Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս գրառում էր կատարել, թե ինչպես բարձրաճաշակ համերգին՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին, մասնակցում էին ինքն ու կինը, իսկ դահլիճը կիսադատարկ էր։
Ու քանի որ քիչ մարդիկ էին մասնակցում, վարչապետը եզրակացնում էր՝ բարձր ազգային արժեքները չափազանց մեծ զարդարանք են մեզ պես ժողովրդի համար, որ մշակույթից ո՛չ հասկանում ենք, ոչ էլ այն գնահատում։ Հետայսու իր կարևոր անելիքներից մեկը համարեց ժողովրդին մշակույթին մոտեցնելը։ Ու անմիջապես լծվեց այդ գործին՝ տիկնոջ և դուստրերի հետ գնալով Պարոնյանի անվան թատրոն՝ Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր» պիեսի հիման վրա բեմադրված կատակերգական ներկայացումը դիտելու։ Կադրերից երևում է, այս անգամ դահլիճը լիքն էր, ուրեմն ստացվեց։ Ահա և նոր Հայաստանը։
Վարչապետը ուր գնում է՝ տեղյակ ենք՝ հա՛մ ինքն է տարածում, հա՛մ մամուլի ծառայությունը։
Պարզապես մի փոքր հարց է հետաքրքրում․ եթե տեսանկարահանող սարքերը 24-ժամյա ռեժիմով վարչապետին ու տիկնոջն ամրակցված չլինեին, ու պարզվեր՝ իրենց շրջայցը թատրոն ու համերգասրահ չի լուսաբանվելու, նրանք ժամանակ կգտնեի՞ն հաղորդվելու բարձր ազգային արժեքներին։
Օգոստոսի վերջին (կարծեմ 30-ին), Կամերային երաժշտության տանը սիրված սոպրանո Հասմիկ Պապյանի համերգն էր։ Բազմաթիվ հրավիրյալներ կային։ Միջոցառմանն ուշացումով եկավ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Նստեց երրորդ շարքում։ Հիշում եմ մանրամասները, քանի որ նա եկավ աղմուկով՝ խանգարելով շատերին և ստեղծելով տհաճ իրավիճակ։ Մի խոսքով, գրկեց երեխային, ու շարունակեցին խանգարել համերգը, այս անգամ՝ տիկնոջ բերած տեսախցիկն ու ֆոտոխցիկը։ Երկու-երեք երգի ընթացքում բազմիցս նկարելուց հետո, նույն աղմուկով, խանգարելով մենակատարին ու ունկնդիրներին, խումբը դուրս եկավ դահլիճից։
Ամենայն հավանականությամբ, այդ կադրերը հերթական ֆիլմի համար էին, որ պետք է ներկայացնեն ՀՀ թիվ մեկ տիկնոջը։
Եվ մեզ մոտ հարց է առաջանում՝ առանց տեսա և ֆոտոխցիկների, որպես շարքային սպառող, որպես «տոմսով մշակութասեր», Նիկոլն ու Աննան Կոմիտասի 150-ամյակի համերգին կգնա՞ն։
Ի դեպ, քաղաքացիների՝ մշակույթից իրենց «ստիպված զրկելու» մեկ այլ ուշագրավ դրվագի էլ հանդիպեցի օրերս․ պաստառ էր, որն ազդարարում էր Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բարեգործական համերգի մասին՝ «Առնո Բաբաջանյան․ Ազգ իմ փառապանծ» խորագրով։ Պաստառին եմ նայում, և մոտեցավ միջին տարիքի զույգը։ Մասնակիցների նկարներին նայեցին, կարդացին։ «Ոնց որ վատը չէ, արժե գնալ, բարեգործություն կանենք»։
Իսկ երբ կարդացին, որ հասույթը գնալու է «Իմ քայլը» հիմնադրամին, դժգոհեցին ու որոշեցին չգնալ․ չնայեցին անգամ մյուս աֆիշաները։
Հ․Գ․ Երբ մեր վարչապետը հանդիպում է, օրինակ՝ Ալիևին կամ Բոլթոնի հետ է հեռախոսով զրուցում կամ իր ԱԺ և կառավարության թիմի հետ հանդիպում է և ըստ տեղեկությունների քննարկում ժողովրդի և պետության համար շատ կարևոր հարցեր, օրինակ՝ Արցախին վերաբերվող, այդ ժամանակ 24-ժամյա ամրակցված տեսախցիկները չեն նկարում, վարչապետն էլ լայվ չի անում, նախընտրում է մշակույթից խոսել, զարմանում որ Արցախից են հարցնում․․․
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը