Դեկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ տոնական օրերին ճանապարհային ոստիկանությունn իրականացրել է աննախադեպ ուժեղացված ծառայություն: «Հունվարի 1-ից 7-ը ճանապարհային ոստիկաններն արձանագրել են 1630 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Անցած տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 483 էր: Նույն օրերին ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 267 տրանսպորտային միջոց, 212-ով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածից: 8 օրում հայտնաբերվել է 225 ոչ սթափ վարորդ, անցած տարի նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 9-ը»:
Ոստիկանությունը, հավանաբար, տվյալները ներկայացնում է որպես ձեռքբերում՝ սկսել են լավ աշխատել։
Սակայն իրականությունը բոլորովին այլ է՝ եթե այսպես կոչված Նոր Հայաստանի ոստիկանությունն ու քաղաքացին փոխվել են, ապա պետք է այդ դեպքերը նվազեին։ «Ո՛չ բռնի, թավշյա հեղափոխություն» իրականացրած քաղաքացին, որը, ըստ վարչապետի, 2018 թվականի մայիսից հետո զբաղված է եղել հիմնականում գիրք կարդալով, պետք է որ անսթափ չնստեր ղեկին, ՃՈ հատուկ տարածքը պետք է դառնար խոպան հող, ոստիկաններն էլ պետք է մայրուղիներին պարապությունից ձնագնդի խաղային։ Այնինչ պարզ է և թվերն էլ վկայում են, որ ՀՀ հպարտ ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին, իսկ ամենաթողության արդյունքում հանցավորությունն ու օրինազանցությունն աճում է մի քանի անգամ։
Ոստիկանության տարածած հաղորդագրությունում մեկ հետաքրքիր դրվագ ևս կար. «Դժվար է ասել, թե ճանապարհային ոստիկաններն այս օրերին քանի ՃՏՊ են կանխել ու քանի մարդկային կյանք փրկել, սակայն մեկ բան հաստատ է ճանապարհային ոստիկանությունն իր տեղում է և պատվով իրականացնում է իր առջև դրված ցանկացած խնդիր»:
Հիշեցնենք, որ «հեղափոխությունից» հետո խոշոր հաշվով, փոխվել է միայն ոստիկանապետը, իսկ ոլորտի կադրերը մնացել են նույնը, պարզապես համակարգում փոխատեղումներ են եղել։ Եթե ոստիկանությունը նույնն է, ոստիկանության հաղորդագրությունը գրողը նույնն է, տուգանողները նույնն են, ուրեմն ի՞նչ լավ աշխատանքի մասին է խոսքը, նախորդիվ տեսնում էին օրինազանցություններ ու հանցագործություններ և ա՞չք էին փակում, հանցավոր անգործությո՞ւն ցուցաբերում։ Այդ դեպքում նույն մարդիկ ինչո՞ւ այսօր մեղադրյալի աթոռին չեն։
Կրկնում ենք ակնհայտ փաստը՝ ոստիկանությունն իր տեղում չէ՝ ոստիկանապետից սկսած։ Ու դա վկայում է թեկուզ մեկ օր առաջ տեղի ունեցած դեպքը։ Նախկին «հանցավոր իշխանության» օրոք չի եղել գեթ մեկ դեպք, երբ խուլիգանները կանգնեցնեն զորակոչիկներով լի ավտոբուսը և հայհոյանքներով, քաշքշուկով հարաբերություններ պարզեն։ Այն ժամանակ գոնե, բանակը սրբության պես էր, իսկ ոստիկանությունն ուղեկցում էր նորակոչիկներով լի ավտոբուսին։
Նախկինում, գոնե, կին վարորդին չէին դանակահարում ու խլում ավտոմեքենան։
Նախկինում բնակարանային գողություններն այսքան շատ չէին։ Իսկ հիմա արդեն փոխոստիկանապետին են թալանում, քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդականին և այլն։
Սա բոլորովին չի խոսում ոստիկանության լավ ու վատ աշխատանքի մասին, սա խոսում է պետության, իշխանության բացակայության մասին։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում այլևս քաղաքացին անվտանգ չէ։ Սա լրջագույն մարտահրավեր է ու սրա հետ ոչ Ռուսաստանը կապ ունի, ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ «նախկին հանցավոր ռեժիմը»։ Սա կոնկրետ օրվա իշխանության անկարողության վկայությունն է։
Լուիզա Ավագյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը