Օրերս տարածվեց մի տեսանյութ, որտեղ հնարավորինս մանրամասն անդրադարձ է կատարված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքին, դրա բովանդակությանն ու բաղադրությանը: Բանի էությունը կայանում է նրանում, որ իշխանական քարոզչությունն ու առասպելահյուսությունը տարածում են մի կաղապար, բայց իրականում և իրավաբանորեն խոսքը բոլորովին այլ խնդրի է վերաբերում:
Առասպելական վարկածը այն մասին է, թե երկրորդ նախագահը մեղադրվում է 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի ժամանակ տեղի ունեցած սպանությունների, 10 զոհերի համար: Իրականում Ռոբերտ Քոչարյանին ներկայացվել իբր թե (ըստ մեղադրող օրգան ՀՔԾ վարկածի) սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք: Թե որքանո՞վ է այդ մեղադրանքը հիմնավորված կամ ոչ, ի վերջո կարող է պարզվել դատարանում, եթե թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումոներով երիցս խայտառակ ու խայտառակիչ այդ գործը երբևէ հասնի դատական քննության փուլին: Մինչև հիմա Ռոբերտ Քոչարյանն ինքը, ինչպես նաև՝ այս գործով ներգրավված փաստաբանական խումբը քանիցս ու հիմնավոր գնահատականներ են հնչեցրել այդ մեղադրանքի վերաբերյալ՝ չթողնելով դրա քարը քարի, տառը՝ տառի վրա: Վերոհիշյալ տեսանյութում էլ դա համակողմանի ներկայացված և արտացոլված է:
Սակայն իշխանությունը շարունակում է հիմնվել բանահյուսական կամ առասպելաբանական տարբերակի վրա, թե՝ «մարտի 1-ի ու տաս զոհերի» համար է մեղադրվում երկրորդ նախագահը: Այսինքն՝ խիստ կարևոր նշանակություն ու մեծ հնչեղություն ստացած գործով իշխանությունը գերադասում է հենվել հուզական ընկալումների, ընդհանուր և լղոզված ձևակերպումների, սպեկուլյատիվ «հիմնավորումների» վրա:
Օրերս, ռուսական РБК հեռուստաընկերությանը տված էքսկլյուզիվ հարցազրույցում (16:57-ից 18:41-ի միջակայքում) անդրադառնալով դեպքերից ավելի քան 10 տարի անց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1-ի» այսպես կոչված՝ «նոր գործով» մեղադրանք ներկայացնելուն և պետության նախկին ղեկավարին կալանավորելու վերաբերյալ հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին անհաջող զուգահեռ անցկացնելու փորձից հետո, ասաց, որ եթե հարցը վերաբերում է մարդկանց կյանքին, երբ սպանություններ են կատարվել, գործի քննության համար վաղեմության ժամկետ չկա: Վարչապետի արտահայտած հիմնական միտքը նշված քրեաիրավական նորմն էր կամ իրավական աքսիոմը:
Հանրահայտ է, որ սպանության վերաբերյալ գործերի քննության համար վաղեմության ժամկետ չկա, լինում է, որ անգամ 20-30, նույնիսկ 50-60 տարի անց քննություն է իրականացվում կամ վերաբացվում սպանության գործով: Դա ավելի լավ կարող բացատրել իրավաբանականի ցանկացած ուսանող, անգամ՝ առաջին կուրսեցի:
Բայց հարցն էլ հենց այն է, որ երկրորդ նախագահին մեղադրանքը մարտի 1-ի 10 զոհերի համար չէ ներկայացված: Ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա հրաշալի գիտե: «Հեռախոսային արդարադատության» գաղտնալսված խայտառակ պատմությունը հուշում է, որ ՀՔԾ պետը նրան դա հաստատ զեկուցած պետք է լինի:
Վերադառնանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած կարևոր ու հիմնական մտքին՝ «Մարտի 1-ի» գործով 10 հայրենակիցների մահվան (սպանության) հանգամանքների քննությունը չունի վաղեմության ժամկետ: Վերադառնանք նաև 11 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին և հիշենք, թե ով էր Նիկոլ Փաշինյանը 2008թ. փետրվարի վերջին ու նույն թվականի մարտի 1-ին, ի՛նչ դերակատարում է ունեցել հատկապես մարտի 1-ի օրվա երկրորդ կեսից սկսած՝ դեպքերի ծավալման, դեպքի վայրում հավաքված բազմության տրամադրությունների բորբոքման և իրադարձությունների բախումնային զարգացման տասանկյունից, ի՞նչ ելույթներ է ունեցել, կրե՞լ են դրանք արդյոք հրահրիչ բնույթ, ազդե՞լ են դեպքերի հետագա արյունահեղ զարգացման վրա:
Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1-ի» գործով մեկ անգամ արդեն «անցել» է: Բայց՝ իրողություններ են փոխվել, նոր հանգամանքներ կան: Եվ, եթե կարելի է 11 տարի անց սահմանադրական կարգի տապալման մեղադրանք ներկայացնել ու կալանավորել պետության նախկին ղեկավարի, ապա ինչո՞ւ չի կարելի նույն հիմքերով վերաքննել ու մեղադրանք ներկայացնել պետության գործող ղեկավարի (կալանավորումը պարտադիր չէ):
Նույն կերպ՝ ինչու նույն հիմքերով չի կարելի մեղադրանք ներկայացնել կամ որպես վկա ներգրավել պետության մեկ այլ նախկին ղեկավարի՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, ում մերձավոր զինակիցներից մեկն ու փաստացի ներկայացուցիչն էր դիտարկվող դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը:
Եթե վերաքննվում է «Մարտի 1-ի» գործը, ապա տրամաբանական է, որ քննվի համակողմանիորեն և ամբողջական: Այդ դեպքում, պետք է ներգրավվեն (դատաիրավական կարգավիճակը թող մեղադրող օրգանը որոշի) մի շարք այլ անձինք, այդ թվում՝ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ գործող դեսպանը, օրինական հիմքերով 2008-ի մարտի 1-ին գաղտնալսված հեռախոսային խոսակցություններում հիշատակվող այլ անձինք: Նման ոչ մի բան արված չէ, հակառակ պարագայում՝ լրահոսում պարբերաբար տեղեկություններ կշրջանառվեին: Իսկ քանի դեռ ոչ մի նման բան արված չէ, դա մի լրացուցիչ անգամ հուշում է, որ այսպես ասված «նոր գործը» ընդամենը Ռոբերտ Քոչարյանին քաղաքական շարժառիթներով մեկուսացնելու, նրա նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակ է հետապնդում: Ոչ միայն այդ նպատակը, բայց՝ հիմնականում՝ դա:
Գալուստ Գրիգորյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը