2018-ին հայաստանյան տնտեսության, մեղմ ասած, տխուր պատկերի ֆոնին ՀՀ վիճակագրական կոմիտեն վերջապես ներկայացրեց նաև 2019-ի հունվարին արձանագրված իրավիճակը: Միայն այն, որ այն հրապարակվեց սովորականից մի քանի օր ուշ, գալիս է հուշելու, որ վիճակագիրները մի լավ տանջվել են, բայց կարծես դա էլ չի ստացվել:
Այսպես, ինչպես միշտ, մեր երկրում տնտեսական ակտիվությունը, գոնե վիճակագրորեն, պարզապես փայլում է` անցած տարվա հունվարի համեմատ ներկայացրել են 6.1 տոկոս աճ: Միայն թե տեսանելի չեն ոլորտները, որոնք կարող էին տնտեսությունն այդպես ակտիվացել: Ավելին, առանցքային ոլորտներում ոչ թե ակտիվացում, այլ` նահանջ է, և որոշ դեպքերում` խորը ճգնաժամային:
Սկսենք առանցքային ճյուղից` արդյունաբերություն: Այստեղ ունենք 0.4 տոկոս անկում` անցած տարվա հունվարի համեմատ: Եվ դա այն դեպքում, երբ անցած տարվա նույն ամսին ֆիքսվել էր 13.9 տոկոս աճ: Ահա և «տնտեսական հեղափոխությունը»` արդյունաբերական աճի դինամիկայի 14.3 տոկոսային կետով նվազում: Էլ չասած, որ անգամ այդ 0.4 տոկոսանոց անկումն է տարակուսելի: Նկատի ունենք հետևյալ փաստը. նույն վիճակագրությունն արձանագրել է, որ անցած տարվա հունվարի համեմատ Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 26.3 տոկոսով: Հայտնի փաստ է, որ հենց արդյունաբերությունն է էլեկտրաէներգիայի հիմնական սպառողը: Եվ եթե այդ 26.3 տոկոս անկման դիմաց ունենք արդյունաբերության ընդամենը 0.4 տոկոս անկում, ապա պետք է կամ լուրջ կասկածի տակ առնել վերջին ցուցանիշի իսկությունը, կամ` գալ հետևության, որ հայաստանյան արդյունաբերությունը սովորել է էներգիայի էական խնայողություններով արտադրանք թողարկել: Եթե այս վերջին տարբերակը լիներ, էլ ի՞նչ դարդ կունենայինք:
Գանք տնտեսության հաջորդ կարևոր ուղղությանը՝ գյուղատնտեսությանը: Թող տարօրինակ չթվա, սակայն այստեղ X-եր են` թվեր չեն ներկայացրել: Բացատրությունը սա է` հետայսու գյուղատնտեսական ցուցանիշները կներկայացվեն եռամսյակային կտրվածքով` «պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ»: Բացատրել են, թե` «Սույն մոտեցումը կիրառվում է միջազգային վիճակագրական պրակտիկայում»: Այսինքն, եթե անցած տարիներին գյուղատնտեսական ցուցանիշներն ամեն ամիս ներկայացվում էին, այդ «բնակլիմայական պայմաննե՞րը» չկային, թե՞ միջազգային փորձից էին անտեղյակ: Բայց, հաշվի առնելով գյուղատնտեսության այն խայտառակ դինամիկան, որն արձանագրել են վիճակագիրները` անցած տարվա կեսից սկսած, ավելի հավանական է թվում, որ որոշել են «միջազգային փորձին» անցնել, քանի որ, եթե նորից նույնքան խայտառակ ցուցանիշներ հրապարակվեն, ապա պատկերացնո՞ւմ եք, թե «տնտեսական հեղափոխություն» գովազդային արշավն ինչ տրագիկոմեդիկ տեսք կստանար:
Վերջապես հասնում ենք «տնտեսական հրաշքին»` շինարարությունում 22.1 աճ կա: Այն դեպքում, երբ անցած դեկտեմբերին` 2017թ. դեկտեմբերի համեմատ ներկայացվել էր ընդամենը 1.2 տոկոս աճ: Այսինքն ի՞նչ, տարին փոխվեց, և բոլորը սկսեցին «կատաղած» շինարարությո՞ւն անել. իսկական հրաշք է, բա էլ ի՞նչ:
Պակաս հրաշք չէ նաև անցած տարվա հունվարի համեմատ առևտրաշրջանառության 19.3 տոկոս աճը: Տեսեք ինչ է ստացվում. արդյունաբերությունը նվազում է, գյուղատնտեսությունում X-եր են, անցած հունվարի համեմատ միջին աշխատավարձերը, ըստ վիճակագիրների, աճել են հազիվ 4.1 տոկոսով: Ու այսքանից հետո առևտուրը թռիչքային աճ ունի: Ինչի՞ հաշվին, երբ ավելորդ գնումների կարիք տնտեսությունը պարզապես չունի, իսկ բնակչության միջոցները չեն ներում: Լավ, սա էլ գրանցենք «հրաշքի» տակ:
Թեև, սրանց հաջորդոող երկու կարևորագույն ցուցանիշը այդ «հրաշքներից» հետք էլ չեն թողնում: Այսպես, հունվարին ունեցել ենք արտահանման 15.8 և ներմուծման` 3.3 տոկոս անկումներ: Այն դեպքում, երբ անցած տարվա հունվարին արձանագրվել է 45.2 և 48.9 տոկոս աճ: Այսինքն` արտաքին առևտրաշրջանառությունում աճի դինամիկայի այնպիսի գերանկումներ են, ինչպիսիք երևի թե ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդածխ գերճգնաժամից ի վեր չէինք տեսել: Եվ ահա այս ֆոնին է, որ օրերս վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ հայտարարեց. Հայաստանի ապագա տնտեսական զարգացումը կախված է արտահանման ավելացումից: Իսկ ահա իրական կյանքում, երբ 45.2 տոկոս աճից արտահանումը մեկ տարում 15.8 տոկոս գերանկման վերածվեց, մեկ բան է հաստատ` հիշատակված «Հայաստանի ապագա տնտեսական զարգացումը», մեղմ ասած, ֆանտաստիկայի ժանր է տեղափոխվել:
Քերոբ Սարգսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը