Ի պաշտպանություն իշխանության եկածների՝ սա ամենից հաճախ հնչող թեզերից մեկն է: Եթե «թավշյա հեղափոխությանը» անմիջապես հաջորդած շրջանում հիմնականում հնչում էր՝ «թողեք աշխատեն...»-ը, որ արդեն ծաղրական մեմի է վերածվել սոցցանցերում, ապա այժմ դրան փոխարինելու է եկել նոր մասս-պրոպագանդիկ հակաթեզ, թե՝ «30 տարում քանդածը մի քանի ամսում կամ կարճ ժամանակահատվածում հո չի՞ սարքվի (շտկվի, կառուցվի...)»:
Բավական է, որ որևէ մեկը խանութում, շուկայում, հանրային տրանսպորտում կամ սոցցանցերում ինչ-որ դիտողություն կամ դժգոհություն արտահայտի գործող իշխանության որևէ ներկայացուցչի կամ կառավարության գործունեության, նկատելի դրական արդունքների բացակայության վերաբերյալ, անմիջապես գտնվում է որևէ իշխանապաշտպան և արտասանում այդ ֆրազը, թե՝ «բա հո 30 տարում քանդածը...»:
Իրականում սա զանգվածային հիպնոսավորումը երկարաձգելուն նպաստող միֆ է: Փուչիկ, և ոչ ավելին: Իրականում 30 տարի շարունակ քանդում կամ միայն քանդում և ավերում չէ, որ տեղի է ունեցել, որ մի հատ էլ հիմա իշխանություն վերցրածները փետեն իրենց աճեցրած մորուքներն ու բացականչեն՝ «ավերակաց վրա ինչպե՜ս թագավորենք...»:
Նույնիսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում, որ համընկավ ԽՍՀՄ փլուզմանը հաջորդող ծանր ժամանակահատվածին, զուգահեռված պատերազմով, շրջափակմամբ, տնտեսական համակարգի և հասարակարգի վերափոխմամբ, միայն ավերում ու քանդում չէ, որ եղել է: Հայաստանի անկախության վերականգնման հետ սկսվել է պետականաշինության՝ պետական կառույցների ձևավորման գործընթացը: Դա շարունակական գործընթաց է, որը չի դադարել երբեք՝ անցած 30 տարիների ընթացքում, անկախ այն բանից, թե կոնկրետ ով է եղել պետության ղեկավարը՝ Տեր-Պետրոսյա՞նը, Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը:
Առանց հատուկ ակցենտավորման, կարելի է թվարկել՝ պատական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մոդելի ձևավորումն ու փաստացի ներդրումը, բանակաշինություն, արդարադատական և իրավապահ համակարգերի ձևավորումը, բանկային համակարգի ձևավորումը և կայացումը, տնտեսավարման շուկայական մոդելի ներդրումը, և, չնայած որոշակի ձևախեղումներին (մոնոպոլիայի, հովանավորչության, կոռուպցիայի և այլ բացասական գործոնների ազդեցությունը), որոշակի կայացումը:
Անձերի հետ կարելի է կապել գործընթացի արագությունն ու արդյունավետությունը: Բայց այն, որ անցած 30, իրականում՝ 28 տարիները միայն ավերման ու կորստի տարիներ չեն եղել, անկասկած է:
Իրերն ու երևույթները խորությամբ քննելու դեպքում այլ հարցադրումներ են ծագում, այլ տպավորություն է ստեղծվում:
Իրականում անցած երեք տասնամյակի ընթացքում Հայաստանում, բոլոր թերություններով ու արատներով հանդերձ, կառուցվել է պետականություն, իսկ հիմա փորձ է արվում այն քանդել՝ ճյուղ առ ճյուղ:
Քաղաքական համակարգը ձևախեղված ու ամորձատված վիճակում է. կա իշխանություն, չկա ընդդիմություն, կա անսահմանափակ լիազորություններով օժտված պետության ղեկավար, որը չունի ոչ մի հակակշիռ:
Գոյություն ունեցող դատական համակարգի գլխին շարունակաբար կախվում է «անցումային արդարադատության» ներդրման սպառնալիքը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «ժողտրիբունալների» ներդրման ցանկություն կամ «հեղափոխական տեռորի» օրինականացման քողածածկույթ ապահովելու մտադրություն: Իշխանության եկած նորախավը լրջորեն դիտարկում է այդ բոլշևիկյան գործիքի ներդրման ու կիրառման հնարավորությունը:
Պարբերաբար հարվածներ են ուղղվում բանակի նախկին ու ներկա ղեկավարներին, արձանագրվում են ավագ սպայակազմի վարկաբեկմանն ուղղված քարոզչատեղեկատվական հարձակումներ:
Կրթական, հանրակրթական համակարգում արձանագրվում են խիստ որոշակի ձևախեղումների նպատակաուղղված նորադրսևորումներ: Պատահական չէ, որ «թավշահեղափոխական» ԿԳ նախարարի թիրախում Հայոց պատմության, Հայ եկեղեցու պատմության, հայոց լեզվի դասաժամերն են, որոնք, ինչպես վկայում են այդ ռազմավարական ոլորտի անցուդարձին հետևողները, նապատակադրված է կրճատել:
Իրավապահ, քննչական և պատական անվտանգության ապահովման գործառույթներն իրացնող մարմինները վերածվել են իշխանության՝ վարչապետի կամակատար կառույցների և խնդիր ունեն հետապնդել բացառապես նախորդ իշխանության ներկայացուցիչներին, իշխող ռեժիմի առավել նկատելի քննադատներին: Ժամանակակից Հայաստանում արդեն առօրեական մի բան է դառնում ԱԱԾ կամ ոստիկանական մարմինների կողմից լրատվամիջոցի գործունեություն խոչընդոտելը, խմբագրություն «այցելելը» կամ լրագրային գործունեությամբ զբաղվողին որևէ շինծու պատրվակով «զրույցի» կամ հարցաքննության հրավիրելը: Լրագրությունից քաղաքականություն եկած և իր հետ լրագրողների մի որոշակի «խմբաքանակ» ԱԺ բերած անձանց իշխանության պայմաններում ամենից նկատելի տուժում են լրատվամիջոցները:
Եկեղեցին պետությունից առանձին է: Բայց բնութագրական են նաև Հայ Առաքելական եկեղեցու դեմ նոր իշխանությունների անթաքույց կողմնակիցների և ներկայացուցիչների հետևողական հարձակումները:
Ավերումներ են արձանագրվում նաև հասարակական սեկտորում: Այսպես կոչված «թավշյա հեղափոխության» հետևանքներից մեկն էլ այն է, որ առավելապես օտարերկրյա, այդ թվում՝ տխրահռչակ Սորոսի ֆինանսական սնուցմամբ գործող մի ամբողջ շարք ՀԿ-ներ վերածվել են գործող իշխանական կլանի ուղղակի կամ անուղղակի պաշտպանների: Այդ համատեքստում հասկացողների համար շատ բան իր տեղը դրեց նույն Սորոսի վերջին գրառումը՝ Հայաստանի քաղաքացիական հասարակույթանն ուժեղ աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Այդ տրանսֆորմացիայի հետևանքներից մեկն էլ այն է, որ ընդդիմություն չունեցող իշխանությունների քայլերը չեն հանդիպում նաև հասարակական կազմակերպված դիմադրության: Դա ժամանակավոր է, քանի որ հասարակությունն, ի վերջո, ինքնակազմակերպվելու է, առավել ևս, եթե գործող իշխանական կլանը շարունակի նույն ոգով ու ոճով դժգոհություններ ու դժգոհներ կուտակելու ներկայիս գործելակերպը:
Անցած 30 տարիները անարատ ու անցնցում չեն եղել: Բայց մտահոգությունն ու խոսքը ոչ թե դրան են վերաբերում, այլ այն խորը անհանգստությանը, որ փաստացի փորձ է արվում քանդել, խարխլել և գործառութային ամլության մատնել անցած 30 տարիներին ստեղծված պետական համակարգը կամ գոնե դրա առանցքային հենասյուները՝ բանակ, կրթություն, տնտեսություն:
Գալուստ Գրիգորյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը