Հայկական բանտերում հետհեղափոխական շրջանում կալանվածների թիվը կազմել է 2266 մարդ, ինչը զգալիորեն քիչ է, քան հետհեղափոխական Վրաստանում։ Այս մասին ասել է Վրաստանում սեմինարից վերադարձած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։
Բավականին բարձր ցուցանիշ է, ինչի համար կարելի է շնորհավորել «այլևս ժողովրդավար» Հայաստանին։ Բայց այս լավ ցուցանիշների հետևում ի՞նչ նպատակ է թաքնված ու ի՞նչ ապագա է խոստանում այս իրավիճակը։
Օրինակ՝ 2018-ի տարեվերջին Հայաստանուկմ կատարվեց մեծ համաներում՝ Երևանի 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ։ Հունվարի 30-ի դրությամբ, արդեն, 581 ազատ արձակկվածներից 30-ը հանցագործություն էին են կատարել։ Ընդ որում՝ 42 հանցագործություն։
Իսկ փետրվարի 28-ին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ համաներմամբ ազատվածներից 58-ը 104 հանցագործություն են կատարել։ Այսինքն, մեկ ամսում բազմապատկվել է համաներվածների հանցավոր գործունեությունը։
Իհարկե, կա սոցիալական հարցը, մանավանդ դատապարտվածի համար աշխատանքի տեղավորման դժվարությունները, ինչը բերում է նոր հանցագործության։ Բայց գլխավորը դա չէ։ Բանն այն է, որ Հայաստանի բանտերը ուղղիչ դեր չեն կատարում։ Հայաստանի արդարադատության նախարարը Արտակ Զեյնալյանը չէ, ուզում է՝ Լենա Նազարյանը լինի, բանտապետերն էլ Թագուհի Ղազարյանն ու Նիկոլ Փաշինյանի մշակութասեր աներձագը, միևնույն է՝ այդ հաստատությունները մարդուն մարդ չեն դարձնում, ոչ էլ մարդ են պահում։ Դրանք մարդուն քայքայող, նվաստացնող կառույցներ են, որտեղ մարդ ընկնելով՝ չի կարող վերադաստիարակվել, զարգանալ, դուրս գալ շեղված ուղուց՝ որոշ բացառություններով։ Ու այնտեղ ընկնողը եթե դատապարտվել է օրինակ, ոչ ծանր հանցանքների համար կամ զոհ է պատվերով արդարադատության, նա մեծ հավանականություն ունի որպես հանցագործ դուրս գալու։ Կամ էլ ընդհանրապես դուրս չի գալիս, իսկ վատագույն դեպքում՝ դուրս են բերում։
Ինքս ընդամենը մեկ դեպք եմ հիշում, երբ հանրությանը ճանաչված գործիչ է բանտ ընկել, և փաստաբանները չեն հայտնել նրա առողջական վիճակի վատթարացման մասին։ Պատճառն էլ այն է, որ նա պահանջել է իրեն տրամադրել մարզասարքեր։ Բայց մշտապես լսում ենք, որ վատացել է բանտ ընկածների առողջությունը։ Որովհետև հենց պայմաններն են այդպիսին՝ մարդուն քայքայել ֆիզիկապես ու մյուս բոլոր առումներով։
Մեկ այցը մեր քրեակատարողական հիմնարկներ բավական է, որպեսզի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթների խախտման մասին արձանագրություններ կազմեն:
Այ սրա վրա է, որ լրջորեն չի աշխատել Հայաստանի որևէ արդարադատության նախարար։
Բոլորովին չենք զարմանա, եթե վաղը բանտերից այդ 2266 անձանցից կեսին էլ հանեն կամ, ասենք, հանցագործներին կալանավորեն բացառիկ դեպքերում՝ ցույց տալու համար, թե, տեսեք, նոր իշխանության օրոք հանցագործություներ չեն լինում, նոր իշխանությունն ավելի մարդասեր է, քան Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի օրոք էր։ Բայց դա, վստահաբար, խնդրի լուծում չի լինի։
Այսօրվա իշխանությունը պարտավոր է բանտերը կարգավորել, մանավանդ որ բոլորովին վստահություն չկա, որ նրա առանձին գործիչներ չեն հայտնվի դրանցում։ Պոտենցյալ ունեն։ Արդեն կան կալանավորվածներ։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը