13 02 2019

Գործը ջուր է. Ի՞նչ անել

Գործը ջուր է. Ի՞նչ անել

Տարբեր տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Սասուն Խաչատրյանը նշանակվել է ՀՔԾ պետի պաշտոնին պայմանով, որ պետք է ամեն գնով Ռոբերտ Քոչարյանին բանտ ուղարկի։ Շատերին էր հետաքրքրում հարցը, թե ինչպե՞ս եղավ, որ իրավական ակնհայտ թերի գիտելիքներ ունեցողը նշանակվեց ՀՔԾ պետ։ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության պարագայում գործին չտիրապետելը պաշտոնի չգնալու հիմք չէ, բայց հենց այդ պաշտոնյայի մասին օդում կախված լուրեր կան, թե ինչու է նշանակվել։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիմա էլ մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Մեղադրանքի ներկայացումն անսպասելի չէր ինչպես երևում է քննարկումներից՝ շատերի համար ու վստահաբար՝ նաև թե՛ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների, թե՛ անձամբ իր համար։

Վերջերս համացանցում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների վերաքննիչ բողոքը, որում մեղադրանքից մի մաս ներկայացված էր։ Փաստաբանները կետ առ կետ անդրադարձել էին մեղադրանքին և հիմնավորել Արթուր Վանեցյանի խոսքը, թե «գործը ջուր է»։ Փաստաբանները նաև ցույց էին տվել ՀՔԾ տարօրինակ, անհասկանալի, ծիծաղելի ձևակերպումները։ Ու դրանից հետո միևնույնն է՝ վերաքննիչն ուժի մեջ թողեց կալանքի որոշումը։

Պաշտպանական թիմը Եվրադատարան չորրորդ բողոքն է նախապատրաստում, որոնցից երկուսում իրենց վստահորդի քաղաքական բանտարկյալ լինելը հիմանավորող փաստեր են։ Վստահաբար, Եվրոպական դատարանը հայկական դատական համակարգի վրա կրկին զարմանալու է ու սկսի արդեն վերաբերվել որպես անլուրջ կառույցի։

Աշխարհում բազմաթիվ են դեպքերը, երբ երկրի ներկա ու նախկին նախագահներին մեղադրանքներ են ներկայացվում։ Բայց միակ դեպքն է սա, երբ ներկայացվում է սահմանադրական կարգի տապալման մեղադրանք, որովհետև նախագահն ինքը սահմանադրական կարգի երաշխավորն է ու կրողը։

Ռոբերտ Քոչարյանին մեկ այլ մեղադրանքի առաջադրումը գալիս է ապացուցելու, որ սահմանադրական կարգի փոխարեն տապալվում է ՀՔԾ-ն։ Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարում էր, թե իր համար սկզբունքային հարց է մարտի 1-ի բացահայտումը, հետո փոխեց խոսքերը, թե՝ իր համար չէ, Հայաստանի համար է սկզբունքային։ Այժմ հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի համար սկզբունքային է ընդամենը Ռոբերտ Քոչարյանին մեղադրյալի աթոռին տեսնելը՝ որպես պարզ վրեժ այն բանի, որ Փաշինյանը հանցագործության համար նստել է։ Սա հասկացել են նաև միջազգային կառույցներում, ուստի պատահական չէր կոչը՝ անձնական վրեժխնդրություն չկիրառելու վերաբերյալ։

Եթե մարտի 1-ի «նորացված» գործը պռավալ է գնում, ուրեմն օգնության կհասնի մեկ այլ գործ․ մեկ առիթով արդեն գրել ենք, որ Սիլվա Համբարձումյանն այս իշխանության ձեռքին գործիք է․ ում հետ իշխանությունն ունի խնդիր, պարզվում է, որ Սիլվա Համբարձումյանը կաշառք է տվել։ Այս տիկինն ասուլիս է տալիս ու հայտարարում, որ աջ ու ձախ կաշառք է տվել, բայց տվել է նրանց, ում հետ, զարմանալի զուգադիպությամբ, նոր իշխանությունն ունի խնդիր։

Կալանավորվում է Սամվել Մայրապետյանը ու տիկինն ասուլիս է տալիս, հետո մեղադրանք է առաջադրվում Արմեն Գևորգյանին, հիմա՝ Ռոբերտ Քոչարյանին։ Ընդ որում, կասկածելի զուգադիպությամբ, Արմեն Գևորգյանի դեմ մեղադրանքն էլ Սիլվա Համբարձումյանի կաշառատվության շուրջ առաջադրվեց այն բանից հետո, երբ պարզվեց, որ մինչ այդ առաջադրված մեղադրանքը «ջուր է»։

Ում գործը պարզվեց ջուր է, կփոխեն ջրվեժով։ Մարտի 1-ի գործը տապալվում է․ ուրեմն կպարզվի, որ տիկինը կաշառք է տվել գործով անցնող Յուրի Խաչատուրովին, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին։ Իսկ եթե պարզվի, որ անհիմն են նաև մյուս գործերով մեղադրվողներին առաջադրվածները, նաև նրանց է կաշառք տվել։ Բոլոր նրանց, ում անունը հնչել է որպես ենթադրյալ հանցագործի, բայց պարզվել է, որ տակը բան չկա։

Բայց ուշագրավ է, որ ՀՔԾ-ն չի կարողանում անգամ մեղադրանքը կազմել գրագետ։

Սիլվա Համբարձումյանը հերքում է, թե Քոչարյանին կաշառք է տվել, բայց ՀՔԾ-ն գործ է հարուցում։ Լրիվ այն տրամաբանությամբ է շարժվում ՀՔԾ-ն, որն ունի այդ կառույցի ղեկավարը։ Թքած, թե փաստեր չկան կամ հակառակն են ապացուցում։

Այսպես, Սասուն Խաչատրյանը հայտարարում է, թե բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն սահմանի։ Հետո հայտնվում են կադրեր Արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ նախագահի ասուլիսից, որտեղ ասում է, որ տեղեկություն չունի զոհի մասին, գիտի միայն, որ վիրավոր կա։ Սասուն Խաչատրյանն ասում է՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ սահմանից զորքը բերել են Երևան, իսկ սահմանին մնացածները սոված են եղել, փոխարինող չեն ունեցել, և թշնամին աշխուժացել է։ 2008թ․ բանակի պաշտոնյան, որն այժմ գլխավոր շտաբի պետն է, հերքում է թե՛ դա, թե՛ մյուս լուրը, որ բանակը կրակելու հրաման է ստացել։ Սասուն Խաչատրյանը հայտարարում է, թե Արմեն Գևորգյանը ճնշում է բանեցրել ՍԴ դատավորի վրա, դատավորն ասում է, որ նման բան չի եղել։ Տապալում մի քանի կողմից, ու հանկարծ հայտնվում է «միստիկ գործարար» Սիլվա Համբարձումյանը, թե բա՝ կաշառել եմ ում պատահի։

Ինչպես շրջանառվում է, Սիլվա Համբարձումյանն արաբ գործարարից 40 մլն է վերցրել Հայաստանում հանք ձեռք բերելու համար․ գումարը չկա, և որպես հիմնավորում՝ այն է, որ այդ գումարով նա Հայաստանի բոլոր ղեկավարներին «առել է»։ Չկա որևէ հիմնավորում, որ տիկին Սիլվան կաշառք է տվել որևէ մեկին․ կան միայն հայտարություններ, հերքումներ, հայտարություններ, հերքումներ ու բանկի ինչ-որ կտրոն։ Սասուն Խաչատրյանին, ինչպես երևում է, այդքանն էլ է բավական, որ կալանքի որոշում ստանա, հետո, ինչպես ինքներ ասում գաղտնալսման մեջ՝ մի քանի օր պահեմ, կխոսա․․․։

Հայաստանի նոր իշխանությունը տապալվում է բացի ելույթ ունենալուց, մյուս բոլոր ուղղություններով, տապալվում արագ ու անհույս։ Ու նրա թուլացմանը զուգընթաց, մեծանում է քաղաքական հակառակորդների հեղինակությունը։ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որպեսզի ունենա այնպիսի ընդդիմություն, ինչպիսին ուներ ՀՀԿ-ն 2009-17 թվականներին՝ անդեմ ու անուժ, որը քլնգում էր, բայց ոչինչ փոխել չէր կարողանում։ Ուստի լուրջ հակառակորդները պետք է․․․ նստեն։

Երբ պարզվեց որ Սիլվա Համբարձումյանի մեղադրանքներն անհեթեթություն են /չնայած որ սույն տիկնոջ ասուլիսն ու փետրվարի 13-ի հարցազրույցն արդեն իսկ դրա վկայությունն են/, ի հայտ կգա նոր մեղադրանք, թե բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահ եղած ժամանակ ծառայողական ավտոմեքենան մի քանի անգամ օգտագործել է անձնական կարիքների համար, կամ ինչպես «հին ու բարի» 90-ականներին էր, գրպանը մի բան կգցեն։ Ծիծաղելի է, բայց սա է այսօրվա սասունխաչատրյանական և առհասարակ՝ իշխանության մտածողությունը։

Մարդիկ խոստանում էին 20 րոպեում բացահայտել, թե ինչքան հանցագործ են նախկինները, բայց մնացել են միմիայն Սիլվա Համբարձումյանի հույսին։

Ընտրություններում իշխանությունը հաղթել էր, ու կարող էր զբաղվել երկիր զարգացնելով, տնտեսությունը կարգի բերելով, որը հենց կդառնար նրա երկարակեցության հիմքը։ Բայց չլինելով բավարար չափով խելացի ու ուժեղ, որևէ խոստում չկարողացավ կատարել։ Մնում է հանրության ուշադրությունը սևեռել այլ բաների վրա, որպեսզի ալյուրի թանկացումից խոսելու փոխարեն խոսեն ինչ-որ աներևույթ կաշառքներից։ Հանրության անգիտակից մասն էլ, որ գնալով փոքրաթիվ է դառնում, կմտածի՝ ահա, որ սահմանադրական կարգը տապալել է, ուրեմն կաշառք էլ վերցրած կլինի։ Այսինքն՝ ատելություն սերմանել պետական գործչի նկատմամբ՝ ցուցադրելով շոու պետական մի քանի ինստիտուտի մասնակցությամբ։ Փույթ չէ, որ դա կարող է վերացնել թե՛ արդարադատության նկատմամբ թույլիկ վստահությունը, թե՛ անդառնալի վնաս հասցնել երկրի հեղինակությանը։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ