27 02 2019

Ինքդ քեզ հարցրու, իսկ դու և կառավարությունն ի՞նչ եք արել մարդկաց համար

Ինքդ քեզ հարցրու, իսկ դու և կառավարությունն ի՞նչ եք արել մարդկաց համար

Նիկոլ Փաշինյանի գրառումը` մի ասա թե ի՞նչ է արել կառավարությունը քեզ համար, այլ ասա, թե դու ի՞նչ ես արել քեզ համար, ոչ այլ ինչ էր, քան պատասխանատվությունից խուսափելու և նախկինում տված խոստումները դրժելու հերթական դեպքը։ Մինչ այդ վարչապետի պաշտոնում հայտնված մարդն ավելի կոշտ ուղերձ էր հղել իր «հպարտներին»՝ ասելով, որ աղքատությունը մարդու գլխի մեջ է։ Չենք ցանկանում հիշեցնել նախկինում, մինչև իշխանությունը գրավելը Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու հայտարարությունները։ Վարչապետ դառնալու սկզբնական շրջանում էլ դրանց պակասը չկար, իսկ ահա վերջին ամսիներին տոնայնությունն արդեն սկսեց փոխվել։

Կառավարության ծրագրում հայտարարելով «ամբիցիոզ խնդիրներ» իրենց առջև դրած լինլեու մասին, աղքատության մասով նշվել էր ընդամենը «Հայաստանում պետք է արմատախիլ արվի ծայրահեղ աղքատությունը, պետք է կրճատվի աղքատությունը» արտահայտությունը։ Սա այն դեպքում, երբ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում, որին վարչապետն այդպես էլ մինչ օրս չի անդրադարձել, արձանագրվել էր, որ 2017-ին արդեն իսկ աղքատությունը կրճատվել է 3,7 տոկոսով, իսկ ծայրահեղ աղքատությունն իջել է 3,1 տոկոսով և հասել 1,4 տոկոսի։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ազատված է ծայրահեղ աղքատությունն «արմատախիլ անելու» հոգսից՝ նախորդ իշխանութէյան ժամանակ դա գրեթե արվել է։ Այլ է խնդիրը աղքատությունը կրճատելու խոստման դեպքում։ Բացառապես բարձր տնտեսական աճի շնորհիվ դա պետք է տեղի ունենա, իսկ քանի որ նման աճ չկա, աղքատության քիչ թե շատ նշանակալի կրճատում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարող անել։ Ուստի, վերջինիս մնում է միայն մարդկանց ասել՝ տեսեք ձեր գլխի ճարը և ինձանից ակնկալիք մի ունեցեք։

Ինչ վերաբերվում է «աղքատությունը գլխի մեջ» լինելուն, ապա նման հայտարարություններ անելուց առաջ վատ չէր լինի ուսումնասիրել, թե ի՞նչ է աղքատությունը, ի՞նչ շերտեր, բաղադրիչներ, բնորոշումներ ունի և ի՞նչ մեթոդաբանությամբ է այն հաշվարկում։ Վարչապետի պաշտոնում հայտնված մարդը պետք է այս ամենին ծանոթ լինի։ Սակայն Նիկոլ Փաշինյանը դրա ժամանակը չունի, նա տարված է հանրահավաքներ ու երթեր անելով, պետության ներսում խառնաշփոթ ստեղծելով, քաղաքական համակարգում ռեպրեսիաներ կիրառելով։

Մինչ մարդկանց աշխատելու ցանկության բացակայության մեջ մեղադրելը, կառավարությունը նախևառաջ պետք է ապահովի այն պայմանները, որոնք հնարավորություն կտա բիզնեսին ներդրումներ կատարել և ստեղծել նոր աշխպատատեղեր։ Թե ի՞նչ ողբերգական վիճակ է ներդրումների առումով, երևի թե չարժե հերթական անգամ ասել։ Սակայն արժե մեկ անգամ ևս ասել, որ աշխատատեղերի համատարած փակման պատճառով, այդ թվում կառավարության ուղղակի և անուղղակի մեղավորությամբ, չի կարելի մարդկանց ասել, ինչու չե՞ս աշխատում։ Ենթադրենք մարդը 30 տարի աշխատել է պղնձաձուլարանում և գիտի միայն պղինձ ձուլել, ապրում է այն քաղաքում (Ալավերդում), որը ստեղծվել է պղնձաձուլարանի շուրջ, ի՞նչ պետք է անի նա, երբ կառավարության տուգանքի պատճառով ձեռնարկությունը փակվում է և իր պես 630 աշխատակիցներ դառնում գործազուրկ։ Իր հայտնի գրառումները կամ հայտարարություններ անելիս Նիկոլ Փաշինյանը մտածե՞լ է այս մասին։ Հաստատապես՝ ո՛չ։ Ավելին, Դսեղ գյուղ գնալիս, նա արհամահրեց և չցանկացավ հանդիպել կոմբինատի փակման կապակցությամբ բողոքի ցույցի դուրս եկած ալավերդցիների հետ, նախընտրելով Երևանից ուղղաթիռով գնալով Հովհաննես Թումանյանի ծննդավայր։

Երբ մասնավոր հատվածում փակվում են արտադրություններ, առևտրի ու սպասարկման օբյեկտներ, իսկ պետականում կրճատվում են նախարարություններ, ի՞նչ պետք է իրենք իրենց համար անեն հազարավոր գործազուրկ մարդիկ։ Նիկոլ Փաշինյանի ասածը ճիշտ կլիներ միայն այն դեպքում, երբ Հայաստանում լիներ աշխատատեղերի ավելցուկ։ Ընդ որում, ոչ թե օրական 10-12 ժամ աշխատանքի դիմաց ամսական 70 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղեր, այլ առողջության համար քիչ թե շատ տանելի պայմաններով և վարձատրությամբ։

Հակադարձելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հետևյալ ասենք նրան՝ մի ասա, թե ի՞նչ է արել մարդն ինքն իր համար, այլ ինքդ քեզ հարցրու, թե դու և կառավարությունն ի՞նչ եք արել մարդկանց համար։ Եթե այս հարցն ինքն իրեն չի տալիս երկրի ղեկին հայտնված մարդը, ապա հարց է առաջանում, այդ դեպքում ո՞րն է կառավարության գոյության իմաստն ընդհանրապես։ Եվ վերջապես, ինչո՞ւ սեփական ջանքերով աղքատությունից դուրս գալու խորհուրդ Նիկոլ Փաշինյանը չէր տալիս մինչև իր իշխանության գալը։ Ոչ միայն նման խորհորդ չէր տալիս, այլև իր խմբագրած թերթում ծաղրի էր ենթարկում 2000-ականների երկնիշ տնտեսական աճը և աղքատության շեշտակի տեմպերով կրճատումը։

Հիշեցնենք, որ ընդամենը 5-6 տարվա ընթացքում մինչև 2008 թվականը Հայաստանում աղքատությունը 53,5 տոկոսից իջավ մինչև 27,6 տոկոսի։ Եվ հենց այդ՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին մարդիկ ունենին աղքատությունից դուրս գալու հնարավորություն, որը ստեղծում էր նրանց համար և դուրս էին գալիս դրանից։ Սակայն անգամ այդ պարագայում, աղքատությունից դուրս գալու իրական հնարավորություն ժողովրդին տված երկրի ղեկավարը արհամարական մոտեցում չէր ցուցաբերում սեփական ժողովրդի հանդեպ և նման հայտարարություններ չէր անում։ Մնում է այդ նույն ժողովուրդը իրերին և ղեկավարներին համարժեք գնահատական տա և իր եզրակացություններն անի։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ