14 02 2019

Իրականում ինչո՞ւ է պետք նոր մեղադրանքը

Իրականում ինչո՞ւ է պետք նոր մեղադրանքը

Եթե «տրոլլինգի» համար մրցանակ սահմանված լիներ, ապա փետրվարի 12-ի երեկոյան պիտի դրա փոխանցիկ դրոշը հանդիսավոր պայմաններում փոխանցվեր ՀՔԾ-ին: Ավեշի շուտ՝ դրոշի կոթը՝ Հատուկ քննչական ծառայությանը պիտի փոխանցվեր, իսկ փողփողացող մասը՝ Սիլվա Համբարձումյանին: Նշված մրցանակակիրները կարողացան համատեղ ուժերով սոցցանցային հանրույթի ուշադրությունը ամբողջովին շեղել ԱԺ-ում կառավարության ծրագրից, այն ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից և դրա ընթացքում արած հարթաթաթ արտահայտություններից, թե՝ «աղքատությունը գլուխների մեջ է»:

Սոցիալ-տնտեսական վատորակ վիճակը Հայաստանում գլուխների մեջ չէ: Բայց վարչապետը մի բան գիտի, որ ասում է: Այդ իմացած բանն այն է, որ իրավագիտական աղքատությունը ՀՔԾ-ում նստած գլուխների մեջ է: Ուրիշ ձև հնարավոր չէ մեկնաբանել այն, որ Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքն առնչվում է քաղաքացի Սիլվա Համբարձումյանի կողմից կատարված՝ ենթադրյալ կաշառք տալու հայտարարությանը:

Ժանրի կանոններով պետք էր նշել՝ տխրահռչակ կամ՝ հայտնի, կամ՝ հանրահայտ Սիլվա Համբարձումյանի կողմից կաշառք տալու մասին հայտարարությանը: Բայց դրա կարիքը չկա, քանի որ Սիլվա Համբարձումյան անուն-ազգանունը արդեն այնքան է հոլովվել ամենատարբեր անձանց դեմ քննչական մարմինների կողմից կաշառակերության հոդվածով մեղադրանք ներկայացնելու «գործերով», որ արդեն շատերն են անթաքույց ծաղրանքով արձագանքում այդ ու նման տեղեկություններին:

Դա չեն կարող չիմանալ նաև ՀՔԾ-ում: Դա չեն կարող չկռահել իշխանության եկած շրջանակները, առնվազն՝ Նիկոլ Փաշինյանը: Այդ դեպքում ինչո՞ւ են գնում նման ծիծաղելի, հանրության զգալի մասի կողմից ծաղրանքով ընկալվող քայլի: Իչնի մասին է վկայում ՀՔԾ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանին մի հատ էլ՝ «Սիլվա Համբարձումյանի կողմից կաշառք տալու գործ» կոչվող մարած օբլիգացիայով մեղադրանք առաջադրելու քայլը:

ՀՔԾ-ի այդ քայլը խոսում է այն մասին, որ «Մարտի 1-ի» այսպես ասած՝ «նոր գործով» ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ անհեթեթ մեղադրանքով քննությունը հայտնվել է այնտեղ, որտեղ պետք է հայտնվեր անխուսափելիորեն՝ խուլ փակուղու մեջ: Դա տեղի է ունեցել այնքան բացահայտորեն, որ նույնիսկ ՀՔԾ ղեկավարներն ու նրանց ղեկավարողն են նկատել:

Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելը ՀՔԾ-ի ինքնախոստովանական ցուցմունքն է՝ նախորդ մեղադրանքի սնանկ դուրս գալու իմաստով: Եթե ՀՔԾ-ն թեկուզ մեկ տոկոսանոց հիմք ունենար՝ ՀՀ երկրորդ նախագահին «սահմանադրական կարգի» գործով մեղադրելու համար, Սիլվա Համբարձումյանի և կաշառատվության նրա ունիվերսալ հայտարարության մասին ճարահատյալ հիշելու, է՛լ ավելի ճարահատյալ այդ մաշված խաղաթուղթը սեղանին դնելու անհրաժեշտության առաջ չէր կանգնի: Դա ՀՔԾ-ի անուղղակի խոստովանություն է նաև, որ տանուլ են տալիս Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբին՝ իրավական, քրեաիրավական ռեալ հարցերի քննարկման հարթության վրա, սկսում են տանուլ տալ նաև հանրային կարծիքի տիրույթում:

Փաստերն ու երևույթները ամբողջական դիտարկելու դեպքում դա ավելի ակնհայտ է դառնում: Միայն վերջին 10-15 օրվա ընթացքում հրապարակային ակտիվ շրջանառության մեջ դրվեցին տեսանյութեր ու հրապարակումներ, որոնցում շատ կոնկրետ հարցադրումներ են արված, թե նախ՝ ինչում է մեղադրվում Ռոբերտ Քոչարյանն իրականում, ի՛նչ կապ ունեն այդ մեղադրանքները մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ու 10 հոգու զոհվելու հանգամանքների հետ, ի՛նչ է իրականում տեղի ունեցել մարտի 1-ին՝ կեսօրից հետո, մինչև կեսգիշեր ու մարտի 2-ի գիշերը, ովքեր էին հրահրում և բորբոքում Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված բազմությանը և այլն:

Ենթադրելի է, որ ամեն ինչ ընդհանուր արտահայտությունների և մակերեսային հույզերով լղոզողները պետք է ձգտեին որևէ կերպ հակահարված հասցնել այդ՝ կոնկրետ հարցադրումներով և փաստացի, անհերքելի տվյալներով հագեցած նյութերի, տեսանյութերի տարածմանը: Բայց նրանց փաստական խարխուլ բազան բավականացրեց միայն Սիվա Համբարձումյանի՝ կաշառք տալու հայտարարությունների մասին հիշելուն, անգամ ավելի ծիծաղելի դառնալու գնով: Երևի հաշվարկել են, որ կարճաժամկետ կտրվածքով և պարզունակ մակարդակում քարոզչական դիվիդենտներ էլ կշահեն: Բայց այդ կարճաժամկետ ասվածի ծածկույթն էլ է գնալով նեղանում: 

Դրանից բացի, «նոր մեղադրանք» առաջադրելը ՀՔԾ-ին պետք էր նաև տեխնիկական նպատակներով: Այսպես կոչված «նոր մեղադրանքը» կարող է տեխնիկապես մի քիչ էլ խճճել ՀՀ երկրորդ նախագահի «գործը», ժամանակ շահել՝ նրան ամեն գնով կալանքի տակ պահելու վերաբերյալ իշխանության իջեցրած քաղաքական հանձնարարությունը կատարելու համար:

Եզրափակիչ հետևություն. ՀՔԾ-ն (նույնն է, թե՝ ՀՀ գործադիր իշխանությունը) ՀՀ երկրորդ նախագահի դեմ ուղղված մի խայտառակ քայլը փորձում է կոծկել էլ ավելի խայտառակ մեկ ուրիշ քայլով:

Գալուստ Գրիգորյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ