15 03 2019

Վարչապետը մինչ այս պահը դեռ միայն աշխատատեղ է կրճատել

Վարչապետը մինչ այս պահը դեռ միայն աշխատատեղ է կրճատել

Չհասցնելով գիտակցել, որ նոր իշխանության 11 ամիսների ընթացքում դեռ ոչ մի բան դեպի լավը չի փոխվել, միանգամից ավելանում են այն մարդկանց խմբերը, որոնք իրենց վրա զգում են, որ ամեն ինչ օրեցօր ավելի է վատանում։ Մարդիկ, որոնք 11 ամիս առաջ չէին էլ պատկերացնում, որ դա կարող է տեղի ունենալ, որ նման զգուշացումներին պատասխանում էին «սրանից վատ էլ ի՞նչ պիտի լինի», որ բացահայտ կամ մտովի աջակցում էին «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխությանը, այսօր դարձել են այդ «սիրո եւ հանդուրժողականության» զոհերը։ Նրանք արդեն հազարներ են, իսկ իրենց ընտանիքների հետ միասին՝ տասնյակ հազարներ։ Խոսքն աշխատանքը կորցրած կամ կորցնելուց «հինգ րոպե առաջ» գտնվող մարդկանց մասին է՝ թե՛ պետական համակարգում, թե՛՝ մասնավորում։

Մարդկանց առաջին մեծ խումը, որ զրկվեց աշխատանքից, Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի աշխատողներն էին։ Կոմբինատը փակվեց կառավարության կողմից բնապահպանական տուգանքն ավելացնելու պատճառով, որի հետեւանքով գործազուրկ դարձավ 630 մարդ։

«Թավշյա» կառավարության մեղքով կասեցվեց Ամուսլարի՝ վերջին տարիների ամենախոշոր ներդումային ծրագիրը՝ շուրջ 370 մլն դոլար արժողությամբ։ Աշխատանքից զրկվեց հանքավայրի շինարարական աշխատանքներում ընդգրկված մոտ 1200 մարդ։

Մարզերում սկսված աշխատատեղերի փակման շքերթը ընդգրկել է նաեւ մայրաքաղաքը։ Հենց այս օրերին Օպերայի շրջակայքի սրճարանների փակման հետեւանքով աշխատանքից զրկվեց, տարբեր հաշվարկներով, մոտ 300 մարդ։

Գրավատներին եւ փոխանակման կետերի պետտուրքը հարյուրավոր անգամներով բարձրացման հետեւանքով առանց աշխատանքի մնալու սպառնալիքի առջեւ է կանգնել 1300 մարդ։ Նրանք դեռ շարունակում են պայքարը պետտուրքի նման անտրամաբանական բարձրացման դեմ։

Բուքմեյքերական գրասենյակների դեմ օրենքի նախագիծ է պատրաստվում, որի հետեւանքով փոքր բուքմեյքերական գրասենյակները կփակվեն, ոլորտը կմենաշնոհվի հոօգուտ մեկ խոշոր ընկերության եւ ամենակարեւորը՝ եւս 300 մարդ կմնա առանց աշխատանքի։

Պետական համակարգում այսպես կոչված «օպտիմալացման» հետեւանքով փակվեցին եւ միավորվեցին նախարարություններ, որի հետեւանքով արդեն 200-300 մարդ ստացել են աշխատանքից ազատվելու մասին ծանուցագրեր։ Տարբեր ՊՈԱԿ-ներ են փակվել, որի հետեւանքով եւս մոտ 100 աշխատատեղ կրճատվել է։ Հրապարակվել է մշակութային մի շարք հաստատությունների փակման կամ միավորման նախագիծը, որի դեպքում նույնպես հարյուրավոր մարդիկ կզրկվեն աշխատանքից։

Սակայն ցավալին այն է, որ սա դեռ սկզիբն է։ Առաջիկա ամիսներին սպասվում է պետական համակարգի մոտ 10 000 աշխատատեղերի կրճատում, այսպես կոչված՝ կառավարության «կառուցվածքային բարեփոխումների» անվան ներքո։ Իշխող քաղաքական ուժի ներկայացուցչի բնորոշմամբ, այդ մարդիկ «շարիկ գլորողներ» են։

Երեւանի քաղաքապետարանում եւ նրա ենթակայության ձեռնարկություններում արդեն իսկ 100-ից ավելի աշխատողներ են կրճատվել։ Քաղաքապետը հայտարարել է, որ «օպտիմալացումը» շարունակվելու է։

Այսինքն, երբ խոսում ենք այս կառավարության եւ «հպարտ» քաղաքացիներին երկրային դրախտ խոստացած վարչապետի կատարածի մասին, պետք է փաստենք, որ այս պահի դրությամբ դա աշխաատեղեր կրճատելն է եղել։

Այս առթիվ արժե հիշատակել պետական համակարգից աշխատանքից ազատելը մասնավորում «աշխատանք գտնելու այլընտրանք» համարող նախարարի արտահայտությունը։ Թե որտե՞ղ կարող է լինել այդ այլընտրանքը, երբ զուգահեռաբար փակվում են թե պետական եւ թե մասնավոր աշխատատեղերը, վերոնշյալ «մտքի գիգանտին», ինչպես նաեւ նրա անմիջական «շեֆին», թերեւս հասանելի չէ։ Չստեղծելով ոչ մի այլընտրանք, չիրականացնելով տնտեսական աշխուժության ակտիվացման ոչ մի ծրագիր, աշխատատեղեր կրճատել, նշանակում է պարզապես մարդկանց մղել աղքատության, արտագաղթի, ընդվզման։

Նիկոլ Փաշինյանն ու դիլետանտների իր թիմը գոնե տարրական պատկերացում ունենային այն մասին, որ աշխատատեղեր կրճատելով ոչ միայն մարդկանց են հասցնում ծայրահեղ ծանր վիճակի, այլեւ տնտեսական ակտիվությունն են սահմանափակում։ Կրճատված հազարավոր մարդիկ այլեւս չեն կարող կատարել այն ծախսերը, որ կատարում էին աշխատանք ունենալիս։ Դա նշանակում է, որ կնվազեն առեւտրի, ծառայությունների, արդյունաբերության ծավալները, քանի որ մարդիկկ կսկսեն ավելի քիչ, ավելի երկար ժամանակհատվածի համար ապրանքներ գնել եւ ծառայություններից օգտվել։ Դա էլ նշանակում է, որ այդ ոլորտներում էլ իրենց հերթին աշխատատեղեր կկրճատվեն, քանի որ ծավալների նվազումը անխոսափելիորեն բերելու է դրան։ Այդ ամենը իր բացասական ազդեցությունն է ունենալու բյուջետային մուտքերի վրա։ Եվ, ի վերջո, այդ ամենը բերելու է տնտեսական անկման, որն այսօր արդեն տեսանելի է՝ հակառակ վիճծառայության սրբագրումների եւ որից դուրս գալը շատ ավելի մեծ ջանքեր է պահանջվելու Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հաջորդող իշխանության համար։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ