17 11 2018

Գուցե սահմանադրությամբ ամրագրվի՞ Նոր Հայաստանը

Գուցե սահմանադրությամբ ամրագրվի՞ Նոր Հայաստանը

«Մենք ապրում ենք Նոր Հայաստանում»: «Նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու»: «Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը»: «Նոր Հայաստանում պետք է խրախուսվի մարդու աշխատանքը, տաղանդը և ինքնավստահությունը»: «Նոր Հայաստանում պետք է պատրաստվել թռիչքի» ․․․

Այս տարվա ապրիլից սկսած՝ նմանօրինակ բազմաթիվ արտահայտություններ ենք լսել: Սկզբում վարչապետը, հետո որոշ նախարարներ, պետական պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ իրենց խոսքում բոլոր վատ, դատապարտելի երևույթները վերագրում են Հին Հայաստանին, իսկ հակառակը՝ Նոր Հայաստանին: Հանցանքի պահին ձերբակալված կաշառակերը համարվում է «Հին Հայաստանի» մնացուկ։

Նույնիսկ «Հայաստան» հիմնադրամի ամենամյա մարաթոնը այս տարի կանցնի նոր լոգոյով՝ «Նոր Հայաստան» գրառմամբ: Տպավորություն է, թե շուտով սահմանադրական որոշ փոփոխություններ պետք է կատարվեն կամ այլ կարգավորումներ, որ Նոր Հայաստանը նաև սահմանադրորեն ամրագրվի։ Բայց գուցե նաև ամրագրվի, թե ինչ ասել է Նոր Հայաստան:

Մայիսից մենք ունենք նոր կառավարություն, նոր նախարարներ, որոնց կազմը, ի դեպ, պարբերաբար նորացվում է, շուտով կունենանք նոր խորհրդարան, հետո էլի նորից նոր կառավարություն: Սրանք, իհարկե, փոփոխություններ են, իրողություններ, բայց մի՞ թե սա հիմք է պնդելու, որ մենք ապրում ենք Նոր Հայաստանանում: Այդ Նոր Հայաստանում ապրում են նույն մարդիկ, իրենց նույն խնդիրներով, որոնց ցանկության բանաձևը շատ ավելի պարզ է՝ ապրել ավելի լավ կյանքով և ավելի լավ երկրում:

Ամեն մեկը, սակայն, յուրովի է ընկալում այդ բանաձևը: Մի խումբ մարդկանց համար Նոր Հայաստանը նոր աշխատավարձերն են, նոր կենսաթոշակները, վարձով ապրողների համար՝ նոր բնակարանը, բանտարկյալի համար՝ համաներումը կամ արդարացումը, կուսակցականի համար՝ գուցե նոր կուսակցությունը, վարորդների համար՝ արագաչափերի, կարմիր գծերի վերացումը ․․․

Երբ չի լինում կոնկրետ հստակեցում, այս բոլոր պատկերացումներն ու սպասումները հավասարապես ընդունելի և ընկալելի են դառնում: Նույնքան էլ ընկալելի են դառնում հուսահատություններն ու հիասթափությունները՝ չկա իրենց պատկերացրած նորը, ուրեմն չկա նաև Նոր Հայաստանը:

Քաղաքացին բողոքի ցույց է անում կառավարության դիմաց ու ասում, որ նախկին «հանցավոր կառավարությունը» թոշակառու զինծառայողներին բնակարան չէր տալիս, նորի ժամանակ էլ ավելի է դանդաղել գործը։ Մեկ այլ բողոքավոր դժգոհում էր, թե Դատավորը նախկինում «հանցավոր» որոշում է կայացրել՝ գողության համար 4 տարի դատապարտելով, իսկ նորի ժամանակ ավելի վատ բան է կատարվում՝ չեն համաներում։ Կառավարության վերջին նիստի ժամանակ քաղաքացին բողոքի ցույց էր անում, թե՝ եթե Նոր Հայաստանում գործարար պաշտոնյա պետք է չլինի, բա ինչո՞ւ է Վանեցյանը ԱԱԾ տնօրեն։

Հեռու էլ չգնանք․ երբ Նիկոլի երթը նոր էր ընթանում, նա լայվերի ժամանակ մայրուղիների արագաչափերի վրա ամրացնում էր ներքնազգեստներ՝ ի նշան «թալանի» դեմ բողոքի, որովհետև դա Հին Հայաստանի ատելի արագաչափերն էին, իսկ Նոր Հայաստանում արագաչափերն ոչ միայն ատելի չեն, այլև պետք են, բյուջեների ապահովման համար՝ բա համայնքային խնդիրները ո՞նց ենք լուծելու հիմնավորմամբ։ Ստացվում է՝ «Հին Հայաստանում» գանձումները թալան էին, «Նոր Հայաստանում» անհրաժեշտությո՞ւն։

Նորը իհարկե, հնի մերժում է, բայց և նորի ստեղծումը, միայն վատը քանդելով չէ, և ինչ-որ բան ստեղծելը, կառուցելը, շեն պահելը շատ ավելի մեծ աշխատանք է պահանջում:

Իսկ մենք առայժմ քանդում ենք՝ առանց որևէ արժեք ստեղծելու։

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ