05 03 2019

Շինարարներն էլ չեն վստահում

Շինարարներն էլ չեն վստահում

Հայաստանյան տնտեսությունը 2018թ.-ին աճել է 5.2 տոկոսով: Պաշտոնապես։ Այդ 5.2 տոկոսի զգալի մասն ապահովվել է տարվա առաջին հատվածում, երբ հեղափոխության հարվածներն իրենց ողջ ծավալով դեռ ի հայտ չէին եկել:

Այդ 5.2 տոկոսի ապահովման հարցում, գոնե պաշտոնական վարկածով զգալի է եղել նաեւ շինարարության դերը: Այդ ոլորտի դերը ավելի ճիշտ պատկերացնելու համար հիշեցնենք, որ 2009թ. Տնտեսական ճգնաժամի ընթացքում հիմնական հարվածը բաժին հասավ հենց շինարարությանը, որն էլ հանգեցրեց ընդհանուր տնտեսության ավելի քան 14 տոկոսանոց անկման: Եվ անցած տարի էլ շինարարությունը ՀՆԱ-ի կառուցվածքում ունեցել է 6.8 տոկոս մասնաբաժին, ասել է, թե տարեկան կտրվածքով այդ ոլորտին վիճակագրության վերագրած 4.5 տոկոս աճը պետք է, որ նկատելի տեղ ունենար տնտեսության աճի մեջ:

Նույն պաշտոնական տվյալներով, այս ոլորտում եւս, ինչպես գործնականում բոլոր մնացածում, աճի հիմնական մասը բաժին է հասել տարվա առաջին հատվածին: Այդ թվում` առաջին եռամսյակում` 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարությունում արձանագրվել է 23 տոկոս աճ, երկրորդում, երբ «հեղափոխական բարիքներն» արդեն գործարար դասին զուշանալու մեսիջներ էին հղում, արդեն 9.1, եւ դրանով հանդերձ էլ` առաջին կիսամյակում` 2017թ. առաջին կիսամյակի համեմատ, կար 13.5 տոկոս աճ: Բայց ահա երրորդ եռամսյակից պատկերը կտրուկ փոխվում է. ընդամենը 2 տոկոս աճ, որը չորրորդում` 2017թ. չորրորդ եռամսյակի համեմատ հասնում է 0.7 տոկոսի:

Իհարկե, տնտեսության ցանկացած ոլորտում տարեսկզբի 23 տոկոս աճի 22.3 տոկոսային կետը կորցնելը խայտառակություն է ամեն մի կառավարության համար: Բայց նաեւ պակաս կարեւոր չէ հասկանալը, թե որտեղից եկավ այդ անկումը: Հայաստանյան շինարարությունն իրականացվում է երեք հիմնական աղբյուրների հաշվին:

  1. Պետբյուջե, որին բաժին է ընկնում մոտ 1/3-ից ավել, եւ անցած տարվա դրությամբ` մոտ 422 մլրդ դրամից` մոտ 120-ը:
  2. Բնակչության հաշվին, որի մասնաբաժինը մոտ 20-25 տոկոսի չափով է, իսկ 2018թ.-ին` մոտ 105 մլրդ:
  3. Կազմակերպությունների միջոցների, որը հիմնականն է. անցած տարվա մասնաբաժինը մոտ 183 միլիարդ է:

Այսպես, պետբյուջեի հաշվին շինարարության մասով անցած տարվա համար ներկայացված է 9.8 տոկոս աճ, բնակչության մասով` 5.4, իսկ ահա ապա կազմակերպությունների մոտ շինարարության աճը հազիվ 1.2 տոկոս է: Եվ հասկանալի է. պետբյուջեի եւ բնակչության հաշվին շինարարական աշխատանքները ծրագրվում են կանխավ եւ ողջ տարվա կտրվածքով: Օրինակ`պետական ֆինանսավորմամբ խոշոր նախագծերում, ասենք` ճանապարհաշինությունում պետբյուջեն ունի հստակ պարտավորություններ, որոնք սահմանված էին դեռ 2017թ.-ին` բյուջեի ընդունման ժամանակ: Այսինքն, այս ծախսերը քաղաքական խնդիրներից տարանջատված են, եւ հիմնականում պետք է արվեին` անկախ օրվա իշխանությունների ով լինելուց: Այսինքն, այս մասով տատանումներ տարվա ընթացքում համեմատաբար քիչ են: Ու հաշվի առնելով անցած տարեվերջին, այնուամենայնիվ, ընդհանուր շինարարությունը, ինչպես նշեցինք, ունեցել է խիստ բացասական դինամիկա։ Մնում է արձանագրել, որ այն հիմնականում տեղի է ունեցել ոլորտի բիզնես հատվածի պասիվության պատճառով: Այսինքն, այստեղ բացարձակ անկումներ են: Եվ այդ փաստը, որ տարվա երկրորդ հատվածում մասնավոր կառուցապատողների մոտ գերանկումներ են, միանգամայն ծանր հետեւությունների տեղիք են տալիս: Սա հենց այն ուղղությունն է, որը նախ` ներգրավում է մասնավոր ներդրումներ, եւ անկումները վկայում են, որ շինարարական բիզնեսը եւս անցած տարվա կեսերից հետո աստիճանաբար գնացել է ներդրումների սառեցման, ինչը նշանակում է գործող իշանությունների նկատմամբ զգուշավորությունից անցում խորը կասկածամտության: Իսկ դա ակնարկ է, որ այս տարվա ընթացքում եւս շինարարությունում բիզնես-ներդրումների մասով լուրջ խնդիրների պետք է սպասել:

Եվ երկրորդը. հենց այս ներդրումներն են, որոնք ապահովում են շինարարության ոլորտի աշխատատեղերի հիմնական մասը: Արդյունքում, եթե չկան ներդրումներ, չի լինի շինարարություն, այսինքն` չեն լինի նաեւ աշխատատեղեր: Իսկ շինարարը, աշխատանքային հեռանկար չտեսնելով, չի հապաղելու «խոպանի» ճանապարհը բռնել։

Քերոբ Սարգսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ