18 12 2018

Զեյնալյանը հրաժարվում է ընկալել ձայնագրության բովանդակությունը․ Ի՞նչու

Զեյնալյանը հրաժարվում է ընկալել ձայնագրության բովանդակությունը․ Ի՞նչու

Երբ ասում ենք ջայլամային քաղաքականություն, ոչ թե նկատի ունենք, որ ջայլամը եկել է այսինչ նախարարի աշխատասենյակ, թիկնել բազկաթոռին և քաղաքականություն է վարում, այլ՝ որ այդինչ պաշտոնյայի քաղաքականությունը ջայլամային տրամաբանությամբ է՝ չտեսնելու տալ խնդիրները՝ մտածելով, թե այդպիսով կվերանան դրանք։

Մեզ հետաքրքրում էր հարցը, թե ինչու են շատ իրավապաշտպաններ լռում ԱԱԾ-ՀՔԾ պետ-Փաշինյան եռյակի գաղտնալսված զրույցի կապակցությամբ։ Բայց պարզվում է, որ ազդակը վերևից է։ Մեր երկրի գլխավոր իրավապաշտպաններից մեկը, այն է՝ արդարադատության նախարարը, բոլորովին այլ պատկերացում ունի արդարադատության, դատարանների անկախության, մարդու իրավունքների և, առհասարակ, իր զբաղեցրած պաշտոնի առաքելության վերաբերյալ։

«Չեմ ուզում քննարկման առարկա դարձնել ձայնագրությունները, դրանք արվել են կոնկրետ նպատակով, որոշ նպատակ են հետապնդում և դա շանտաժ է, շորթում, ահաբեկչություն։ Եվ եթե մենք տուրք տանք գայթակղությանը և քննարկման առարկա դարձնենք բովանդակությունը, շատ փխրուն իրավունքի նկատմամբ ոտնձգություն կանենք։ Մենք ինքներս դառնում ենք դրա գործիքները։ Հաղորդագրության գաղտնիության իրավունքն այնպիսի հիմնարար և անխոցելի իրավունք է, եթե մենք սկսենք քննարկել խոսակցությունների բովանդակությունը, մենք կդանանք այդ իրավունքի նկատմամբ ոտնձգություն արած։ Դա չափազանց վտանգավոր է։ Կոչ եմ անում խորամուխ չլինել այդ ձայնագրության բովանդակության մեջ»,- ասաց նախարարը՝ ամփոփիչ ասուլիսում։

Իսկ մենք խորամուխ ենք լինում բովանդակության մեջ, որովհետև անկախ նրանից, թե ինչ նպատակով է արվել, գաղտնալսման բովանդակությունը վկայում է բարձր մակարդակի հանցագործության մասին։ Արտակ Զեյնալյանը պարտավոր է հենց առաջին հերթին անդրադառնալ գաղտնալսված խոսակցության բովանդակությանը, քանի որ դրանով ապացուցվում է՝ իր ղեկավարած ոլորտը գտնվում է խորը ճնշման տակ։ Արդարադատության նախարարը, փաստորեն, փոխանակ պաշտպանելու իր դատավորին վերևից եկող ճնշումներից, ձեռքերը լվանում է ու քաշվում մի կողմ։ Արդարադատության ոլորտում կոռուպցիոն մեծ դրսևորման մասին է վկայում գաղտնալսումը, դատավորը կատարում է պատվեր, վերևից տալիս են հրահանգ, իսկ նախարարը, որն ասուլիս է հրավիրել իր գրանցած հաջողությունները ներկայացնելու, թեման փակում է։

Դատավորի զանգը չի՞ հետաքրքրում Զեյնալյանին։ Որ ԱԱԾ և ՀՔԾ պետերը գրավի չափ են որոշում, դա է՞լ է արդար, որ Վանեցյանը գիտի կալանքի ժամը կամ որ Խաչատրյանը Վանեցյանի ցուցումով հետաձգում է դատական նիստը, մինչ վարչապետը կողմնորոշվի, ԱԱԾ տնօրենն մի քանի անգամ վարչապետի հետ քննարկում է թե ում ինչ խափանման միջոց կիրառեն դատավորները, դա է՞լ է արդարադատության բաղկացուցիչ մաս, պարոն նախարարի պաշտոնակատար։

Իսկ եթե այդ գաղտնալսման մեջ, պարզվեր, որ խոսում են, ասենք, արդարադատության նախարարին այսինչ օրը սպանելու հրահանգի մասին, դարձյա՞լ նույն դիրքորոշումը կունենար, թե դա ընդամենը հաղորդակցության իրավունքի խախտում է, պետք չէ՞ միջոցներ ձեռնարկել։ Իսկ ի՞նչ տարբերություն՝ վարչապետն ու ԱԱԾ տնօրենը կամ ՀՔԾ պետը խոսում են մեկին սպանելու մասի՞ն, թե, ասենք, անմեղ մեկին ազատությունից զրկելու /հիշեցում, եթե չգիտեք՝ անձը համարվում է ԱՆՄԵՂ քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ/։ Օրինակն էլ բերում ենք ծայրահեղ, որ ավելի պատկերավոր լինի ոլորտի պատասխանատվությունը ստանձնած անձի համար, չնայած, միանշանակ եղած օրինակն ավելի քան խոսուն է։ Ինչպես ասում են՝ էլ ի՞նչ լիներ, էլ ի՞նչ խոսային որ պարզ լիներ դատավարական պրոցեսի ուղորդումը։

Արտակ Զեյնալյանի ամբողջ ասելիքն իր պաշտոնավարման մասին զրո է, քանի որ իր պաշտոնավարման ժամանակ դատարանները բացահայտ պատվերի շրջանակներում են գործում, տեսած ու լսածներս՝ որպես փաստ։ Ու եթե նա խոսում է, որ նախորդ իշխանության օրոք դատարաններն անկախ չէին, մենք իրավունք ունենք չհավատալու, քանի որ այդ մասին անհերքելի ապացույց չկար, իսկ այժմ՝ կա։ Կա գաղտնալսված խոսակցություն, որի բովանդակությունն իրավական բեսպրեդելի մասին է և որը «սվաղում» են թե գաղտնալսվող իրավախախտները, թե արդարադատության նախարարի պաշտոնակատարը։

Հուսանք, որ նախարարի կեցվածքը պայմանավորված է ընդամենը պաշտոնավարումը շարունակելու ցանկությամբ։ Միայն թե՝ էլ չասեք՝ բան է փոխվել։ Չնայած՝ ասեք, փոխվել է ․․․ Դեպի վատը․․․

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ