31 01 2019

Հատուկ Էն մարդկանց համար, ովքեր ասում են, որ բան չի փոխվել

Հատուկ Էն մարդկանց համար, ովքեր ասում են, որ բան չի փոխվել

Պետական բարձրաստիճան ծառայողների կողմից միլիոնավոր դրամների պարգևատրումների թեման ոչ միայն լուրջ հարված էր իշխանությունների վարկանիշին, այլև ինչ-որ իմաստով բեկումնային երևույթ։ Բանն այն է, որ սովորաբար Նիկոլ Փաշինյանն է իր լայվերով հրապարակ նետում ինչ-որ թեմա, որին հաջորդում են քննարկումները։ Այս անգամ արդեն նա էր ստիպված անդրադառնալ բարձրացված խնդրին։ Հանրության արդարացի դժգոհության պատճառ դարձած հարցի մասին խոսելով, վարչապետը ոչ ավել, ոչ պակաս արդարացրեց նման պարգևատրումները՝ հերթական անգամ ցույց տալով, որ աղքատության, չարաշահումների, կոռուպցիայի և նմանատիպ այլ երևույթների մասին նրա բոլոր բոցաշունչ ելույթները սովորական կեղծավորություն էին։ Այդ տպավորությունը ցրելու համար, իշխանական ագիտպրոմն այս օրերին հրապարակ նետեց մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարության վեցամսյա գործունեության ժամանակ իբր կատարված աշխատանքների ամփոփման նման ինչ-որ նոր հայտարարություն։

Վարչապետի պաշտոնակատարի վերջին «ամփոփմանն» անդրադարձել ենք կետ առ կետ՝ հիմնավորելով դրանց մի մասի՝ բացահայտ սուտ, մյուս մասի՝ խեղաթյուրված լինելը, նախորդ կառավարության արձանագրած արդյունքներն իրեն վերագրելը։ Առօրյա հարցերի լուծում մշտապես կատարել են բոլոր իշխանությունները, բայց ոչ ոք դա չի ներկայացրել որպես նվաճում։ Դա շատ նման էր աղբի, «բուտկաների» և մեքենաների կարկասների վերացումը «ահռելի փոփոխություններ» համարելուն։

Այս օրերին համացանցում շրջանառվող հայտարարությունը՝ իշխանության արածների մասին, մի քանի ամիս առաջվա Նիկոլ Փաշինյանի ելույթից փոքր-ինչ տարբերվում է նրանով, որ դրա մեջ ավելացել են մի քանի աննշան իրադարձություններ, որոնց մի մասն էլ ոչ թե արվել է, այլ պետք է արվի։ Օրինակ՝ «Մինչև 2019թ տարվա վերջ լուծվելու է Արմաշի խմելու ջրի խնդիրը։ Կառավարությունը 15 միլիոն դրամ է հատկացրել համայնքի ջրամբարի կառուցման համար»։ Կամ՝ «50 արվեստագետ 1400 հանրակրթական դպրոցներում կխոսի գրականությունից, երաժշտությունից և կերպարվեստից»։

Եվ այս զավեշտը վերնագրված է «Էն մարդկանց համար, ովքեր ասում են, որ բան չի փոխվել»։ Զարմանալի է, թե ինչպե՞ս այս տեքստում ներկա իշխանության նվաճում չի ներկայացվել Երևանի քաղաքապետարանի կողմից նոր տոնածառի  ձեռք բերումը կամ Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ «օդում կախված լուրերի համաձայն» երեխաների օրգանների վաճառքի մասին «բացահայտումը»։

Մի խոսքով, այժմ ներկայացնենք իրական տեղեկատվությունն «Էն մարդկանց համար, ովքեր ասում են, որ բան չի փոխվել» և «էն մասին, թե ինչն է փոխվել» սոցիալ-տնտեսական վիճակի մեջ Նիկոլ Փաշինյանի կառավարման 9 ամիսների ընթացքում

1.      Փակվել է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, և առանց աշխատանքի մնացել շուրջ 650 մարդ։ Ձեռնարկությունը փակվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի պետական տեսչության կողմից հավելյալ տուգանք նշանակելու հետևանքով։

2.      Կասեցվել է Ամուլսարի հանքավայրի 370 մլն դոլարոնց ներդրումային ծրագիրը, որը սկսվել էր իրականցվել 2015 թ-ից։ Դրա հետևանքով աշխատանք են կորցրել այդ ծրագրի մեջ ներգրավված շուրջ 1200 մարդ։

3.      Թե՛ Ալավերդու գործարանի փակման, թե՛ Ամուլսարի հանքավայրի ծրագրի դադարեցման հետևանքով փակվել են նաև դրանց հարակից առևտրի և ծառայությունների ոլորտի փոքր օբյեկտներ, որոնց սեփականատերերն ու աշխատակիցները ևս համալրել են գործազուրկների բանակը։

4.      Նախարարությունների և այլ պետական կառույցների «օպտիմալացման» հետևանքով հարյուրավոր աշխատողներ գործազուրկ են դարձել, որոնց թիվը առաջիկայում սպասվող կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետևանքով կավելանա։

5.      Կասեցվել է Երևանի նոր ՋԷԿ-ի կառուցումը, որի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել էր նախորդ կառավարության կողմից։ Խոսքը շուրջ 300 մլն դոլար ներդրումային ծրագրի մասին է, որի շինարարության ժամանակ պետք է ստեղծվեր շուրջ 1000 ժամանակավոր աշխատատեղ, իսկ գործարկումից հետո՝ 200-300 մշտական աշխատատեղ։ Զավեշտն այն է, որ այս իշխանության կողմից կասեցված այս ծրագիրը հիմա ներկայացվում է որպես նրա կողմից «կատարված աշխատանք» ապագայում։

6.      Էներգետիկ ոլորտի մեկ այլ խոշոր՝ Շնողի ՀԷԿ-ի 150 մլն դոլարանոց ներդրումային ծրագիրը, որը պետք է սկսվեր իրագործվել անցյալ տարի և որի վերաբերյալ կառավարության որոշում էր ընդունվել, նույնպես կասեցվել է։

7.      Կասեցվել է արդեն մեկնարկած Գյումրու զբոսաշրջային կենտրոնի կառուցումը։ Այս ներդրումային ծրագրով էապես բարձրանալու էր Գյումրին զբոսաշրջային գրավչությունը, նպաստելով քաղաքի նոր աշխատատեղերի ստեղծմանը և քաղաքի բնակչության սոցիալական կացության բարելավմանը։

8.      Գյուղատնտեսությունում տվել ենք շուրջ 16 մլրդ դրամի կորուստ, քանի որ Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց հուլիս-օգոստոս ամիսներին Սևանից ջրառ կատարել, և շոգի պատճառով բերքը ոչնչացավ։

9.      Բերքի մեծ կորստի պատճառով մրգի և բանջարեղենի գինն ամռանը և աշնան սկզբին աննախադեպ բարձրացան։ Աննախադեպ գնաճը զսպելու մասին խոստում տվեց Նիկոլ Փաշինյանը, ինչը, սակայն, տեղի չունեցավ և չէր էլ կարող տեղի ունենալ, քանի որ սակավ բերքի պայմաններում դրա գինը պետք է բարձրանար։
Մսի գինը բարձրացել է սուպերմակետներում անհատ ձեռնարկատերերի գրանցումը չեղյալ հայտարարելու և հարկման ավելի բարձր դաշտ անցնելու՝ Նիկոլ Փաշինյանի պահանջի պատճառով։ Օրինակ՝ տարիներ շարունակ 1 կգ-ն 2700 դրամ տավարի միսը դարձավ 1 կգ-ը 3100 դրամ։

10.  Երևանի քաղաքապետարանը բարձրացրեց տեղական տուրքերը և վճարները, որի հետևանքով կթանկանան ռեստորանների, հյուրանոցատիպ հաստատությունների և սրճարանների ծառայությունների արժեքը, կկրճատվեն աշխատատեղեր։

Երևանի քաղաքապետարանը բարձրացրեց երաժշտական և արվեստի դպրոցների ուսման վճարները։

11.  Հայաստանից գումաների մեծ արտահոսք տեղի ունեցավ, հատկապես՝  հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Եթե 2017թ-ի 11 ամիսներին Հայաստանից մասնավոր փոխանցումների տեսքով դուրս էր եկել 874 մլն դոլար,  2018 թ-ի 11 ամիսներին՝ 1 մլրդ 65 մլն դոլար կամ 191 մլն դոլարով ավելի նախորդ տարվա համեմատ։

12.  Խորացավ արտահանման-ներմուծման բացասական հաշվեկշիռը, ինչը նշանակում է, որ այս ճանապարհով ևս Հայաստանից գումարների արտահոսքը ավելացել է։ եթե 2017թ-ի 11 ամիսներին այդ տարբերությունը 1 մլրդ 757 մլն դոլար էր, ապա 2018թ-ի 11 ամիսներին՝ 2 մլրդ 319 մլն դոլար։ Այսինքն, այս պատճառով էլ հավելյալ շուրջ 562 մլն դոլար դուրս է եկել երկրից։

13.  Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան մտնող (ներհոսք) և Հայաստանից դուրս եկող (արտահոսք) գումարների տարբերությունը ևս նվազել է։ 2017 թ-ի 11 ամիսներին 687 մլն դոլար զուտ ներհոսքի դիմաց 2018 թ-ի 11 ամիսներին զուտ ներհոսքը կազմել է 546 մլն դոլար կամ 141 մլն դոլարով քիչ գումար է մտել Հայաստան։ Դա, ինչպես արդեն նշվեց, տեղի է ունեցել բացառապես Հայաստանից գումարների արտահոսքի ավելացման պատճառով։  

14.  Արտահանման աճը տարվա ընթացքում նվազել է։ 2018 թ-ի առաջին եռամսյակում, մինչ ապրիլ-մայիսյան ցնցումները, արտահանումը Հայաստանից աճել էր 34,4 տոկոսով, իսկ 11 ամիսների արդյունքում՝ 9,8 տոկոսով․ աճի տեմպի առավել քան սրընթաց անկում։

15.  Գյուղատնտեսությունում եթե տարվա առաջին եռամսյակում 2,2 տոկոս աճ կար, ապա տարեվերջին՝ 11 ամիսների արդյունքով արդեն անկում՝ 8,1 տոկոսով։ Դրա պատճառի և մեղավորի մասին ասվեց վերևում։

16.  Շինարարությունը, որ 2000-ականների թռիչքային աճ էր ունեցել և որի ծավալները 2009-ից սկսած՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով, տարեց տարի նվազել էին, 2018 թ-ին վերջապես կայուն և բարձր աճ սկսեց արձանագրել։ Առաջին եռամսյակում շինարարությունն աճել էր 23 տոկոսով։ Սակայն անցած տարվա արդեն 11 ամիսների արդյունքում աճի տեմպը նվազելով, հասել է արդեն 5,5 տոկոսի։ Միանշանակ է, որ այս տարվա առաջին եռամսյակում այստեղ անկում է արձանագրվելու։

17.  Աճի տեմպի կտրուկ անկում են արձանագրել ամենամեծ ծավալներ ունեցող ճյուղերը՝ արդյունաբերությունը և առևտուրը։ Արդյունաբերության ծավալների նվազումը հանգեցրել է նրան, որ տնտեսության համար առանցքային այս ճյուղն իր ծավալներով տարվա ընթացքում սկսեց զիջել ոչ միայն առևտրին, այլև ծառայություններին։ Ծառայությունների ոլորտի փոքր աճն էլ պայմանավորված է բացառապես ամռանը ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի վրա դրված խաղադրույքներով։

18.  Եվ վերջապես՝ սրընթաց իջել է տնտեսական ակտիվության աճը։ Նախաապրիլյան շրջանում՝ հունվար-մարտին աճը կազմել էր 10,6 տոկոս, իսկ տարեվերջին, 11 ամիսների արդյունքով՝ 5,7 տոկոս։

Տնտեսական աճի տեմպի նման նվազումը այն հիմնական ցուցանիշն է որը փաստում է տնտեսական մյուս բոլոր ցուցանիշների վատթարացումը և այս իրավիճակում խոսել ինչ-որ դրական ցուցանիշների մասին, պարզ խաբեություն է։

Արա Մարտիրոսյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ