Արագաչափ սարքերի, տեսախցիկների, կարմիր գծերի մասին ՀՀ նախորդ ընդդիմության տեսակետը հայտնի է՝ դրանք պետք է վերանան։ Նոր իշխանության տեսակետն այլ է՝ դրանք պետք է էլ ավելի զարգանան։ Դա են փաստում տեսախցիկների ավելացումը։ Այստեղ միակ տարօրինակն այն է, որ այդ նախկին ընդդիմությունն ու ներկա իշխանությունը նույնն են։
Արագաչափերի ու տեսախցիկների մասին ոստիկանության մեր հարցման ու պատասխանից և «Ո՞վ է այսօրվա Հայաստանի Սաշիկը» հրապարակումից հետո պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե այդ բիզնեսը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը, սուտ են։
Որպես տեսախցիկներին անբաժան մաս են դիտվում նաև մայրաքաղաքը ողողած կարմիր գծերը։ Դրանք էլ քամում են վարորդի գրպանը՝ թե՛ տուրքերով, թե՛ տուգանքներով։
Yerevan.Today-ը հարցումով դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ իմանալու, թե որքա՞ն են կազմել Երևանի կարմիր գծանշումներով կայանատեղիներից ստացված վճարները և քանի՞ տուգանքի որոշումներ են կայացվել չվճարումների արդյունքում։
Համաձայն պատասխանի՝
Ավտոկայանատեղիների վճարների մասով Երևանի համայնքային բյուջե փաստացի մուտքագրվել է՝
2015թ. - 853.804.513 ՀՀ դրամ,
2016թ. - 810.086.698 ՀՀ դրամ,
2017թ. - 941.322.323 ՀՀ դրամ,
2018թ. - 881.913.412 ՀՀ դրամ։
Վճարովի ավտոկայանատեղիներում տրանսպորտային միջոցներ կայանելու և չվճարելու հետևանքով կայացել է տուգանքի հետևյալ քանակի որոշում․
2016թ. - 102.758 որոշում,
2017թ. - 64.933 որոշում,
2018թ.՝ մինչև նոյեմբերի 27-ը, 56.177 տուգանքի որոշում:
27.11.2018 թվականից մինչև տարեվերջ որոշումներ դեռ չեն կայացվել քանի որ այդ իրավախախտումներով նիստերը տեղի են ունենալու 2019թ. հունվար ամսից:
«Ո՞ւմ կողմից և ինչպե՞ս է տնօրինվում ստացված գումարը» հարցին քաղաքապետարանը չի պատասխանել, ինչպես նաև չի պատասխանել հարցին, թե քանի տուգանքի որոշում չի կատարվել։
Մեկ այլ հարցման պատասխանից պարզ է դառնում, որ առանձնացված ավտոկայանատեղիների տուգանքներից ստացված միջոցները փոխանցվել են համայնքային բյուջե և բաշխվել ըստ տարեկան բյուջեի համապատասխան ծախսային ուղղությունների։
Նշենք, որ տուգանքներից միայն 2017 թվականին բյուջե է մուտքագրվել մոտ 250 մլն դրամ։
Այսինքն, միայն կարմիր գծերից Երևանի բյուջե տարեկան մուտքերը՝ վճարների և տուգանքների հանրագումարը, գերազանցում է 1 մլրդ դրամը կամ 2 միլիոն դոլարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ պետք է ամեն գնով մարդկանց գրպանը մտնելու կամ տուգանելու մոլուցքից ազատվել։ Եվս մեկ օրինակ, որ ՀՀ քաղաքացու, այս դեպքում՝ վարորդ քաղաքացու գրպանը դատարկվում է։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը