18 02 2019

Ի՞նչ հետևություն պետք է անի իշխանությունը ՏԻՄ ընտրություններից

Ի՞նչ հետևություն պետք է անի իշխանությունը ՏԻՄ ընտրություններից

ՏԻՄ ընտրությունները, պարզվում է, քաղաքացիներին ավելի են հետաքրքրել, քան Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները։ Դա է ցույց տալիս արդյունքը։

Փետրվարի 17-ին Հայաստանի 24 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 58,47 տոկոսը։ Մինչդեռ շուրջ երկու ամիս առաջ՝ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցությունն ավելի պակաս էր՝ ընտրողի 48.63 տոկոսը։ Տարբերությունը կազմում է շուրջ 10 տոկոս։

Տեսակետները, թե գյուղապետի ընտրության ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ բոլոր թեկնածուները նույն գյուղից են և բոլորին բերում են քվեարկության, այս դեպքում հիմնավոր չեն, քանի որ խորհրդարանական ընտրություններում այնքան թեկնածու և կուսակցություն էր մասնակցում, որ հատ-հատ բոլորի ձայները հաշվված էին։

Առաջինը․Մասնակցության նման աստիճանը վկայում է հանրության հստակ դիրքորոշումը․ նրանք չներեցին վարչապետի՝ իրենց խաբելը և ընտրությունները ժամանակավրեպ անցկացնելը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ խորհրդարանական ընտրությունները հեղափոխության վերջին ակորդն են։ Մարդկանց այն հատվածը, որը դժգոհ էր թե՛ Փաշինյանից, թե՛ ընտրություններին մասնակցող մյուս ուժերից, թե՛ հապճեպ ընտրություններ անցկացնելուն, քվեարկության չգնաց՝ հստակ դիրքորոշում արտահայտելով։

Երկրորդը․ Քաղաքացիների դիրքորոշման մեկ արտահայտություն էլ հենց այս ՏԻՄ ընտրությունների արդյունքն է։

Ուրցաձորում, օրինակ, հաղթեց համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը՝ հավաքելով 911 ձայն։ Նույն Անդրեասյանը բողոքի ցույցերից հետո ստիպված էր 2018-ի հոկտեմբերին հրաժարական տալ։ Նրա դեմ աշխատում էր պետական ապարատը, մարզպետը հորդորում էր վայր դնել լիազորությունները, անգամ վերահսկողական կոմիտեի ղեկավար Դավիթ Սանասարյանն էր հասել գյուղ։ Մի խոսքով, մարդը հրաժարական տվեց, բայց պարզվեց, որ այդ բողոքի ցույցեր անողներն ընդամենը ագրեսիվ ուղղորդված մասսան էր, որը բարձր ձայնի արդյունքում շատի տպավորություն էր թողնում։ Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը ստացավ 744 ձայն, այն դեպքում երբ նրան աջակցում էր իշխանությունը։ Փաստորեն, իշխանության ներկայացուցիչը 4-ամսյա կառավարման արդյունքում գոնե ձևականորեն չի կարողացել այնպես իրեն դրսևորել, որ շահի բնակչության վստահությունը, և մարդիկ գերադասել են հնին։

Նույն իրավիճակն էր նաև Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքում։ Համայնքապետի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանը ստացավ 469 քվե և հայտնվելց երրորդ տեղում:

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը 2018թ. նոյեմբերի 19-ին լիազորությունները վաղաժամ դադարեցնելու դիմում էր ներկայացրել ավագանուն, կրկին ընտրվեց։

Իսկ Վարդենիսում ՔՊ-ական թեկնածու Վահան Զարոյանն այնքան քիչ ձայն էր հավաքել, որ կողմնակիցները փողոց էին փակել։ 8 Թեկնածուից նա հայտնվել էր 6-րդ տեղում՝ 504 ձայնով։

Շիրակի մարզի Աշոցք համայնքում ՀՀԿ-ական Արթուր Ալոյանը երկրորդ տեղը զբաղեցրեց։ ՀՀԿ-ն, որից, ըստ ՔՊ-ի, զզվում են, հավաքեց 804 ձայն։

Մի շարք համայնքներում հաղթեցին գործող համայնքապետերը, ինչը ևս ազդակ է իշխանության համար, որն ուզում էր ազատվել նախկինում եղածից։ Ընդ որում, Արարատի մարզի Վարդաշեն համայնքի ղեկավարը վերընտրվում է 2004 թվականից ի վեր:

Այսինքն, սա փաստում է, որ ՔՊ-ական իշխանությունն իրեն չի արդարացնում և դադարում է շահել հանրության վստահությունը։ Սա նաև փաստում է, որ եթե ԱԺ արտահերթ ընտրությունները լինեին 2019 թվականին ապա մասնակցությունը կլիներ բարձր, իսկ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը, վստահաբար, առաջին տեղում չէր լինի։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ