Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներն ամենօրյա բնույթ են կրում։ Օրերս ցույց էին անում գազավորված ըմպելիքներ արտադրողներն ու գրավատների ներկայացուցիչները, մարտի 14-ին՝ դարձյալ գրավատների ներկայացուցիչները, 4-րդ կարգի վթարային շենքում բնակվողները, անգամ՝ քոլեջի ուսանողներ։ Մարտի 14-ը նշանավորվեց Փաշինյանի իշխանության համար նաև ոստիակության կողմից ցուցարարների նկատմամբ բռնություններով։
Իրենց պահանջը ներկայացնելուն զուգահեռ ցուցարարները հիմնականում նշում էին, թե ամեն կերպ պայքարել են հեղափոխության համար, փողոց են փակել, երթերի մասնակցել։ Մեկն անգամ համեմատություն արեց, թե կտրեցի ճյուղը, որի վրա նստած էի, քանի որ նախկին իշխանությունը, որից, իր խոսքով, բողոքում էին, ավելի լավն էր և բիզնեսին չէր նեղում այնպես, ինչպես հիմա։ Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը գրավելու համար անգամ «դըմփ-դըմփ-հու»-ի հայտնի շոուն փորձեցին բեմականացնել, բայց չստացվեց․ դրա անգերազանցելի վարպետներն այս անգամ, դրսում չէին։
Բողոքի ակցիաները շատ են՝ Տաքսու վարորդների ակցիան, նոր իշխանավորների նշանակած անձանցից դժգոհների ակցիաները, պարգևավճարների վերադարձի համար բողոքը, 25 կիլոգրամից ավելի բեռ սահմանն անցկացնել չկարողացողների բողոքը, փողոցային առևտրի արգելման դեմ բողոքը, նախարարությունների աշխատակիցների բողոքները՝ կրճատումների դեմ, սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքը, նարգիլեի ոլորտում աշխատողների բողոքը, անգամ զինվոր կորցրած մայրերի բողոքը, որոնց խնդիրը թվում էր, թե նոր թափով է սկսելու քննարկվել, քանի որ պաշտոնական հայտարարություն եղավ, բայց իրականում արագ նաև մարեց և այդպես շարունակ։
Այս ամենին որպես արձագանք կամ, ինչպես ասում են, բերանը փակելու միջոց, իշխանությունն ասում է՝ սպասիր, հպարտ ժողովուրդ, նախկինի ապաշնորհ քաղաքականությունից ենք ձերբազատվում։
Երբ Նիկոլ Փաշինյանն իրեն առաջադրեց վարչապետի միակ՝ առանց քննարկման թեկնածու, հրապարակում հավաքվածներից շատ-շատերը գրեթե միաբերան համաձայնեցին՝ հիմնավորելով, թե ազնիվ է, երիտասարդ է, ժողովրդի մասին է մտածում։ Առավել հեռատեսներն ահազանգում էին, որ ազնվությունը քիչ է, փորձն ու թիմն է կարևոր․ շուտով երկիրը վարի կտան։ Այն ժամանակ հօգուտ Նիկոլի կոկորդ պատռող անհեռանկար լավատեսներն այսօր, արդեն, քիչ-քիչ գալիս են նույն հոռետեսների մոտ աչքերը բացելու դասընթացների, թե բա՝ ի՞նչ գիտեիր։ Բայց չէ՞ որ, ակնհայտ էր, որ երկիր կառավարելը, այն էլ՝ բազում չլուծված խնդիրներով, հմտություն է պահանջում, գիտելիք, ճիշտ կողմնորոշվելու ունակություն, կամքի ուժ՝ վեր դնելու պետության շահը անձնական և խմբակային բարդույթներից։ Դա չափազանց բարդ է և բոլոր ղեկավարները չէ, որ ունեն այդ հատկությունները։ Ցավոք, մեր երկրի այսօրվա ղեկավարն հենց այդ հատկությունները չունեցողներից է։
Եթե գործած սխալների արդյունքն անդրադառնա բացառապես Փաշինյանի և թիմակիցների վրա, կասենք ոչինչ, հերն էլ անիծած, կդիմանան, ի վերջո՝ Ղարաբաղյան պատերազմ ու Լևոն Տեր-Պետորսյան տեսած երկիր է։ Բայց այդ սխալներն ազդում են բոլորի ու ամեն ինչի վրա։ Ուղղակի մամուլի կամ ընդդիմադիրների քննադատությունը չէ, որ հակադրվում են այդ սխալներին, այլ սկզբնավորվում են կոնկրետ իրավիճակներ, որոնք երկրի ներսում հանգեցնում են քաղաքացիների կյանքի որակի փոփոխության՝ դեպի վատը․ գներն են աճում, աշխատանքից ազատվում ես դու կամ մտերիմդ կամ երկուսդ միասին, օրերի տարբերությամբ, նոր աշխատատեղ չի բացվում՝ չնայած վարչապետի հայտարարությունների, առաջարկվող աշխատանքն էլ ցածր է վարձատրվում, ծախսերդ չեն բավականացնում և այդպես շարունակ։ Ստիպված մի օր սկսում ես ավելի շատ պարտք անել, քան այն ժամանակ անում էիր ու բողոքում։ Վատագույն դեպքում թողնում ես երկիրդ, քո փոխարեն գալիս են մեր բարեկամ Հնդկաստանի երեք քաղաքացի, և վարչապետը, որ խնդիրները չտեսնելու սովորություն ունի, հայտարարում է, թե մարդկության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում ներգաղթ է եղել։
Երբ վարչապետը սխալվում է արտաքին աշխարհի հետ շփվելիս, ճնշումներն են ավելանում, ներդրումներ չեն լինում, տնտեսությունը գահավիժում է, մեծանում է պատերազմի վտանգի հավանականությունը։ Բազմապատիկ։
Հիմա հասկանո՞ւմ եք՝ որքան արագ կարող է կյանքը վատանալ, երկիրը՝ գնալ վատ ուղղությամբ։ Ու գնում է, այն աստիճանի արագ, որ ձախողումները հասկանում են նույնիսկ քաղաքականությունից շատ հեռու մարդիկ ու պրոֆեսիոնալ լավատեսները։
Մարդկանց մի մասը վախենում է խոստովանել, որ սխալվել է, բացում է կադրերը, որոնցում ինքն է՝ 2018 թվականի ապրիլին Հանրապետության հրապարակում կոկորդ պատռելիս ու ափսոսում է, որ ինքն էնտեղ էր, անգամ ամաչում է իր քայլի համար։ Բայց վախենում է խոստովանել, վախենում է ի սկզբանե այս թիմին չհավատացողների պարսավանքից։ Կան նաև մարդիկ, որ հավատում են հրաշքի, վարչապետի կախարդական փայտիկին, որով պետք է բյուջեն 30 տոկոսով ավելանար, տնտեսությունն էլ թռիչքներ աներ։ Բայց պարզվեց այդ փայտիկով հնարավոր է միայն ծաղիկ ու գիրք նվիրել, այն էլ՝ միայն մասնագիտական տոներին։
Խնդիրը բնավ այն չէ, թե ով երբ է հասկանալու վիճակի ողբերգական լինելը։ Խնդիրն ավելի խորն է։
Պատկերացնենք մի անհնարին իրավիճակ․ Փաշինյանի կառավարությունը հասկանում է, թե ուր է հասցրել մեզ բոլորիս ու իրենց՝ մեզ հետ միասին, ու հրաժարական է տալիս-գնում է։ Պատկերացրեցի՞ք։ Ի՞նչ կանի հանրությունը։ Այդ նույն խմբերը, որոնք պաշտպանել են և թեկուզ հիասթափվել, իրավիճակը դժվար թե խորապես կարողանան վերլուծել՝ հասկանալու համար, որ չէր կարելի այդ տեսակի արկածախնդրության գնալ՝ երկիրը վստահելով դիլետանտների։ Պարզապես չէր կարելի մեր, մեր երեխաների ու ծնողների կյանքը, ապագան վստահել պատահական մարդկանց, որոնք էլ չասենք ում ազդեցությունների տակ են գործում։ Բայց չեն հասկանա, դեռ շուտ է, անհրաժեշտ է մի փոքր ավելի երկար ժամանակ անցնի, այդ ձախողումները դեռ շատ դռներ կթակեն։ Այլ տարբերակ ուղղակի չկա։
Փաշինյանը պետք է մնա իշխանության, նրա ու թիմի սարքած «աջեբսանդալը վայելելու» հաճույքը պետք է զգա ժողովրդի մինչև վերջին միամիտ ներկայացուցիչը։
Դա պարտադիր է, այլապես հաճախ է կրկնվելու։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը