Հունվարի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եվ՝ կիսադատարկ դահլիճ:
Սա մեր մշակութային կյանքի և քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Ակադեմիական երգչախումբը մեզ համար ազգային արժեքներ են: Բայց համակարգը կառուցված է այնպես, որ այդ ազգային արժեքի հետ հնարավորինս քիչ մարդ շփվի, քիչ մարդ հարաբերվի:
Որովհետեւ՝ չէ՞ որ դա բարձր ազգային արժեք է, «ամեն մարդու խելքի բան չէ», կերպարվեստի գլուխգործոցները պետք է պահվեն թանգարանների «պադվալներում» (պահարաններում պահվող ռոկոկո բաժակների նման), որովհետեւ դրանք արժեք են եւ ոչ թե ամենօրյա կիրառման եւ յուրացման բովանդակություն: Թանգարաններ պետք է հնարավորինս քիչ մարդ գնա, կամ ընդհանրապես չգնա: Եվ այսպես շարունակ:
Հենց այս համակարգը վերացնելն է մեր մշակութային քաղաքականության նպատակը: Նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական եւ մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման:
Եվ այս ընկալումը պետք է սերմանվի դպրոցից: Հենց այս խնդիրը, կամ խնդիրների այս համախումբը պետք է լուծի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունը»:
Մինչդեռ հունվարի 8-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրում էր․ «Քիչ առաջ, լուրերի թողարկումից իմացա, որ 2018-ին Երևանի գրախանութներում Երրորդ հանրապետության պատմության համար ռեկորդային թվով գիրք է վաճառվել։ Սա է Նոր Հայաստանը»։
Հիմա «Նոր Հայաստանը» ո՞ր մեկն է, այն Հայաստանը, որտեղ ժողովուրդը համատարած գի՞րք է կարդում, բայց միաժամանակ չի՞ գնահատում իր մշակույթը, թե՞ Հայաստանը, որտեղ ազգային արժեքը պադվալում պահելու արժանի «զարդ» է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը