08 01 2019

«Բացահայտումներն» այդպես էլ մնում են որպես քարոզչություն, իսկ բյուջեն թերկատարվում է

«Բացահայտումներն» այդպես էլ մնում են որպես քարոզչություն, իսկ բյուջեն թերկատարվում է

2018-ի 11 ամիսների պետական բյուջեի ցուցանիշները, որոնք հրապարակել է ազգային վիճակագրական ծառայությունը, վկայում են, որ պետական բյուջեի տարեկան եկամուտների ծրագրի կատարումը հարցականի տակ է։ Ինչպես նշել էինք նախորդ հրապարակման մեջ, Նիկոլ Փաշինյանի հրապարակ նետած գլխավոր «կուտը»՝ այսպես կոչված «կոռուպցիոն բացահայտումները» և դրա արդյունքում իբր «ժողովրդից գողացածը կոպեկ, կոպեկ վերադարձնելու» հայտարարությունը, պարզապես իրականությանը չի համապատասխանում։ «Բացահայտումներն» այդպես էլ մնում են որպես քարոզչություն, իսկ պետական բյուջեն ոչ թե լրացուցիչ գումարներ է ստանում «թալանված միլիարդների» վերադարձնելու շնորհիվ, այլ ընդհակառակը՝ այս պահի դրությամբ թերակատարվում է։

Այսպիսով, 2018 թ․-ի հունվար-նոյեմբերի տվյալներով, պետական բյուջեի զուտ հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 104 մլրդ դրամ։ Սա չենք համադրում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, այս տարվա համար նոր՝ «հարկերի անցումային գերավճար» ցուցանիշի ներմուծման պատճառով։ Այդ ցուցանիշը ցույց է տալիս, թե որքան գումար է վերադարձվել արտահանող ընկերություններին, որոնք ազատված են ավելացված արժեքի հարկից։ Այս տարվա ընթացքում վերադարձվել է 55 մլրդ դրամ, բայց հունվար-փետրվար ամիսներին՝ նախորդ կառավարության կողմից բարձր տնտեսական աճի շնորհիվ։ Սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարման հետևանքով արձանագրվող տնտեսական հետընթացը և որպես դրա հետևանք հարկային մուտքերի ամսեամիս նվազումը նման հնարավորություն արդեն չի տալիս։

Այսպես, նոյեմբերին զուտ հարկային եկամուտները, որ մուտք են գործել պետական բյուջե, կազմել են մոտ 102 մլրդ դրամ։ Հոկտեմբերին այդ ցուցանիշը 113 մլրդ դրամ էր, սեպտեմբերին՝ 115 մլրդ դրամ։ Հիշեցնենք նաև, որ այս տարվա ինը ամիսների ցուցանիշների համաձայն, որը հրապարակել էր ֆինանսների նախարարությունը, հարկային եկամուտների ծրագիրը թերակատարվել էր 3 տոկոսով կամ 28 մլրդ դրամով։ Այսինքն, նախատեսված հարկային եկամուտներից այդքան գումար պակաս էր հավաքվել՝ հակառակ «թալանված» գումարները վերադարձնելու մասին Նիկոլ Փաշինյանի ամպագոռգոռ հայտարարությունների։

9 ամիսներին բյուջեի եկամուտների թերակատարումը և վերջին երկու ամիսներին հարկային հավաքագրումների նվազումը քիչ հավանական են դարձնում պետական բյուջեի մուտքերի տարեկան ծրագրի կատարումը։ Ինչպես նշվեց վերևում, տարվա 11 ամիսների արդյունքում հավաքվել է 1 տրլն 104 մլրդ դրամ, իսկ պետական բյուջեի տարեկան ծրագրով պետք է հավաքվի 1 տրլն 248 մլրդ 500 մլն դրամի հարկեր և տուրքեր։ Սա նշանակում է, որ միայն դեկտեմբեր ամսին պետք է հավաքվի 144 մլրդ դրամի հարկային եկամուտներ։ Մինչդեռ, ամբողջ անցած տարվա ընթացքում չի եղել այդպիսի դեպք, որ մեկ ամսում հավաքվի 144 մլրդ դրամի հարկային եկամուտ։ Հետևաբար, հարց է առաջանում ինչի՞ հաշվին է հավաքվելու այդքան գումար դեկտեմբեր ամսին։

Անգամ այն փաստը, որ դեկտեմբերը տարվա տնտեսապես ամենաակտիվ ամիսն է, տվյալ դեպքում ոչինչ չի նշանակում։ Համեմատության համար նշենք, որ 2017-ի դեկտեմբերին, երբ տնտեսական առավել բարձր աճ էր արձանագրվում, հավաքվել էր ընդամենը 114 մլրդ դրամ։ Ներկա փուլում, երբ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում վերջին ամիսներին անկում է արձանագրվում, հուսալ, որ 144 մլրդ դրամ կհավաքվի, անիմաստ է։ Գուցե ազգային վիճակագրական ծառայությունը «օգնության» հասնի և ինչ որ արդյունքներ ապահովի թղթի վրա, բայց դա էլ հեշտ չէ՝ խոսքն, ի վերջո, իրական գումարների մասին է։

Մնում է միայն սպասել և տեսնել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խուսափելու իր հիմնական խոստումներից մեկը չկատարելու պատասխանատվությունից։ Ի վերջո, աստիճանաբար ավելի ու ավելի դժվարանում է սեփական ձախողումների մեջ ուրիշներին մեղադրելն ու դրանով մարդկանց խաբելը։

Արա Մարտիրոսյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ