12 03 2019

Տհաճ անակնկալ․ հարկերն ու տուրքերը բարձրանում են մեկը մյուսի հետևից

Տհաճ անակնկալ․ հարկերն ու տուրքերը բարձրանում են մեկը մյուսի հետևից

«Թավշյա» իշխանությունը շարունակում է տհաճ անակնկալներ մատուցել՝ մեկը մյուսի հետևից բարձրացնելով հարկերն ու տուրքերը։ Ակցիզային հարկի նախատեսվող բարձրացումից, հաշվապահական և փաստաբանական ընկերություններին ավելացված արժեքի հարկով հարկելու ձախողված նախաձեռնումից, քաղաքային իշխանության կողմից Երևանում հարկերի և տուրքերի բարձրացումից հետո, հիմա էլ փորձ է կատարվում լրացուցիչ գումարային բեռ դնել արտարժույթի փոխանակման կետերի, գրավատների և վարկային կազմակերպությունների վրա։ Խոսքը մոտ 140 գրավատների, 200 փոխանակման կետերի և 40 վարկային կազմակերպությունների մասին է։

Համաձայն կառավարության նախագծի, նախատեսվում է փոխանակման կետերի ներկայիս տարեկան միանվագ 50 հազար դրամ պետտուրքը դարձնել 3 մլն դրամ, գրավատներինը՝ ներկայիս 100 հազար դրամ պետտուրքը՝ 6 մլն դրամ, վարկային կազմակերպություններինը՝ ներկայիս 3 մլն դրամ պետտուրքը՝ 7 մլն դրամ։ Ինչպես երևում է պետտուրքի բարձրացումը շեշտակի է լինելու՝ դրանից բխող հետևանքներով։ Այն արդեն առաջացրել է այս ոլորտներում ներգրավվածների դժգոհությունը, ըստ որոնց, այդ դեպքում բազմաթիվ նման կազմակերպություններ կփակվեն և հարյուրավոր մարդիկ կհամալրեն գործազուրկների շարքերը։ Ի՞նչ խոսք, հիմնավոր փաստարկ է։ Հատկապես այն պարագայում, երբ ընթանում է պետական համակարգի աշխատողների կրճատման գործընթաց, որի վերջնարդյունքում նշում են մոտ 10 հազար մարդու գործազուրկ դառնալու հեռանկարի մասին, նրանց անվանելով «շարիկ գլորողներ»։ Այսինքն, կառավարության քայլերի հետևանքով ոչ միայն պետական համակարգի աշխատողները չեն կարող նոր աշխատանք գտնել մասնավոր հատվածում, այլև հենց մասնավոր հատվածում են աշխատատեղեր փակվում։

Այս ամենի հետևանքով ռիսկեր են առաջանում նաև մեր բոլորի համար։

Նախ՝ ներկայիս մրցակցային դաշտը կսահամանափակվի։ Այդ դեպքում, փոխանակվող արտարժույթի առքի ու վաճառքի միջակայքը ավելի մեծ կլինի։ Այսինքն, բանկերն ու այն փոխանակման կետերը, որոնք կշարունակեն գործել, ավելի ցածր գնով արտարժույթ կգնեն և ավելի բարձր գնով կվաճառեն։ Մի կողմից հրաշալի հնարավորություն է ստեղծվում հակամրցակցային համաձայնության գալու համար, մյուս կողմից՝ բարձր պետտուրքը վճարելու համար բանկերն ու փոխանակման կետերը հարկադրված կլինեն ավելի բարձր շահույթ ստանալ հենց այդ ձևով։

Նույնը գրավատների դեպքում։ Նրանք, որոնք կշարունակեն գործել, դարձյալ կբարձրացնեն գրավով գումար տրամադրելու տոկոսադրույքը, կավելացնեն գրավի չափը և կիջեցնեն նրա արժեքը։ Գաղտնիք չէ, որ որքան պակասեն որևէ ոլորտում գործող ընկերությունները, այնքան մրցակցությունը կթուլանա, քաղաքացիներին առաջարկվող ծառայություններն էլ կթանկանան։ Պետտուրքի բարձրացումն էլ կխթանի դա։

Պետտուրքի բարձրացման դեպքում հավանական է նաև, որ վարկային կազմակերպությունները ևս կվերանայեն իրենց կողմից տրամադրվող վարկերի տոկոսները՝ բնականաբար բարձրացնելու ուղղությամբ։ Թեև նրանց համար գումարը այդքան շեշտակի չի բարձրացվում, բայց ամեն դեպքում ավելի քան կրկնակի չափով բարձրացումը չի կարող անհետևանք մնալ։

Եվ վերջապես, ամենակարևորը, որ կարծես թե չեն գիտակցում ինչպես վերոնշյալ կազմակերպությունների, այնպես էլ մինչ այդ, ներկայում և ապագայում կառավարության նման քաղաքականության դեմ բողոքողները։ Կառավարության որևէ նախագիծ, հատկապես եթե այն շոշափում է հարյուրավոր կամ հազարավոր մարդկանց շահերը, չի կարող ներկայացվել կամ առավել ևս հաստատել առանց վարչապետի գիտության և համաձայնության։ Առավել ևս, եթե այդ վարչապետը միանձնյա որոշումներ կայացնող Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն, հենց նա է նման նախագծեր նախաձեռնողը։ Հետևաբար, բողոքի գործողություններ անելիս, դժգոհությունը պետք է ճիշտ հասցեով ուղղել, այլ ոչ թե փորձել համոզել շրջապատին և իրենք իրենց, թե ինչ որ անհայտ պաշտոնյա է որոշում այս կամ այն անցանկալի նախագիծը ներկայացնել, իսկ ահա «բարի վարչապետը» դրանից անտեղյակ է։

Դժվար չէ կռահել, որ մեկը մյուս հետևից տարբեր ոլորտներում հարկերի և տուրքերի բարձրացման նախագծերը պատահական չեն և հարկերի հավաքման հարցում լուրջ դժվարությունների առջև կանգնած կառավարությունը փորձում է բյուջեի մուտքերն ապահովել։ Այս կացությունը հետևանք է կառավարության տնտեսական քաղաքականության բացակայության և տնտեսական վիճակի վատթարացման։ Վիճակ, որը շարունակվելու միտում ունի և որը բերելու է հարկային եկամուտների նվազման։ Այդ կացությունում կառավարությունը փորձելու է հարկեր գանձել տնտեսվարողներին «խեղդելու» միջոցով, դիմելով կամ հարկերի բարձրացման, կամ այսպես կոչված «ստվերը բացահայտելու» ստուգումների։ Սա «նոր» Հայաստանի մերօրյա իրողություններից է։

Արա Մարտիրոսյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ