Հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի-Աղստաֆա հատվածում բանակի ստորաբաժանումները փոխարինվել են պետական սահմանապահ ծառայությամբ։ Ադրբեջանի նախագահի այս հանձնարարականի մասին սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը հայտնեց դեկտեմբերի 14-ին, իսկ դեկտեմբերի 26-ին, արդեն, շփման գծի Բաղանիս-Ոսկեպար հատվածի մարտական դիրքերում հայտնվեցին ադրբեջանցի սահմանապահները։ Համաձայն Ռազմինֆո-ի՝ ամենայն հավանականությամբ առաջնագիծ է բերվել «Շամքորի» սահմանապահ ջոկատի ենթակայության տակ գտնվող ուղեկալներից մեկի անձնակազմը:
Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին վերափոխում է ուժերը։
Ղազախիում էր տեղակայված և հիշյալ հատվածը վերահսկում էր Ադրբեջանի ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող 707-րդ մոտոհրաձգային բրիգադը: Իսկ բրիգադը ղեկավարում է հայտնի Ռամիլ Սաֆարովը, որը կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին։
Այժմ այդ հատվածը ռեզերվում է կուտակվում, որն անհրաժեշտության դեպքում պետք է օգնության հասնի ռամաճակատայիններին։
Կատարվածի պաշտոնական բացատրություն չկա, թեև կան մի շարք ենթադրություններ, որոնց մի մասը բավականաչափ հիմնավոր է։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը թեև ունի արագ արձագանքման ստորաբաժանումներ, տանկեր, զրահամեքենաներ, ավիացիա, այնուամենայնիվ, զիջում է բանակին։ Ադրբեջանն ակնհայտորեն փոքր-ինչ թուլացնում է լարվածությունը սահմանի այդ ուղղությամբ։
Սահմանի այս հատվածում հրադադարը ոչ հաճախ, բայց խախտվում էր՝ հիմնականում սահմանամերձ գյուղերի բնակիչներին անհանգստություն պատճառելով։ Այժմ հետքայլ կատարելը ենթադրել է տալիս, որ գոնե այդ հատվածում Ադրբեջանն ունի երաշխիք, որ հայկական կողմից որևէ ուժի գործադրման չի կարող սպասել։ Ընդ որում, դատելով նրանից, որ հայկական կողմի պաշտպանությունը մնում է նույնությամբ, ուրեմն սա, ամենայն հավանականությամբ, հայ-ադրբեջանական վերելակային պայմանավորվածությունների արդյունք չէ։
2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ ադրբեջանական բանակը հարձակումներ ու հրադադարի լայն խախտումներ էր իրականացնում նաև հայկական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի կողմից։ Այն ժամանակ ՀԱՊԿ-ի արձագանքը, թե՝ Հայկական սահմանին ոտնձգությունը նաև ՀԱՊԿ-ի նկատմամբ է ոտնձգություն, նրան զսպեց։ Հիմա, ամենայն հավանականությամբ, հենց ՀԱՊԿ-ից նաև երաշխիք ունի Ադրբեջանը, որ սահմանի այս կողմից կարող է լարվածության չսպասել։ Ու այդ պայմանավորվածության մեջ Հայաստանը չկա։ Այստեղից հանելով զորքը, Ադրբեջանը զուգահեռաբար ուժեղացնում է ղարաբաղյան ճակատը՝ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների գործելակերպով հայտնի սաֆարովներ լցնելով այնտեղ։
Հավանականությունը մեծ է որ Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող 707-րդ մոտոհրաձգային բրիգադը, որը ղեկավարում է Ռամիլ Սաֆարովը, մոտ ապագայում Արցախի հետ սահման տեղափոխվի, որտեղ արդեն չի գործում «ՀԱՊԿ-ի նկատմամբ ոտնձգություն» եզրույթը, ինչը նրան կզսպեր հայկական սահմանի պարագայում։
Ուշագրավ է նաև այն, որ Տավուշի հատվածում պաշտպանությունը փոքր-ինչ թուլացնելով, Ադրբեջանը նույնը չի անում Նախիջևանի ուղղությամբ, ավելին, հայտարարում է, թե այնտեղ նորանոր հաջողություններ է գրանցել՝ նոր տարածքների տիրապետելու տեսքով։
Այս ամենի ֆոնին, երբ Հայաստանի ներկա ղեկավարությունը հայտարարում է, թե սահմանը երբեք այսքան խաղաղ չի եղել, տպավորություն է ստեղծվում, որ կամ մերոնք չեն տիրապետում իրավիճակին կամ էլ հաշտվում են դրա հետ։ Իսկ Արցախի ՊՆ-ն ահազանգում է արդեն, որ վերելակային պայմանավորվածությունն Ադրբեջանը խախտում է։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը