն ու աշխատակիցները, նախարարությունների և պետական ձեռնարկությունների կրճատվող և կրճատվելիք աշխատակիցները, աղքատության նպաստներից զրկվելու վտանգի առջև կանգնած նպաստառուները և Ազգային Ժողովի առանց այն էլ փոքր աշխատավարձերի իջեցումից տուժած հավաքարարները, այսինքն հազարավոր մարդիկ 10 ամիս առաջ չէին կարող պատկերացնել, որ իրենք կհայտնվեն նման կացության առջև, նույն կերպ մեզանից յուրաքանչյուրն այսօր չի պատկերացնում, որ մի օր «օրենքով» կարող է զրկվել իր գույքից։ Ընդ որում, պարտադիր չէ, որ բնակարանդ լինի Հյուսիսային պողոտայում կամ հողատարածքդ՝ մայրաքաղաքի կենտրոնում։ Եթե սկսվեց բոլշևիկյան լեզվով ասած «կուլակաթափությունը», այն այլևս չի ունենալու արգելակներ և «չոքելու է» նաև մեր դռանը։
Ինչպե՞ս է դա տեղի ունենալու։ Համընդհանուր հայտարարագրումը, որը մինչև դեկտեմբերյան ընտրությունները փորձում էին ընդունել և առայժմ հետաձգվել է, նպատակ է հետապնդում տեղեկություններ ունենալ յուրաքանչյուրիս եկամուտների մասին։ Շեշտում ենք, յուաքանչյուրիս՝ անկախ նրանից հարուստ ես, թե՞ աղքատ։ Այսինքն, օրինակ՝ չես կարող թաքցնել արտերկրից քեզ ուղարկվող գումարի չափը կամ հողատարածքիցդ ստացված բերքի հասույթը, մյուս կողմից՝ եթե թաքցնես, ցանկացած պահի կարող են ենթարկել պատասխանատվության։ Որպեսզի դա տեղի չունենա, «բարեկամաբար» խորհուրդ կտան ընտրությունների ժամանակ «ընտրել Նիկոլին»։ Եթե նախկին իշխանությունը ընտրակաշառք էր առաջարկում իրեն ընտրելու համար, հիմա քեզ արդեն կպարտադրեն դա անել։ Այլապես, գործի կդնեն երկրորդ մեխանիզմը՝ առանց դատարանի գույքի բռնագանձումը։
Եթե չկարողանաս ապացուցել, որ օրինակ բնակարանը ձեռք ես բերել արտերկրից եղբորդ ուղարկած գումարով կամ ֆերմերային գործունեությունից, քանի որ չկան եկամուտների մասին համապատասծան փաստաթղթեր։ Եթե դրանք կան, բայց դրանցով չես կարող ապացուցել, որ կարող ես բնակարան ձեռք բերել, ապա հրաժեշտ տուր տարիների երազանք բնակարանից։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է որ դա իրեն կարող է առնչվել։ Վերևում նշեցինք հանրության այն խմբերին, որոնք չէին էլ ենթադրում, որ «սիրո և հանդուրժողականության» հեղափոխության շնորհիվ և իրենց «սիրելի վարչապետի» թեթև ձեռքով կընկնեին նման կացության մեջ։ Շարունակենք դիտարկել նման կացության մեջ հայտնվելու օրինակներ, երբ քեզ փակ շղթայի մեջ կգցեն ու պատին դեմ կտան։
Օրինակ՝ «թավշյա» հեղափոխության մեջ իրենց նշանակալի ներդրումն ունեցած ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար, որոնք մեր երկրում ամենաբարձր վարձատրվողներն են, բայց ամենից դժգոհն էին իրենց կացությունից, արտոնյալ հարկային դաշտ ունենք, որոշ դեպքերում նրանք ընդհանրապես ազատված են հարկերից։ Կան նաև բազմաթիվ ծրագրավորողներ, որոնք տանից աշխատում են արտերկրյա ընկերությունների համար։ Կարո՞ղ են նրանք հիմնավորել, թե ինչպես են բնակարան հող կամ ավտոմեքենա ձեռք բերել։ Բնականաբար՝ ոչ։ Ուրեմն, ի՞նչ է լինելու՝ «բռնագանձելու ենք, ի՞նչ ենք անելու»։ Նույնը սպառնում է մասնավոր դասեր տվող մանկավարժներին, գյուղատնտեսությամբ զբաղվողներին, արտերկրի հարազատի աջակցությամբ գույք ձեռք բերողներին և վերջապես բիզնեսով զբաղվողների դեպքում։ Ընդ որում, հատկապես փոքր և միջին բիզնեսով զբաղողների դեպքում։
Գաղտնիք չէ, որ փոքր բիզեսում առկա է ստվեր։ Եթե այդ ստվերն ամբողջությամբ բացահայտվի, ապա փոքր խանութների, արտադրությունների, գեղեցկության սրահների, ավտոլվացման կետերի, տարբեր սարքերի նորոգման օբյելտների, կրթական, առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունների զգալի մասի գործունեությունը պարզապես կդառնա ոչ շահութաբեր և կփակվի։ Հիմա, եթե փոքր խանութի կամ այլ օբյեկտի սեփականատերը գնում է հողատարածք և կառուցում առանձնատուն, անմիջապես հայտնվում է «որտեղի՞ց քեզ այդ փողը» հարցի առջև։ Բնական է, որ հարկային մարմնի տեղեկանքի հիման վրա, որ «այս մարդը այսքան հարկեր է վճարել այքան տարվա ընթացքում և նման շահութաբերության դեպքում չէր կարող նման տուն կառուցեր», նրա տունը ևս «բռնագանձելու ենք»։
Կամ՝ հայտնի է, որ բիզնեսով զբաղվողների ամենամեծ ծախսը վարձակալած առևտրային տարածքի գումարն է։ Այսինքն, այդ տարածքի սեփականատերերը ևս որևէ տեղ չեն հայտարարագրում իրեն եկամուտները, իսկ եթե հայտարարագրեն և դրանից հարկեր վճարեն, պետք է բարձրացնեն վարձակալության գումարը։ Այդ դեպքում, բիզնեսի բեռը էապես կբարձրանա։ Եթե չհայտարարագրեն, ապա նրանց ևս պատին կսեղմեն՝ «որտեղի՞ց քեզ այդքան փող» հարցով։
Եվ վերջում, հատուկ ամենապայծառ լավատեսների համար հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի մոտ հարց էր առաջացել, թե ինչպե՞ս են աղքատության նպաստառուները վարկեր ձեռք բերել։ Հետևաբար, եթե կան մարդիկ, որոնք մտածում են, որ «սիրելի վարչապետը» նույն հարցով իրենց չի դիմելու, ուրեմն արժանի կլինեն այն վիճակին, որում կհայտնվեն այդ ժամանակ։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը