14 12 2018

Նիկոլ Փաշինյանը՝ մարզպետ, գյուղապետ, դատախազ, ԱԱԾ տնօրեն, դպրոցի տնօրեն ․․․

Նիկոլ Փաշինյանը՝ մարզպետ, գյուղապետ, դատախազ, ԱԱԾ տնօրեն, դպրոցի տնօրեն ․․․

Կոտայքի մարզի Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոցում թնջուկը շարունակում է մնալ անլուծելի, չնայած որ հակառակն է պնդում կրթության նախարարը։ Տևական ժամանակ դասադուլ է, քանի որ թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները նորընտիր տնօրենին չեն ուզում։ Պնդում են, թե «մարզպետի մարդն» է ընտրվել ու՝ խախտումներով։ Իրենց բողոքն արտահայտել են մարզպետի, ԿԳ նախարարի, Կոտայքի թիվ մեկ դեմք դարձած Սասուն Միքայելյանի մոտ։ Ի վերջո, մի քանի օր տևած դասադուլից հետո, երբ խնդիրը մնաց անփոփոխ, դպրոց այցելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը միայնակ չէր գնացել դպրոց, այլ՝ նրանց հետ, որոնք ի պաշտոնե չկարողացան հարցը լուծել՝ նախարարի ու մարզպետի։ Խնդիրը լուծված համարելով՝ «Մռութներին» վարչապետն առավոտ դասի կանչեց, իսկ երբ ոտքը քաշեց դպրոցից, ծնողներն ու ուսուցիչները կամ նրանց մի մասը դպրոցը լքելու դիմումներ ներկայացրին։

Երբ մենք բողոքում ենք, որ կառավարությունը դարձել է մանկապարտեզ, որ շատ նախարարներ, մարզպետներ ու տարբեր աստիճանի աթոռներ զբաղեցնողներն իրենց տեղում չեն, նկատի ունենք հենց սա։

Քանի որ իր նշանակած կադրերը տեղում չեն, տեղում չէ նաև վարչապետը։ Փաստորեն, վարչապետի պաշտոնը մենք իջեցրել ենք դպրոցում հարց լուծողի մակարդակի ու պարզվում է, որ անգամ այդ հարցը չի կարողանում լուծել։

Փաշինյանի կադրերն աշխատելու փոխարեն ֆեյսբուքում ակտիվորեն զբաղվում են մեկնաբանություններով, սրա նրա էջերին քոմենթներ գրելով, ֆեյքեր ստեղծելով ու ուղորդելով, մի գլուխ քաղաքական գործունեությամբ, իսկ ոլորտներին, որոնց պատասխանատվություն են կրում, թքած։ Ուշադրություն դարձրեք՝ կրթության նախարարը դպրոցում խորհրդակցության ավարտին արդյունքները չի հրապարակում, այլ հրապարակում է ֆեյսբուքով։ Լայքեր է հավաքում մարդը։

Եվ պատահական չէ, որ կառավարության դիմաց կամ այլ վայրում բողոքի ցույց անողները, գործադուլ անողները, մթերած ապրանքի փողը պահանջողները, դասադուլ անողները բոլորը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, ոչ մեկի համար հեղինակություն չէ այդ ոլորտի պաշտոնյան։ Այսինքն, քաղաքացիներն իրենք Փաշինյանի կադրերին լուրջ չեն վերաբերում։

Խոսեք, խնդրեմ, մարդկանց հետ, որոնք ԿԳ նախարարությունում, Սփյուռքի նախարարությունում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում, տրանսպորտի և կապի նախարարությունում, կառավարության աշխատակազմում, Արարատի, Շիրակի մարզպետարաններում և այլ հիմնարկներում աշխատում էին 7 տարի առաջ, 15 տարի առաջ և հիմա ու ասեք, թե ինչ վիճակ է։ ԲԱՐՁԻԹՈՂԻ։ Սա այն բառն է, որ կարելի է բնորոշել այսօրվա կառավարության օղակներին։

Մի դեպքում Նիկոլ Փաշինյանն աշխատում է Արայիկ Հարությունյանի փոխարեն, մեկ այլ դեպքում՝ Վանեցյան-Խաչատրյան զույգի փոխարեն, Արարատ Միրզոյանի փոխարեն, Սասուն Միքայելյանի փոխարեն, սրբագրում նրանց սխալներն ու ինքն անձամբ կատարում նրանց տրված հանձնարարականները։ Ստիպված է ողջ օրը ծախսել իր պարտականություններից չբխող գործողությունների վրա։

Բոլորի փոխարեն տակից դուրս է գալիս վարչապետը ու ոչինչ չի հասցնում, մի խնդիրը կարկատում է ու անցնում մյուսին։ Եթե սրան գումարենք, որ խորհրդարան է գնում անփորձների բանակ, ուրեմն ստացվում է, որ վարչապետը պետք է ևս մեկ օգնականի հաստիք բացի՝ իր քիթը սրբելու համար։ Հայտնի անեկդոտի պես՝ պետք է մարդուն «պռաժեկտոր» տան, որ գիշերն էլ «պախատ անի»։

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իմանալ ու գիտակցել, թե որտեղ են սկսվում ու ավարտվում վարչապետի լիազորությունները։ Ավելին, պարտավոր է գիտակցել ու իմանալ, որ երկիրը փորձադաշտ չէ և փորձառու պաշտոնյաներն ուղղակի անհրաժեշտություն են, իսկ թիմակիցները կարող են բավարարվել «հպարտ» լինելով, պարտադիր չէ բոլորին բերել ու վստահել ոլորտներ, որից իրենք ոչ միայն կիլոմետրերով հեռու են, անգամ նոր են ծանոթանում, թե ինչպես է աշխատում պետական համակարգը։ Նույնը հանգիստ կարելի է ասել վարչապետի պաշտոնակատարի մասին, նա էլ իր հերթին է նոր-նոր ծանոթանում, թե երկիրն ինչպես է աշխատում, առհասարակ։

Դեռ ապրիլի 30-ին՝ վարչապետ չընտրվելուց մեկ օր առաջ, Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրաւյցում ասաց․ «Միաժամանակ նույն մարդը երբ վարչապետ է, միաժամանակ դատավոր է, դատախազ է, այդ ժամանակ է խնդիրը սկսում: Ես կարծում եմ, որ իշխանության դերը իշխանության մարմինների, թևերի բնականոն գործությունն ապահովելն է, այսինքն՝ դրա քաղաքական պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա, մնացածը գործառնություններ են, որ այդ մարմինները պետք է իրականացնեն: Ես կարող եմ երաշխավորել, որ այդ սկզբունքը կպահպանվի, և ես չեմ պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ, և՛ ՔԿՀ պետ և այլն»:

Այսօր Նիկոլ Փաշինյանը և՛ մարզպետ է, և՛ ԱԱԾ պետ է, և՛ ՀՔԾ պետ է, և՛ դատավոր է, և քննիչ, և՛ նախարար, և՛ դպրոցի տնօրեն։ Ամեն ինչ է, բացի նորմալ վարչապետից։

Վաղը Փաշինյանը, կպարզվի, գնացել է Աշտարակ՝ կաթի ցածր գնի դեմ բողոքի ցույցը ցրելու, մյուս օրը կխնդրի հետաձգել ՀԱՊԿ նիստը, քանի որ Արմավիրի մարզում ոռոգման գիծն է տեղադրելու, մեկ ուրիշ անգամ անձամբ աղբը կթափի, քանի որ Սանիթեքը լավ չի աշխատում, ձմռանն էլ, ասենք, աղ ու ավազ կցանի ճանապարհներին, որպեսզի Yerevan.Today-ի զրուցակիցը կես ճանապարհից ստիպված չլինի հետ գնալ Գյումրի։

Որովհետև, կրկնում ենք վարչապետի կադրերի ճնշող մեծամասնությունը դեկորատիվ արվեստի ներկայացուցիչների ձեռքի աշխատանք են հիշեցնում, բուտաֆորիա։

Սա խոսում է այն մասին, որ Հայաստան պետության հիմքերը քանդվում են։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ