01 02 2019

Ի՞նչ ասի քաղաքացին, երբ թալանում են անգամ վարչապետի նստավայրը

Ի՞նչ ասի քաղաքացին, երբ թալանում են անգամ վարչապետի նստավայրը

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Բաղրամյան 26 հասցեում: Երրորդ հարկի միջանցքում տեղադրված ցուցափեղկից գողացել են 4 հատ հուշադրամ: Այո, ճիշտ այդպես, թալանել են Նիկոլ Փաշինյանի, ՀՀ վարչապետի, գլխավոր-գերագույն հրամանատարի նստավայրը: Գուցե անհայտ անձը կամ անձինք ամենևին էլ հանցագործ կամ գող չեն, պարզապես ՀՀ հպարտ քաղաքացիներ են, որոնք որոշել են, որ իրենց հուշադրամներ են և ուղղակի վերցրել են, հիշո՞ւմ եք չէ, երբ ցուցարաները հարվածում էին Կառավարության դռանը, վրաչապետը միջամտեց՝ ասելով «իրենց դուռն է, ուզում են, խփում են»:  Եվ, իսկապես, ուզել են, տարել են:

Գողության այս դեպքն էլ կարձանագրվի և կգնա համալրելու ոստիկանության վիճակագրական տվյալները: Ինչպես օրեր առաջ Ոտիկանությունն ներկայացրեց պաշտոնական վիճակագրություն, որ մեկ տարվա կտրվածքով հանցագործությունների թիվն ավելացել է 11.2 տոկոսով: Վիճակագրությունն արդեն իսկ մտահոգիչ է, բայց երբ առանձին դեպքերն ենք ուսումնասիրում, խնդիրն այլ հարթություն է տեղափոխվում: Եվ այսպես.

  • 2018 թվականի նոյեմբերի 18-ին Երևանում թալանել են Սևանի գաղութի հատուկ բաժնի պետի Opel-ը և ՓԲԸ գլխավոր տնօրենի Volkswagen Touareg-ը:
  • Դեկտեմբերի 11-ին  թալանել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Թամամյանի մեքենան:
  • Դեկտեմբերի 20-ին թալանել են ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանը:
  • Իսկ ահա դեկտեմբերի 31-ին թալանել են Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի ավտոմեքենան:
  • Հունվարի 20-ին թալանել են Երևանի քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ:
  • Հունվարի 2-ին Երևանում թալանել են Հաշվեքննիչ պալատի գլխավոր մասնագետի տունը՝ գողանալով 15 մլն դրամից ավելի զարդեր:
  • Հունվարի 11-ին թալանել են Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի տունը:

Կարող ենք իհարկե կատարվածը շարքային հանցագործությունների թվին դասել, չէ՞ որ նշված անձինք էլ սովորական, շարքային քաղաքացիներ են: ՀՀ հպարտ քաղաքացին էլ ոչ թե թալանել է ՀՀ փոխոստիկանապետին, այլ իր փոխոստիկանապետի բնակարանից վերցրել է իրեն անհրաժեշտ իրերը, կամ էլ նույն տրամաբանությամբ մտել իր քաղաքի ճարտարապետի բնակարան, ինչու չէ նաև ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի պայուսակն է վերցրել, որովհետև նա էլ ժողովրդին է պատկանում:

Ցավալի է, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները, որոնք կոչված են ապահովելու մեր՝ ՀՀ քաղաքացիներիս անվտանգությունն ու պաշտպանությունը, իրենք իսկ անպաշտպան են:

Իսկ ամենացավալին այն է, որ անգամ բռնած հանցագործներին չեն կարողանում կալանքի տակ պահել․ հիշենք, թե ինչպես հենց դատարանից փախուստի դիմեց դատախազի տունը թալանելու փորձ արածը կամ վարկային կազմակերպությունները թալանողները։

Դեռ հուլիս ամսին Վարաչապետը, խոսելով պետական թալանի մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասում էր․ «Ապշած եմ թալանի ծավալներից: Պատկերացրեք մի երկիր, որտեղ վարչապետն ամեն օր շոկի է ենթարկվում, քանի որ իր առջև բերում, դնում են տեղեկություններ, որոնց չի ցանկանում հավատալ, որ լկտիությունն այդ աստիճանի կարող է լինել»: Պետական թալանն ավարտվեց (եթե, իհարկե, ավարտվել է կամ թալանվում էր այդպես շոկային մասշտաբով), բայց զարկ տրվեց պետական հիմնարկներից ու ժողովրդից «մասնավոր թալանին»։ Ու ամեն օր զանազան գողությունների մասին լուրերից հետո շոկի ենք ենթարկվում մենք՝ քաղաքացիներս։

Իսկապես շոկային լուր է, մի կողմ թողնելով գողոնի արժեքն ու ծավալները, ինչպե՞ս կարող է պատահել, որ մի վայր, որը ամենից պաշտպանված կառույցներից մեկը պետք է լինի մեր հանրապետությունում, հնարավոր է անարգել մտնել, ազատորեն տեղաշարժվել, անգամ հասնել երրորդ հարկ և հուշադրամներ գողանալ:

Գուցե, իսկապես ժամանակն է ուշքի գալ, հասկանալ, որ բանդիտների շքահանդես է տեղի ունենում։ Վստահաբար, ՀՀ քաղաքացիները չեն ուզում, որպես լրահոսի հերթական վերնագիր ընկալել համատարած թալանի մասին լուրերը: 

Հայաստանի իրավապահ համակարգը հասել է պատմության մեջ ամենացածր աստիճանին, դրանից այն կողմ այլևս ոչինչ չկա։ Եվ այսպես շարունակվելու պարագայում մոտենում են այդ ոչնչին։ Պարզապես սարսափելի է, երբ պետության մեջ քաղաքացին իրեն ապահով չի զգում։ Իսկ երբ ապահով վիճակում չեն նաև պետական կառույցներն ու իշխանությունը ներկայացնող անձինք, ուրեմն սովորական քաղաքացու վիճակն աղետալի է։

Սա ցույց է տալիս ուժայինների անզորությունը, բարձիթողի վիճակը, անկարողությունը։ Սա մեկ բառով կոչվում է «ԲԱՐԴԱԿ»։

Տաթև Միրզոյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ