08 01 2019

Իսկ նա «յոլա գնալու» ռեժիմի ավարտ էր խոստանում

Իսկ նա «յոլա գնալու» ռեժիմի ավարտ էր խոստանում

Սովորաբար, տարին սկսում ենք հաշվարկներով ու վերլուծություններով, թե նախորդ տարին ինչ հաջողություններ է գրանցել կառավարությունը և ինչ բացթողումներ է արել։

Վիճակագրական ծառայությունը դեռևս տարեկան ցուցանիշներն ամփոփ չի ներկայացրել, սակայն 11-ամսյա թվերն էլ բավական են նշելու համար, որ եթե տարվա գլխավոր ձեռքբերում էր համարվում իշխանափոխությունը, ապա հետիշխանափոխության ընթացքի կառավարման արդյունքում այն այլևս ձեռքբերում չի կարելի համարել։ Այսօրվա կառավարությունը, ցավոք, շատ արագ քայլերով է գերազանցում նախորդի ձախողումները և դրան ավելացնում է թե՛ արտաքին, թե՛ ներքին անվտանգության կասկածելի մակարդակը։

Միակ տարբերությունը, թերևս, այն է, որ այդ ձախողումները ներկայացվում են դրական լույսի ներքո, իսկ քաղաքացիների մի ստվար բանակ էլ հրճվում է ու հավատով լցվում անհասկանալի ապագայի հանդեպ։

Մենք ցուցանիշներին, ձախողումներին, տված ու չկատարած խոստումներին կանդրադառնանք կետ առ կետ՝ սկսած ապրիլյան քայլարշավից։ Իսկ այժմ անդրադառնանք ցուցանիշներից ընդամենը մեկին։

Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը հունվար-նոյեմբերին նվազել է 8.1%-ով, իսկ 2017-ի նոյեմբերի համեմատ՝ 8.3%-ով։ Հիշեցնենք, որ գյուղատնտեսությունը նախորդ տարի ևս անկում ունեցել էր, սակայն 2018-ի անկումը ռեկորդային է։

Զարմանալիորեն, անգամ այս անկումն է ներկայացվում որպես խոշոր հաղթանակ։ Երբ վարչապետը նախընտրական քորազարշավ էր իրականցնում, նա արդեն տեղյակ էր թվերին։ Սակայն մարզային այցելությունների ժամանակ, օրինակ՝ դեկտեմբերի 3-ին Վեդիում, ոչ թե խոսում էր անկման մասին, այլ՝ «2018-ի ընթացքում ՀՀ-ից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն դոլարով»։ Մեկ այլ առիթով վարչապետն ասում էր, որ 2018-ին գյուղմթերքի՝ 35 հազար տոննայով ավելի շատ արտահանում է եղել։

Այս անկումն ավելի հուսահատեցնում է, երբ մենք հիշում ենք գյուղատնտեսության մեջ հեղափոխություն անելու մասին հայտարարություննները։ Օգոստոսի 27-ին գյուղմթերքի շուկա այցելած վարչապետը զարմանում էր, թե ինչու է լոլիկը 800, տանձը՝ մինչև 2 հազար դրամ, վարունգն ու ձմերուկը՝ ևս «կրակի գին»։ Երկրի ղեկավարի անտեղյակությունը շարունակվեց մինչև տարեվերջ։

Հունվարի 5-ին Երևանյան շուկայում ներկրման մենաշնորհից զրկված բանանը 900 դրամ էր, պոմիդորը՝ 2800, փոքրիկ կապ կանաչին՝ 300 դրամ։ Շեշտենք՝ նման գին վաղուց չէր եղել։

«Յոլա գնալու ռեժիմը պետք է հանենք, հիմա առաջ գնալու ժամանակն է, հերիք է՝ ինչքան յոլա գնացինք»,- գյուղացիներին ասում էր վարչապետը։ 8 տոկոսից ավելի անկում գրանցած մարդուն ասել «յոլա գնալու ռեժիմը հանի», այն դեպքում, երբ նրան այլ ռեժիմ չես առաջարկում, նույն է, թե ծաղրել նրան։

 

Ահարոն Համբարձումյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ