29 11 2018

Քարոզչություն-մանիպուլյացիա. ջրի չթանկացման բանաձևը

Քարոզչություն-մանիպուլյացիա. ջրի չթանկացման բանաձևը

«Մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենա»,- ավետեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նոյեմբերի 27-ին Ալավերդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։

«Կառավարության ու «Վեոլիա ջուր» ընկերության բանակցությունների արդյունքում որոշվել է, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու։ Այս հենքի վրա ՀՀ կառավարությունը, Հայաստանի հանրությունը նոր հարաբերություններ կկառուցեն ֆրանսիական կազմակերպությունների հետ։ Սա «Վեոլիա ջրի» ու մեր կառավարության համագործակցության առաջին լուրջ օրինակն է»,- ասաց Փաշինյանը։

Հենց հաջորդ օրը` նոյեմբերի 28-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարեց «Վեոլիա ջուր» ընկերության ջրի սակագնի բարձրացման հայտը: ՀԾԿՀ հաղորդագրության մեջ ասվում է․ «Հիմք ընդունելով ՀՀ կառավարության և «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև 2016 թվականի նոյեմբերի 21-ին կնքված վարձակալության պայմանագրի և ընկերության լիցենզիայի պայմաններով ամրագրված սակագնի ճշգրտման գործոնները, ինչպես նաև՝ հաշվի առնելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի միջև 2018 թվականի նոյեմբերի 26-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը (որի համաձայն հաշվարկված 202,272 դրամ/խմ սակագնից 10,858 դրամ/խմ մեծությունը, համապատասխան ճշգրտումներից հետո, տեղափոխվել է 2025 թվական), որոշեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը ճշգրտել և սահմանել 191,414 դրամ/խմ՝ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։

Հանձնաժողովի սահմանած սակագնից 11,414 դրամ/խմ մեծությունը սուբսիդավորելու մասին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գրությամբ ներկայացված տեղեկությունն ընդունվեց ի գիտություն»:

Կարճ ասած՝ արդյունքում բաժանորդները խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների համար 2019 թվականին ևս կշարունակեն վճարել գործող 180 դրամ: Սակայն ջուրը, այնուամենայնիվ, թանկացել է, որի համար էլ կվճարենք 2025 թվականից սկսած։

Ստացվում է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը, այնուամենայնիվ, ի տարբերությություն վարչապետի պաշտոնակատարի հավաստիացումների՝ բարձրացրել է սակագաինը, ինչը, ի դեպ, ամրագրված է ընկերության պետության հետ կնքած պայմանագրում:

Ըստ հիշյալ պայմանագրի՝ մինչև 2023 թվականն ամեն տարի պետք է վերանայվի՝ հօգուտ բարձրացման, հետո էլ վերանայվի՝ հօգուտ իջնելու։

Դա նշանակում է, որ ևս 4 տարի ՀԾԿՀ-ն ստիպված է սակագնի բարձրացման որոշում կայացնել։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ մինչև 2024 թվականը չի բարձրանա։ Դա նշանակում է, որ գուցե հաջորդ տարիներին սպասվող որոշումները ևս հետաձգվեն 2024-ից հետո վճարելուն։ Իսկ երբ 2023-ից սկսած, ըստ պայմանագրի, ջրի սակագինը նվազի, մի քանի տարի սպառողը թանկ կվճարի՝ այսօրվա բարձրացման դիմաց։

Փաստացի ոչ թե ջրի սակագինը չի բարձրացել, այլ բարձրացել է, բայց՝ մի մասը վճարելու ենք մեր տված հարկերից, մյուսը՝ ուշ ենք վճարելու։ Այսինքն, այսօրվա իշխանությունը որոշել է, որ 2025 թվականին պետք է բնակիչը թանկ վճարի ջրի համար։ Նույն հաջողությամբ, կարող են բարձրանալ հոսանքի, գազի, հեռախոսի վճարները, եկամտահարկը, շահութահարկը, աղբահանության վճարը, սոցիալական վճարներն ու պարտադիր կուտակային վճարները, այդ բոլորի վճարների ժամկետ սահմանվի 2025 թվականը, և դա կնշանակի, թե չի՞ բարձրացել։

Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս․ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտնում է․ «Բաժանորդների սոցիալական բեռը թեթևացնելու համար ՀՀ ԷԵԲՊՆ-ն դիմել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը` Վարձակալության պայմանագրի ու Լիցենզիայի պահանջներից բխող սակագնի բարձրացումը բաժանորդների նկատմամբ չկիրառելու հնարավորության շուրջ բանակցելու նպատակով՝ առաջարկելով այլընտրանքային ֆինանսավորման եղանակ։ Նպատակ ունենալով նվազեցնել սպառողների սոցիալական բեռը` «Վեոլիա ջուր» ընկերությունն ընդունում է ներկայացված առաջարկը և հետաձգում է 2019թ. համար մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների գումարային մանրածախ սակագնի օրինական բարձրացման կիրառումը: ՀՀ ԷԵԲՊՆ առաջարկի ընդունումը հանդիսանում է իր բաժանորդների նկատմամբ «Վեոլիա Ջուր» ընկերության ուշադիր և հոգատար վերաբերմունքի ևս մեկ վկայություն։ Իր հերթին ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեն համաձայնում է դրանով պայմանավորված «Վեոլիա ջուր» ընկերության եկամտի կորստի չափով վերջինիս 2019թ․ ներդրումային պարտավորությունները նվազեցնել և հետաձգել, իսկ այդ ընթացքում համակարգում նախատեսված ներդրումներն իրականացնել Ջրային կոմիտեին ծրագրերի իրականացման համար տրամադրված վարկային միջոցների խնայողություններից»:

Ինչ է ստացվում․ Վեոլիա ջուրը ներդրումներ է անելու այս պահին ոչ թե բնակչության վճարած գումարից, այլ՝ ջրային կոմիտեին տրված վարկի չծախսած մասից։ Իսկ ջրային կոմիտեն պետական կառույց է, որի վարկը պետության վարկն է, որը վճարում է ՀՀ քաղաքացին։

Այսինքն, միևնույնն է վճարում ենք մենք՝ քաղաքացիներս, անուղղակիորեն։ Պետությանը վճարում ենք հարկեր, որ նա էլ հարկերի հաշվին գոյացած բյուջեից վճարի մեր խմելու ջրի սակագնի ավելացված արժեքը:

Եթե հաշվի առնենք, որ այս տարրական մեխանիզմը դժվար թե չիմանար Նիկոլ Փաշինյանը, ամեն ինչ ջրի պես պարզ է դառնում․ քարոզչական հնարք, որը հետին թվով մարդկանց սոցիալական բեռի տակ է գցում, իսկ այս պահին ներկայացվում է որպես կառավարության աշխատանքի փայլուն օրինակ։

Այլևս կարող ենք վստահ լինել, որ լուծման փոխարեն նույնկերպ մեզ սպասում են հետաձգումներ ու խճճումներ երկրի առաջ ծառացած շատ այլ հարցերում ևս։

 

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ