07 02 2019

Կառավարության ծրագիր․ Նիկոլ Փաշինյանն ասելիք չունի

Կառավարության ծրագիր․ Նիկոլ Փաշինյանն ասելիք չունի

Հույսերը, որ կառավարության նոր ծրագիրը կոնկրետություն կպարունակի եւ կարդարացնի «թավշյա» հեղափոխությունից «մի լավ բանի» սպասելիք ունեցող «հպարտ» քաղաքացիների ակնկալիքները, հերթական անգամ ի չիք դարձան։ Համենայն դեպս, նրանք, ովքեր արդեն սկսել են հասկանալ, որ անցած 9-10 ամիսները ոչ թե վերելքի, այլ հետընթացի ժամանակաշրջան էին, որ վարչապետն ու նրա թիմը բացարձակապես անպիտան են երկրի տնտեսական զարգացման եւ սոցիալական բարելավման ուղղությամբ ինչ-որ քաղաքականություն իրականացնելու համար, մեկ անգամ եւս համոզվեցին դրանում կառավարության ծրագրին ծանոթանալուց հետո։

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ ծրագրում, որը հրապարակվել էր Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո, եւս ոչ մի ցուցանիշ չկար եւ ոչ մի պարտավորություն կառավարությունը չէր ստանձնում։ Դարձյալ հայտարարություններ, բարեմաղթանքներ, ցանկություններ՝ համեմված մի քանի տեղ կրկնվող «թավշա ոչ-բռնի հեղափոխության» գովքով։ Եթե այդ ժամանակ իշխանական շրջանակները արդարանում էին, թե սա ժամանակավոր կառավարության ծրագիր է եւ դրա համար թվային ցուցանիշներ եւ կյոնկրետություն չկա, ապա հիմա նրանք ձկան պես լուռ են եւ այլեւս նման արդարացում չեն կարող բերել։ Ի վերջո, թվային ցուցանիշների առկայությունը ինքնանպատակ չէ։ Դրանցով կառավարությունն ինքն իր առջեւ նպատակներ է դնում, պարտավարություններ ստանձնում եւ հաշվետու դառնում ժողովրդի առջեւ իր նպատակների իրականացման եւ ստանձնած պարտավորությունների կատարման համար։

Հիշեցնենք, որ նախորդ բոլոր կառավարությունները ներկայացրել են նման թվային ցուցանիշներ եւ հետո պատասխանել դրանց կատարման կամ չկատարման վերաբերյալ առաջացող հարցերին։ Ավելին, Կարեն Կարապետյան գլխավորած կառավարությունը պարտավորությունների կատարման մասին եռամսյակային հաշվետվություն էր ներկայացնում՝ հնարավորություն ստեղծելով հանրությանը հետեւելու, թե որքանո՞վ է կառավարությունը կատարել իր ծրագիրը։ Հենց սա է թերեւս այն հիմնական պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրերում բացակայում են կոնկրետ թվերն ու ցուցանիշները։ Եթե այդտեղ լինեն ցուցանիշներ, թե տնտեսական այս կամ այն ոլորտում ի՞նչ ցուցանիշներ են ծրագրվել, ի՞նչ ներդրումներ են սպասվում եւ ո՞ր ճյուղերում, աշխատանքի վարձատրության եւ թոշակների ի՞նչ փոփոխություններ ակնկալել կամ չակնկալել, գործազրկության ցուցանիշն ինչպե՞ս կխփովի, պետությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու նոր աշխատատեղերի բացմանն աջակցելու ուղղությամբ եւ այդ ամենը ինչպե՞ս է արտացոլվելու եռամսյակային, կիսամյակային կամ գոնե տարեկան ժամանակահատվածներում, ապա մարդիկ կպահանջեն կատարել նախանշված ժամանակաշրջանի համար ծրագրով նախատեսված քայլերը եւ կգնահատեն, թե որքանո՞վ են դրանք կատարվել։

Ծրագրում հիշատակվում է մինչեւ 2023 թվականն ընդգրկող ժամանակաշրջանը, ինչը հնարավորություն է ստեղծում մշտապես արդարանալու, որ դեռեւս 2023 թվականը չէ, իսկ 2023 թ․-ին էլ կարելի հազարումի պատճառաբանություն բերել, թե ինչո՞ւ չեղավ այն, ինչ հայտարարվում էր։ Ինչ-ինչ, բայց այս ամենը լավ է հասկանում խոստումներ շռայլող, բայց դրանք չկատարող ու տարբեր ձեւերով խուսանավող Նիկոլ Փաշինյանը։ Եթե լինեն կոնկրետ ցուցանիշներ, նա ստիպված է լինելու պարզաբանել, թե ինչո՞ւ չեն կատարվել այդ ցուցանիշները, իսկ նրա պարզաբանումներից եւ ընդհանրապես շատախոսությունից շատերն արդեն հոգնել են։ Նրանք կոնկրետ արդյունքներ են պահանջում՝ դրական արդյունքներ, որոնք չկան, իսկ փոխարենը սոցիալ-տնտեսական կացւթյունն ավելի է վատանում, չխոսելով արդեն ազգային-բարոյական արժեքների վարկաբեկումից, արտաքին քաղաքական ձախողումներից, պետական կառույցների խայտառակ վատ աշխատանքից, ուժային կառույցների նկատմամբ հարձակումներից, Արցախի հարցում պարտվողական քաղաքականությունից, ընտրովի արդարադատությունից։

Սոցիալական կացության քննադատությունն իր հիմնական կռվանը դարձրած ու ապրիլ-մայիս ամիսներին ոսկե սարեր խոստացող Նիկոլ Փաշինյանն այժմ գրեթե ասելիք չունի։ Միայն ընդհանրական նախադասություններ․ «Պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը», «կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը», «կիրականացվի նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացում», «կառավարու­թյունը հաստատակամ է մինչև 2023 թվականը գործազրկությունն էապես կրճատելուն» եւ այլն:

Որքա՞ն է կրճատվելու գործազրկությունը, որքա՞ն է ավելանալու նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակները եւ ի՞նչ պարբերականությամբ, որքա՞ն գումար է պահանջվելու պետական բյուջեից այդ ամենի համար՝ ոչինչ չի ասվում։ Փոխարենը պարզապես ծիծաղելի է մինչեւ 2023 թվականը ծայրահեղ աղքատութոյւնը նվազեցնելու նպատակը։

Բանն այն է, որ 2017-ին, նախորդ՝ «հանցավոր ռեժիմի» կառավարման արդյունքում աղքատությունը կրճատվել է 3,7 տոկոսով եւ հասել 25,7 տոկոսի, իսկ ծայրահեղ աղքատությունն էլ իջել է 3,1 տոկոսով եւ հասել 1,4 տոկոսի։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը խոստանում է 5 տարում վերացնել ընդամենը 1,4 տոկոս մնացած ծայրահեղ աղքատությունը, այն դեպքում, երբ նախորդ կառավարությանը մեկ տարում էր 3,1 տոկոսով նվազեցրել ծայրահեղ աղքատությունը։ Սա ընդամենը մեկ օրինակն է այն բանի, թե ինչո՞ւ է այս կառավարությունը խուսափում անգամ ամենաչնչին կոնկրետություն պարունակող դրույթ ծրագրում (որի այլ հատվածներին դեռ կանդրադառնանք) ընդգրկելուց։ Մեղմ ասած` հաճելի չէ ընկնել ծիծաղելի վիճակի մեջ եւ անընդհատ հեղինակազրկվել այդ եւ խոստացածը չկատարելու պատճառներով։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ