ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է․ կա գաղտնալսում, կա փաստ, կա գործ, որը շատերը, այդ թվում՝ հեղինակավոր իրավաբանները, պնդում են, որ «ջուր է»։ Մարտի 1-ի գործը նոր իշխանությունը խոսք է տվել բացահայտել, սակայն 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու հետ նույնպես Քոչարյանի գործը կապ չունի։ Բայց կալանավորված է։ Չնայած որ Հայաստանի ընդունած և փոփոխած սահմանադրություններով անձեռնամխելի է։ Հետևաբար՝ խնդիրն իրավական չէ և ունի այլ պատճառ, որի մասին ամենքս մեր վարկածն ունենք։
Նիկոլ Փաշինյանը հերքում է անձնական հաշվեհարդարի, քաղաքական վենդետայի վերաբերյալ պնդումները ու հղում է անում քրեական օրենսգրքին։
Քրեական օրենսգրքի մասով փաստաբաններն ու իրավաբաններն իրենց գնահատականները տվել են ու շարունակ տալիս են՝ հույս ունենանք, որ քննչական մարմիններն ի վերջո գիտակցության կգան։ Եվ քանի որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գործը հիմնականում քաղաքական ենթատեքստ ունի, ուրեմն անդրադառնանք այդ կողմին։ Իսկ քաղաքական ենթատեքստը հստակ է դառնում նաև գաղտնալսված ձայնագրությունից։
Եվ այսպես, ո՞ւմ էր օդ ու ջրի պես անհրաժեշտ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, այն աստիճանի, որ օրենքների կոպիտ ոտնահարմամբ, միջազգային կառույցների հորդորներն անտեսելով, դատարանների վրա բիրտ ճնշումներով, միանգամայն հասկանալով նման որոշման չափազանց թանկ նստելը երկրի վրա, միևնույն է՝ տրվեց նման հրահանգ։
Վարկածները շատ են․ սկսած նրանից, որ լուրջ կենսագրությամբ հաջողության հասած նախկին նախագահի շուքը, որպես ծանրակշիռ հակառակորդ, հանգիստ չի տալիս երկրի նորելուկ առաջնորդին, մինչ ՌԴ նախագահի հետ բարիդրացիական հարաբերություն կառուցելու ճանապարհին նրա վաղեմի ընկերոջը՝ Քոչարյանին խոչնդոտ տեսնելու մոլուցքը։ Հնարավոր է,սակայն քիչ հավանական, իմ կարծիքով։
Իհարկե, նախագահին կարող ես հարգել կամ չհարգել, ատել կամ սիրել, դրանք անելու համար բազմաթիվ պատճառներ կարելի է փնտրել և գնել։ Սակայն վարկածներից հիմնականում որ խոսվում է՝ անձնական վրեժի՝ վենդետտայի մասին, տրամաբանությունն այլ բան է հուշում, որ դառնալով երկրի ղեկավար, Փաշինյանը վրեժի ծարավով պետք է որ լցված լիներ (չնայած որ վրեժի զգացումը, այն էլ՝ առաջնորդի, բարձր որակների մասին չի խոսում) ավելի շատ երրորդ նախագահի նկատմամբ, քանի որ զոհերի արդյունքում իրավական հետևանքներ առաջացրած քաղաքական գործունեության համար ինքը դատապարտվել ու պատիժը կրել է հենց Սարգսյանի օրոք և ոչ Քոչարյանի, որքան էլ անցած 10 տարիներին ընդունված էր հենց նրան մեղադրել բոլոր մեղքերի մեջ։ Քոչարյանը վերջին 10 տարիներին բավականին պասիվ էր, հանդես էր գալիս հիմնականում հարցազրույցներով և հիմնականում օրվա իշխանության քննադատումով, այլ ոչ ընդիմադիրների հասցեին, որոնցից էր Փաշինյանը։
Եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, ապա ուրիշ ո՞վ, ո՞ւմ ծրագիրն ու վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանին հասցրել մեկուսարան։ Այս մյուս վարկածն վերջերս շատ ավելի շատ է քննարկվում քան, մնացածը։
Ընդունված է Փաշինյանի «քաղաքական հայր» համարել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որին ի միջի այլոց, ՀՀ քաղաքացին արդեն հասցրել է մերժել 5 անգամ։
1994 թվականին մայրաքաղաքում միտինգներ էին ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Քաղաքացին այդ ժամանակ կտրականապես մերժեց Լևոն Տեր-Պետրոսյանին՝ վանկարկելով «դավաճան»։ 1996 թվականի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթեց բացառապես զոռբայության, ընտրակեղծիքների, տանկերի շնորհիվ, ինչն արդեն առանց ավելորդ սեթևեթանքի են հայտարարում իրենց կողմնակիցները։ 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը՝ արդեն ժողովրդի կողմից մերժված, մերժվեց նաև իշխանական էլիտայի կողմից և ստիպված եղավ հրաժարական տալ։ 2008 թվականին ժողովուրդը մերժեց Լևոն Տեր-Պետրոսյանին՝ չընտրելով նախագահ։ 2017 թվականի ժողովուրդը նույնպես մերժեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ու ՀԱԿ-ին չբերեց խորհրդարան։
Լևոն Տեր-Պետրոսյանն այս ամենի համար մեղավոր է համարում հենց Ռոբերտ Քոչարյանին․ ահա թե ինչու․ Վերհիշենք մեր պատմությունը․
1998 թվական էր, երբ Տեր-Պետրոսյանը «պարտավորվել էր» հրաժարական տալ (պատճառների մասին շատ է խոսվել), նա այն ժամանակների գլխավոր դերակատարներին, ավելի կոնկրետ՝ Ռոբերտ Քոչարյանին խնդրում է, որպեսզի ինքը շարունակի մնալ երկրի նախագահ՝ Անգլիայի թագուհու կարգավիճակով, չի խառնվի ոչինչին, «ինչ ուզում եք՝ արեք» ասելով։ Ստանում է մերժում։ Խնդրում է հրաժարականի մտքից հրաժարվել գոնե որոշ ժամանակ։ Կրկին մերժում է ստանում։ 1998-ին ներքաղաքական իրավիճակն անհապաղ լուծման կարիք ուներ, երկիրը կոլապսի մեջ էր, և արկածախնդրություն չէր կարելի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին որևէ կարգավիճակով պետական համակարգում թողնելն արդեն այդ ժամանակ ոչ այլ ինչ էր, քան արկածախնդրություն։ Նա գնաց։ Բայց, ինչպես հասկացանք արդեն 2008-ի ելույթներից, Տեր-Պետրոսյանն իր բոլոր անհաջողությունները շարունակել էր կապել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երևի թե այդպես էլ չէր կարողացել համակերպվել այն մտքի հետ, որ չնայած բազմաթիվ՝ դեռ իր ղեկավարման ժամանակներից մնացած դժվարությունների, Արցախի ստատուս-քվոյի պահպանման պարագայում երկրորդ նախագահը կարողացել էր ապահովել առաջընթաց թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։ Չէր համակերպվել, որ ինքը սխալվել էր «Սերգո ջան, լավ չես ապրելու» գաղափարը պահպանելով։ Չէր համակերպվել ու չէր մոռացել։ Ընդամենը պետք է դիտել առաջին նախագահի 2007-2008 հանրահավաքային ելույթները, որոնք սկսվում և ավարտվում էին Քոչարյանի հասցեին մեղադրանքներով՝ ատելության և չարության մեծ դոզայով։
Իսկ ի՞նչ կապ ունի Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի հետ։
Ասում են՝ Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի արտահաստիքային խորհրդատուն է, նրանց հանդիպումները բավականին հաճախ են և մեծ ազդեցություն ունի նրա վրա մինչ օրս։ Փաստ է, որ Փաշինյանն իր քաղաքական կարիերայի համար մեծապես պարտական է Լևոն Տեր-Պետրոսյանին։ Եվ ուրեմն, պարտքի զգացումը կամ մեծ ազդեցությունը կարող է դրդել կատարել Լևոն Տեր-Պետրոսյանի գուցե գլխավոր ցանկությունը։
Գուցե․ Ժամանակը ցույց տա, թե որ վարկածն է իրականությանը մոտ։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը