21 12 2018

Փաշինյանն ազատ կարձակի՞ գլխավոր քաղկալանավորին

Փաշինյանն ազատ կարձակի՞ գլխավոր քաղկալանավորին

Ապրում ենք տարօրինակ՝ թավշյա ու հեղափոխական ժամանակահատվածում, երբ պետության ղեկավարը խոստանում է մի բան, իսկ հետո անում է խոստացածի ճիշտ հակառակը: Փաշինյանն իր ամեն ասածը հաջորդ օրն իսկ խմբագրում է: Նախ յուրայինների ասածները «բլթոց» է որակում, բայց հետո դարձնում է գործունեության հիմք, նաև բացահայտում, որ դրանք հենց այն՝ դեսպանատներից թելադրված ուղղորդումներն են, որոնք հնչել են իր իսկ հանձնարարականով: 

Այսպես սպիտակ փոքրամասնության մտածողություն ներմուծվեցին «ով քպական չէ՝ թշնամի է», «ով հեղափոխական չէ՝ հանցագործ է», «էդ ո՞ր դատավորն է, որ իմ ասածը չանի», «ով իմ ասածը չանի՝ պատին կծեփվի», «ով կռապաշտ չէ՝ տեղ չունի նոր Հայաստանում», «մեզ ընդդիմություն պետք չէ», «Իլհամը քաղաքակիրթ է», «Ադրբեջանը թշնամի չէ», «հեղափոխությունը կարևոր է Արցախից» կարծրատիպերը: Այսպես ստեղծվեց հեղափոխական պարագիդման, որի դրույթներն անշեղորեն ու առանց որևէ վերապահման գործադրվում էին ընդհուպ մինչև բացառիկ արտահերթի արդյունքների ամփոփումը:

Երբ հայտարարվեց, որ բողոքարկումներ չեն լինելու և «ազատ, արդար, թափանցիկ»-ից բոլորը գոհ ու երջանիկ են, անկեղծորեն ակնկալում էինք, որ քայլարշավային հեղաշրջման փուլին անմիջապես կհաջորդի, ինչպես վարչապետի ժպ-ն էր ավետել, տնտեսական հեղափոխության ժամանակահատվածը: Տագնապալի հետընտրական լռությունից և իշխանության կուլիսային վերաբաժանման տևական սպասումից հետո, սակայն, անցած հինգշաբթի անսպասելիորեն պարզվեց, որ թևակոխում ենք իրավունքներն ու ազատությունները վերականգնելու, օրենքների ու սահմանադրության գործունեությունը թույլատրելու, արդարադատությունը վերստին արտոնելու, վենդետաներից ու քաղաքական հետապնդումներից հրաժարվելու իրավական հեղափոխության փուլ: 

ԱԱԾ մասնագիտական տոնին Փաշինյանը ժողովրդի խիստ գերակշիռ, պասիվ ու ոչ հեղափոխական հատվածին մատուցեց ամանորի, թերևս, ամենասպասված նվերը: Մի կողմ դնելով պոպուլիզմը, դեմագոգիան, սոփետությունն ու նմանակեղծումների ողջ արսենալը՝ վարչապետի ժպ-ն հայտարարեց, որ «Ազգովի վերաիմաստավորում ենք մեր անցած ճանապարհը և ուղենշում ապագան»: Այս խիստ խոստումնալից ու ոգևորող կոչնակից հետո Փաշինյանն, ըստ էության շեշտեց իրավական հեղափոխության կենսական անհարաժեշտությունը. «Կասկած չունենք, որ կոռուպցիայի առկայությունն ու հատկապես դրա տարածումը ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է: Այն լրջագույն մարտահրավեր է մեր երկրի և ժողովրդի համար»:

Այս կերպ ընդգծելով՝ իրավական հեղափոխության անհրաժեշտությունը ո՛չ միայն տնտեսական հեղափոխությունը չձախողելու, այլ նաև՝ անցած ամիսներին կորսված բարոյական արժեհամակարգը վերականգնելու գործում, վարչապետի ժպ-ն ուղղակի հաստատումներ կատարեց. «Այսօր մենք կառուցում ենք որակապես նոր պետություն, նոր հասարակություն: Նոր Հայաստանում պիտի բացառվեն կոռուպցիան և կաշառակերությունը, պաշտոնական դիրքի չարաշահումները, այն ամենը՝ ինչը խեղաթյուրում է ժողովրդավարության բուն էությունը»: 

Հաշվի առնելով նախորդ իշխանության այսօրինակ տասնամյա արատավոր գործունեության մերժվածությունն ու անցած գրեթե ութ ամիսների ընթացքում ձեռք բերած սեփական փորձը՝ Փաշինյանն աննախադեպ ազնվությամբ խոստովանեց, որ «Համակարգային կոռուպցիան անուղղակի կերպով կապված է իշխանությունը ժողովրդից խլելու և ապօրինաբար պահելու գործընթացների հետ»: Կանգ չառնելով այս բացառիկ բացահայտումների շեմին՝ վարչապետի ժպ-ն ինքնին հաստատեց, որ այլևս գործունեության հիմքը՝ պետության ղեկավարի դիրքից բխող իր կամքն է, և ո՛չ թե՝ դեսպանատների թելադրանքը: 

Նա առանց որևէ վերապահման՝ հայտարարեց. «Մեր երկրից և, ընդհանրապես, իրավապահ համակարգերից պետք է արմատախիլ անել քաղաքական հետապնդման որևէ կոմպոնենտ: Պետական մարմինները, անվտանգության մարմինները, իրավապահ մարմինները չպիտի լինեն, ուղղակի ի բնե չպիտի հնարավորություն ունենան՝ դառնալու հաշվեհարդարի գործիք գործող իշխանությունների ձեռքին»: Այս կերպ վարչապետի ժպ-ն ուղղակի հավաստիացնեց, որ այլևս ոչ մի անգամ ո՛չ ՀՔԾ պետին, ո՛չ ոստիկանապետին, ո՛չ էլ որևէ այլ իրավապահի կամ դատավորի որևէ հրահանգ չի տալու:

Փաշինյանը հստակ հայտարարեց, որ գործող իշխանությունն այլևս որևէ մեկի նկատմանբ քաղաքական հետապնդում, վենդետա, անձնական հաշվեհարդար իրականավցնելու ո՛չ մի հրաման չի արձակելու, ոչ մի իրավապահի չի դարձնելու գործիք: Քաղաքական հասունության ու քաղաքացիական բարոյականության բարձրակետից՝ վարչապետի ժպ-ն ինքնին ապացուցեց շեքսպիրյան ճշմարտությունը. «Գութը օրենքի առաքինությունն է. բռնապետերն են լոկ անգութ լինում»: Նա միանշանակ շեշտեց. «Ահա այս սահմանափակումների շրջանակում է, թերևս, օրենքի անառարկելի կիրառության և մարդու իրավունքների հարգման, քաղաքական հետապնդումների բացառման այս սահմանում է, որ պիտի տեղի ունենա այն մոտեցումը, որը անվանվեց գթասրտություն»:

Փաշինյանն, ըստ էության, հայտարարեց, որ այլևս դադարացվելու են մեր երկրում տեղի ունեցող բոլոր քաղաքական հետապնդումները: Ուրեմն, հատկապես դադարեցվելու է նաև Արցախի առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարը, որը բաղկացած է բացառապես քաղաքական հետապնդման կոմպոնենտներից:

Իսկ վարչապետի հաստատակամության ապացույցը հենց իր պնդումն է, որ «Եթե միջնադարում մարդկանց ճակատագրերը կախված էին կառավարչի անձնական և անհատական որոշումներից, մենք պետք է ինստիտուցիոնալ երաշխիքներ ստեղծենք, որ որևէ անձի, անհատի կամքով … որևէ մեկի որոշմանբ չի կարող որևէ մեկի նկատմամբ որևէ դատավճիռ կայացվել: Սա է մեր մեծագույն խնդիրը: Եվ որևէ կասկած չկա, որ մենք նվիրված ենք այդ գաղափարին և այս տեսլականին»: Մենք էլ որևէ կասկած չունենք, որ Փաշինյանն այս անգամ կանի ճիշտ իր խոստացածը՝ առանց խմբագրումների:

 

Սիմոն Գյուրջյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ