Շատերն են տալիս հարցը՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց քարոզարշավին, եթե սահմանադրությամբ նախատեսված առավելագույն շեմը, այն է՝ խորհրդարանի 1/3-ը կարող է զբաղեցնել իր ու ողջ թիմի փոխարեն դեռևս թրենդային ուսապարկը, կամուֆլյաժը, բարձրախոսը քարոզչական բեմ հանելով։ Անգամ պարզ հայացքը Փաշինյանի ելույթներին՝ ամբողջ նպատակը ցայտուն է դարձնում։
Փաշինյանը ձևավորում է խորհրդարանը, որը շատ ավելի պակաս է լինելու պրոֆեսիոնալիզմով, քան նախորդն էր ու շատ ավելի անդեմ և կախյալ է լինելու, զուրկ հակակշիռներից, քան նախորդը։ Եթե նախորդ խորհրդարանում իշխանությունը գոնե ուներ ընդդիմություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի փոքրիկ թիմի, նոր իշխանությունը խորհրդարանում ունենալու է ընդդիմություն՝ ի դեմս այն գործընկերների, որոնց հետ կուսակցություն էին ձուլում և որոնց ինքն է խորհրդարան բերելու։
Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ցանկում շատ են նորեկները, երիտասարդները, քաղաքականություն նոր մտնողները, որոնց համար չափազանց բարձր նշաձող է դրվել։ ՀՀ խորհրդարանական հանրապետության մեջ առաջին ձևավորվող խորհրդարանն է, և այն պարտավոր էր լինել ամուր, իրենից արժեք ներկայացնող։ Փոխարենը սպառնում է դառնալ ամենաանպիտան խորհրդարանը ՀՀ ողջ պատմության մեջ։ Ու բավական չէ, որ Նիկոլ Փաշինյանի ճաշակով ձևավորում է իշխանական փորձաշրջան անցնողների թիմը, մի բան էլ ինքն է որոշում, թե ով է լինելու խորհրդարանում որպես իրենց ընդդիմություն, որին գրպանային համարելն այս պահին ամենաճիշտ ձևակերպումն է։
Քաղաքացին հարց է տալիս՝ եթե ընտրություններն արդար են լինելու, ուրեմն ինչպե՞ս պետք է պարոն Նիկոլ Փաշինյանը որոշի, թե ով է ընդդիմությունը։
Հիմա գանք ասածի ապացույցներին և պատասխանենք այդ քաղաքացիներին։
Նիկոլ Փաշինյանը զբաղված է գլխավորապես սև քարոզչությամբ։
«Իմ քայլը» դաշինքի թեկնածուն ավելի շատ հանրությանը կոչ է անում չընտրել այս կամ այն ուժին, քան կոչ է անում ընտրել իրենց։ Մինչդեռ տրամաբանական կլիներ, որ նա ներկայացներ սեփական ծրագիրն ու ակնկալեր հանրության քվեն։ Ոչ, նա ունի այդ ձայները, և հիմա ամբողջությամբ լծված է գործին, թե բացի իրենից ուրիշ ում ընտրի քվեախցի առաջ 11 քվեաթերթիկի առաջ «մոլորված» ՀՀ հպարտ քաղաքացին։
Նիկոլ Փաշինյանն արդեն որոշել է, թե ով է լինելու խորհրդարանում ընդդիմությունը և այսօր լծված է այդ ուժի լոբինգով` մյուսներին սևացնելու հաշվին։
Նրանց դեմ Փաշինյանը հստակ հակաքարոզչություն է տանում։
Իսկ ո՞ր ուժերն են որպես ընդդիմություն ձեռնտու Նիկոլ Փաշինյանին, որոնց և աջակցում է պաշտոնակատարը։
«Աներձագն» արդեն մամուլի ասուլիսում խոստովանեց, որ իրենց համար ընդունելի է «Լուսավոր Հայաստան»-ը, որի հետ խորհրդարանում կաշխատեն հաճույքով։ Իր կարծի՞քն էր հայտնում։ Դժվար։ Հայտնում էր այն, ինչ քննարկվում է կուսակցության նիստերում։ Դեռ քարոզարշավի մեկնարկից առաջ նույն անձն արդեն խոսելով այն մասին, որ «Սասնա ծռեր»-ը չեն հայտնվի խորհրդարանում, նաև հայտարարում էր, որ խորհրդարանական քարոզարշավը ևս լինելու է սև ու սպիտակի բաժանում։ Ու եղավ այդպես։
Փաշինյանը սպառնում է «Սասնա ծռեր»-ին․ «Էդ դուք իրոք որոշե՞լ եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը»։ Այսինքն, խորհրդարանի չափերն արդեն իրենք որոշել են, մնում է ՀՀ հպարտ քաղաքացին, որ ընտրություն կատարի հենց այն տրամաբանությամբ, որով իրեն այս օրերին դիմում է Նիկոլ Փաշինյանը՝ ծայրաստիճան լարված նյարդերով, կոպիտ բառապաշարով։
Ցավոք, արձանագրենք, որ արդար ընտրությունների մասին դեռևս միայն կարելի է երազել։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը