14 01 2019

Ռոբերտ Քոչարյանի գործը՝ ապօրինությունների շարան․ ինչպե՞ս են հետո պատասխան տալու

Ռոբերտ Քոչարյանի գործը՝ ապօրինությունների շարան․ ինչպե՞ս են հետո պատասխան տալու

Փաստաբանական թիմը բազմիցս պնդել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործի հարուցումն ապօրինի է։ Հիշեցնենք` մեղադրանքը քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով է՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում։

Դեռևս մի կողմ թողնենք փաստը, որ Նախագահն անձեռնմխելի է, ինչից ելնելով՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը կայացրեց հայտնի որոշումը, ինչն էլ բեկանեց վճռաբեկ դատարանը։ Հարցն այստեղ այլ է․ եթե անձեռնմխելիությունը չենք դիտարկում, միևնույն է՝ արդարադատության համակարգն ինքը կատարել է Սահմանադրության կոպիտ խախտում։

Բերենք ասածը հիմնավորող կոնկրետ փաստ․

2008թ․ մարտյան իրադարձություններից հետո զանգվածային անկարգություններ կազմակերպել-իրականացնելու համար հարուցվեցին քրեական գործեր։ Դրանցից մեկը 7-ի գործն էր, որում ներառված էին Ալեքսանդր Արզումանյանը, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Շանթ Հարությունյանը՝ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ և 300-րդ հոդվածի 1-ին մասով, Մյասնիկ Մալխասյանը՝ 225-րդ հոդվածի 3-րդ, 300-րդ հոդվածի 1-ին մասերով, ու 28-316-րդ հոդվածի 2-րդ մասով, Սասուն Միքայելյանը՝ 225-րդ հոդվածի 3-րդ, 300-րդ հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին և երկրորդ մասերով։

Նրանք մեղադրվում էին այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ իրականացրել են ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն, և պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ, կազմակերպել սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ։

2009թ․ մարտի 18-ին, ԱԺ-ն փոփոխություն ու լրացում է անում քրեական օրենսգրքի 225 և 300-րդ հոդվածներում, ինչի արդյունքում 300-րդ հոդվածում սահմանում է հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր։ 300–րդ հոդվածն իրավական որոշակիության պահանջներին չհամապատասխանելու պատճառով վերացվում է։ 300-րդ հոդվածի տրոհման արդյունքում ավելանում է 3 այլ հոդված, որոնցից մեկը 300․1 հոդվածն է։ 225-րդ հոդվածի երրորդ մասն էլ ուժը կորցրած է ճանաչվում, այսինքն՝ ծանրացուցիչ հանգամանքներով հանցակազմը՝ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունները, մասնակի ապաքրեականացվում է։

Մարտի 31-ին, արդեն, մեղադրող դատախզներ Կ․ Փիլոյանը, Ա․ Նադոյանը, Հ․ Սարգսյանը, Ա․ Ամիրզադյանը, Լ․ Թադևոսյանը և Հ․ Հարությունյանը հրաժարվում են 300-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքից, իսկ 225-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխում է։

Նրանք նշում են՝ քանի որ քր օր 13-րդ հոդվածի 2-րդ մասով արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի 7-ի գործով մեղադրյալների նկատմամբ քր օր 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։ 

Արդյունքում 7 մեղադրյալների նկատմամբ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի առաջին մասով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվում են՝ վերջիններիս արարքում հանցակազմի բացակայության պատճառով։

225-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը փոփոխվում է և նոր մեղադրանք է առաջադրվում 225-րդ հոդվածի 1-ին մասով։

Այժմ՝ 10 տարի անց, նույն հոդվածով գործ է հարուցվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Համաձայն փաստաբանների, որոնք էլ հղում են անում Սահմանադրությանը, հոդվածներում փոփոխություներին և նախադեպին, իրենց պաշտպանյալի նակատմամբ չի կարող կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը։ 2008թ.–ին, երբ տեղի են ունեցել մարտի 1-ի իրադարձությունները, քրեական օրենսգրքում նման հոդված գոյություն չի ունեցել։ Իսկ Սահմանադրության 72-րդ հոդվածն արգելում է ՀՀ քաղաքացուն դատապարտել ավելի ծանր պատժի, քան այն, որը ենթակա էր նրան մեղասագրվող հանցանքի պահին։ Ավելին, Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն, «իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։

Բացի այն, որ գործ ունենք իրավիճակի հետ, երբ քրեական գործի հարուցումն ապօրինի է, կա մեկ այլ հարց՝ կիրառվում են երկակի ստանդարտներ։ Հիշյալ 7-ի գործով անցնողների պարագայում դատախազները հրաժարվում են մեղադրանքից՝ համարելով, որ 2009թ․ փոփոխված 300-րդ և 300․1-րդ հոդվածները 2008 թվականին գործող 300-րդ հոդվածի համեմատ վատթարացնում են մեղադրյալի վիճակը, բայց Ռոբերտ Քոչարյանի պարագայում նշվում է, թե չի վատթարացնում վիճակը։

Սրանք զարմանալի փաստեր են, բայց զարմանքին զուգորդվում է զավեշտը․ 2009 թվականի մարտի 31-ին հիշյալ 7 մեղադրյալների նկատմամբ 300-րդ հոդվածով մեղադրանքից հիմնավոր կերպով հրաժարված 6 դատախազներից մեկը Լիլիթ Թադևոսյանն է։ 2018 թվականի նոյեմբերի 15-ին նույն Լիլիթ Թադևոսյանը, որպես վճռաբեկ դատարանի դատավոր և Վճռաբեկ դատարանի քրեական պլատի նախագահ, բեկանեց Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը։

Լիլիթ Թադևոսյանը դոկտորական կոչումը ստացել է Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն որակավորման հանձնաժողովից, վերապատրաստվել Սանկտ-Պետերբուրգում, հեղինակ է շուրջ 60 գիտական աշխատությունների, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալ և վարչապետի շնորհակալագիր ունի։ Եվ փաստորեն, նման կենսագրությունն ունեցող դատավորը հանկարծ իր նախկին որոշմանը հակասող որոշում է կայացնում։ Ինչո՞ւ։

Թե՛ հայտնի գաղտնալսված ձայնագրությունները, թե՛ վարչապետի՝ դատավորների վրա հրապարակային մատթափտվոցիները, թե՛ մի քանի այլ հանգամանքներ ստիպում են արդեն ոչ միայն քաղաքական գործիչներին, նաև իրավաբաններին ու փաստաբաններին հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իշխանության վերին օղակի կողմից՝ դատախազության, քննչական ապարատի և դատական ապարատի միջոցով։ Նիկոլ Փաշինյանի օրոք փոխվեց վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, և հուլիսի 20-ին այդ պոստը 6 տարով հանձնվեց Լիլիթ Թադևոսյանին։ Գուցե փոխհատուցման ժամը նոյեմբերի 15-ի՞ն էր հասել՝ Ռոբերտ Քոչարյանի մասով որոշումը բեկանելիս։

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ