14 12 2018

Խոստանում էին, որ գազի գինը կիջնի, իսկ հիմա «ավետում» են, որ չի բարձրանա

Խոստանում էին, որ գազի գինը կիջնի, իսկ հիմա «ավետում» են, որ չի բարձրանա

«ՀՀ-ում սպառողները տարեկան 20 մլն դոլար վճարում են կորած գազի համար, որը բացատրվում է տեխնոլոգիական և առևտրային կորուստներով։ Սակայն 2012 թ-ի տվյալներով ոչ մի ներդրում չի արվել այդ կորուստները նվազեցնելու համար:

Եթե ոչ մեկ կորուստների նվազեցման համար ներդրումներ չի անում, դա նշանակում է, որ ինչ-որ մարդկանց ձեռք է տալիս, և այդ 9-10 մլն-ը գնում է ինչ-որ մեկի գրպանը»,- 2015 թվականին ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ հայտարարել էր «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Այս հայտարարությունից դեռ մեկ տարի առաջ կրկին Ազգային ժողովի ամբիոնից ասել էր. «Հայաստանն իրանական գազը չի գնում սեփական կարիքների համար և այդ նպատակով գազ է ներմուծում Ռուսաստանից, որը սահմանին արժե 189 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց: Այսինքն՝ ռուսական գազը ութ դոլարով թանկ է իրանական գազից: Մաքսային միությանն անդամագրվելը և գազային տխրահռչակ պայմանագիրն էլ Հայաստանին կարող են տասնյակ տարիներով զրկել Իրանից ավելի էժան գազ ներմուծելու հնարավորությունից»:

Առհասարակ գազի, և էլեկտրաէներգիայի սակագինը դարձել էին նախկին իշխանությունների դեմ պայքարում հիմնական շահարկումներից: Նախահեղափոխական շրջանում ամենօրյա ռեժիմով հարթակներից լսում էինք սակագնի իջեցման մասին խոստումներ:

Իշխանության գալուց հետո գազի գինը նորից օրակարգում էր: Գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցնելու հնարավորությունների մասին ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվեց, վարչապետի հրամանով փորձագիտական խումբ ձևավորվեց սակագնի գնագոյացումը ուսումնասիրելու համար, ՌԴ-ի հետ ակտիվ բանակցություններ սկսվեցին:

Իսկ ահա Ռուսաստանյան բարձր գներից մշտապես բողոքող նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հունիսին ռուսական պարբերականներից մեկին տված հարցազրույցում նշեց․ «Քննարկումների արդյունքում եկել ենք այն եզարահանգման, որ դա ներհայաստանյան խնդիր : Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար սահմանված սակագինը բացառիկ էժան է, բայց մենք առավել բացառիկ սակագին ենք ուզում»:

Ամփոփելով այս յոթ ամիսների արդյունքները՝ մի քանի փաստ արձանագրենք. 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (նոյեմբերի 2)․ «Էլեկտրաէներգիայի և գազի սակագինը պետք է լինի արդյունավետ` ոչ թանկ, ոչ էժան։ Մեր մտածածը ոչ թե պետք է լինի գինը իջեցնելը, այլ արդյունավետ սակագին ունենալն ու մարդկանց եկամուտների բարձրացումը, որպեսզի այդ սակագինը դառնա մատչելի: Գինը ոչ թե անընդհատ իջեցնենք, այլ սահմանենք արդյունավետ սակագին, ասյինքն համոզված լինենք, որ կոռուպցիոն արդյունքում չի սահմանվել»:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյան (նոյեմբերի 7)․ «Իրանից ստացվող գազը շուրջ 10 դոլարով ավելի թանկ է եղել, քան Ռուսաստանինը: Մենք իրանական գազը դիտարկում ենք երկրորդ սնուցման համատեքստում: Այսօր ունենք երկկողմանի գազի մատակարարում: Երբ վթար է լինում ռուսական գազատարի վրա, մենք իրանական կողմից, պայմանավորվածության համաձայն, մեծացնում ենք ծավալները: Բայց այսօր գումարային գործարք չկա, քանի որ իրանական կողմից երբևիցե չենք ստացել տնտեսապես ավելի հիմնավոր ու էժան առաջարկ»:

ԱԺ-ում գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյան (նոյեմբերի 20)․ «Գազի սակագնի իջեցման հնարավորություններ, ինչպես էլեկտրաէներգիայի դեպքում, ևս կան»:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյան (դեկտեմբերի 13)․ «Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև գազի սակագնի հետ կապված քննարկում եղել է: «Հունվարի մեկից գազի գինը կպահպանվի։ Կրկնում եմ՝ եթե բանակցություններն ավարտված չլինեն, պահպանվելու է այն, ինչ այսօր ունենք»: 

Մի քանի դիտարկում՝ փաստերի շուրջ

Հարց է առաջանում․ եթե ՀՀ-ն ընդունում է, որ գազի բարձր գինը ներհայաստանյան խնդիր է և Հայաստանի համար սահմանված սակագինը բացառիկ էժան է, ինչի՞ շուրջ ենք բանակցում ՌԴ-ի հետ:

Եթե կան ներհայաստանյան խնդիրներ, ինչո՞ւ այս ամիսների ընթացքում չլսեցինք, չտեսանք փորձագիտական, փաստարկված ապացույցներ, փաստեր, բացահայտված մեխանիզմներ: Մի գուցե վարչապետի հանձարարությամբ ստեղծված խումբը դեռ չի հասցրել դրանք ավարտել, կամ գուցե լռում է, որովհետև ասելու բան չունի:

Իսկ եթե, ամեն դեպքում, որևէ փաստարկ դժվարանում են գտնել, գուցե պարզապես ազնվորեն խոստովանե՞լ, որ գազի գինը քաղաքական գին է ունեցել և տարիներ շարունակ հնչած հայտարարությունները պարզապես պոպուլիզմի շարքից են:

Իսկ արդյունքում ստացվում է՝ իշանությունը խոստանում էր, որ գազի գինը կիջնի, իսկ հիմա ուղղակի «ավետում», որ հաջորդ ընդամենը հունվար ամիսը գազի գինը չի բարձրանա, մինչ պայմանավորվեն: Իսկ կարող են պայմանավորվել ինչպես չթանկանալու, այնպես էլ թանկանալու շուրջ, բայց ակնհայտ է՝ ոչ էժանացնելու։

 

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ