Օպրեայի մոտի կաֆեները քանդող տրակտորը Նիկոլ Փաշինյանի իշխանության խորհրդանիշն է: Քանդող տրակտոր ու դրա առաջն առնելու համար վրան բարձրացած, քանդելու դեմ բողոքող ցուցարար: Փողոց փակող ցուցարար, ու բողոքող քաղաքացիներին բիրտ ուժով ցրող, քաշքշող կարմիր բերետավոր ոստիկաններ: Սա ոչ թե մի տարի առաջվա, այլ այսօրվա տեսարաններն են:
«Դըմփ-դըմփ-հու»-անելով ու թավշյա ցույցերով, փողոց փակելով ու քաղաքացիական հուզումներով Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց մեկ տարի էլ չի անցել: Ասում էին, որ նախկին իշխանությունից մնացած Ազգային ժողովն է խանգարում, որ ժողովրդի սիրեցյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հեղափոխական իշխանությունը արդյունքներ ունենա, տնտեսությունը առաջ տանի ու մարդկանց, սեփական պետության քաղաքացիներին սկսի օգտակար լինել:
Արագի մեջ ԱԺ արտահերթ ընտրություններ դասավորեցին, մրցակցությունից դուրս ձայներով ԱԺ-ն «գրավեցին»: Նշանակում է, արդեն նախկինական ԱԺ-ն էլ չկա, որպես հեղափոխական իշխանություններին խանգարող հանգամանք: Շուտով ապրիլ ամիսն է: Բայց անցած 3 ամսվա ընթացքում ժողովրդական, հեղափոխական սիրելի ու պաշտելի իշխանությունն ինչի՞ մասին է խոսել ու խոսում:
Ասում են, օրինակ, բարձրացնենք ծխախխոտի հարկը: Հետո, թե՝ գազավորված ըմպելիքների հարկերը: Մեկ էլ ասում են, թե՝ ավտոկայանման վարձերը բարձրացնենք: Հետո ասում են, թե՝ մինչև տատի-պապիները ՀԴՄ կտրոն չուզեն, թոշակը չի բարձրանա: Մեկ էլ Նիկոլ Փաշինյանն ասում է, ժողովուրդ, ի՞նչ եք ասում, վարկ փակելու հնար ունեցողների նպաստը չկտրե՞նք: Մյուս կողմից էլ վարչապետի տիկնոջ ձևավործ հիմնադրամներին նախկին ռեժիմի օլիգարխները, որոնք վերաձևակերպվել են խոշոր սեփականատերերի, գումար է, որ հանգանակում են: Խոշոր սեփականատերեր կան, որ տնով-տեղով են մուծվել՝ տան բոլոր անդամների անունից, անհատապես:
Ժողովրդին ծառայելու խոստումներով, «սիրում եմ բոլորիդ»-ով իշխանության եկած անձանց շրջանակը իսկապես սիրում է, բայց ավելի շուտ ժողովրդի գրպանը կամ դրամապանակը: Երբ ուղղաթիռը «պադավատ» դարձրած թռվռում են, միջոցները խնայողության մասին խոսք չկա: Բայց երբ բանը հասնում է թոշակ ու աշխատավարձ բարձրացնելուն, ասում են՝ միջոց չկա: Հեղափոխական տրամադրությունների սիմվոլ բանանն էլ կտրուկ թանկացել է՝ հասնելով կիլոգրամը 1000 դրամի: Կարտոֆիլն էլ է թանկացել, ասենք՝ ի՞նչն է էժանացել, որ դա չթանկանա: Ապրուստն է թանկացել, ինչը կարելի է նշել որպես հեղափոխական իշխանության հիմնական ձեռքբերում:
Եվ նման իշխանության ի՞նչն է հավանում և ողջունում ժողովուրդն իր մեծամասնության մեջ: Դա կարող է տևել մի որոշակի ժամանակահատված, բայց չի կարող երկար շարունակվել: Եթե Նիկոլ Փաշինյանը դեռ ինչ-որ անհատական վարկանիշ ունի, նրա գլխավորած իշխանությունն արդեն կորցնում է այդ կարծեցյալ համակրանքը: Այդ իշխանությունը արդեն չի ընդունվում ժողովրդի կողմից, ու դա տեսանելի հեռանկարում այնքան բացահայտ է երևալու, որ «Ազատություն» ռ/կ-ն էլ չի կարողանալու չտեսնել: Մարդկանց համար չի կարող ընդունելի լինել ամեն առիթով իրենց գրպանը մտնող որևէ իշխանություն: Գա՞զն է էժանացել անցած ամիսներին, թե՞ էլեկտրաէներգիայի սակագինն է նվազել:
Գործազուրկ ու արտագաղթող դառնալու իրական վտանգի առաջ հայտնված 10000 մարդիկ ողջունո՞ւմ ու ընդունո՞ւմ են այն իշխանությունը, որը նպատակ է դրել իրենց հաստիքները կրճատել: Նախկին իշխանավորներից միլիոնավոր դոլարներ առգրաված, բայց թողակի բարձրացման միջոց չտեսնող իշխանությունից թոշակառուները գո՞հ են և ընդունո՞ւմ են այն իշխանությանը, որը իրենց ՀԴՄ հեքիաթներով է կերակրում: Երևի պետք է սպասել, որ կառավարության դիմաց կհավաքվեն հարյուրավոր նպաստառուներ՝ պահանջելով, որ իշխանությունները կտրեն իրենց նպաստը, քանի որ վարկի տոկոսներ են կարողանում փակել:
Գործարարները, մանր ու միջին բիզնես անողները, որոնց մեծամասնությունը ոգևորված էր Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելով, հիմա ինչի՞ց են գոհ: Հարկերը չեն նվազել, մի բան էլ ավել՝ որ պաշտոնյան տեղից ելնում է, հարկեր բարձրացնելուց է խոսում:
Իշխանությունը դեռ մի կարգին բան չսարքած, քանդելուն է իրեն լծվել:
Հարություն Մինասյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը