14 11 2018

Անհիմն մեղադրանքների բացասական հետևանքները

Անհիմն մեղադրանքների բացասական հետևանքները

Կոռոպցիայի դեմ պայքարելու հիմնական լոզունգով անցնելով իշխանության գլուխ, գործող վարչապետը և նրա թիմը սկսեց մի գործընթաց, որը շատ նման էր միջնադարում տեղի ունեցած վհուկների որսին։ Հեղափոխական կառավարությունը «կոռուպցիոն սխեմաներ» սկսեց որոնել ամենուր՝ դա զուգակցելով քարոզչական հզոր ալիքով։ Դիմակավորված հանկարծակի «ստուգումներ» այս կամ այն մասնավոր ընկերությունում ուժային կառույցների կողմից, «ասֆալտին պառկեցրած», «պատերին ծեփած» գործարարներ, հանրության հայտնի մարդիկ, որոնք ասոցիացվում են նախկին իշխանությունների հետ, զանգվածային ձերբակալություններ, մեղադրանքների առաջադրումներ, որոնք հիմնականում պայթում են պղպջակի պես, անհիմն կալանքի տակ պահվող մարդիկ և այլն։ Այս ամենը արվում է կայծակնային արագությամբ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրացնելու միտումով և նույնքան արագորեն էլ մոռացվում էր նոր «սկանդալային» բացահայտման ֆոնին։ Մինչդեռ, քչերն են հետամուտ լինում, թե ի՞նչ ընթացք ունեցան այսպես կոչված բացահայտումները, որքանո՞վ էին դրանք համապատասխանում իրականությանը և ի՞նչ բացասական հետևանքներ ունեցան և կարող են ունենալ։

Արդեն անդրադարձել ենք Հայաստանի ենթակառուցվածքային կարևորագույն ոլորտներում գործող երկու խոշոր՝ «Վեոլիա ջուր» և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունների նկատմամբ կոռուպցիոն մեղադրաննքերի և հարկերի չվճարման շուրջ զարգացումներին, ավելի ճիշտ դրանց բացակայությանը։ Ամիսներ առաջ առաջինին առաջադրվեց կոռուպցիոն անհեթեթ մեղադրանք, ըստ որի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակության այցը Ֆրասիա փորձի փոխանակման նպատակով շաղկապվել էր ջրի սակագնի բարձրացման հետ։ Այստեղ արժե հիշեցնել Նիկոլ Փաշինյանին, որ ինքը ևս 2007-ին որպես լրագրող և թերթի գլխավոր խմբագիր, «Վեոլիա» ընկերության հրավերով մեկնել է Ֆրանսիա։ Պատվիրակության մեջ, բացի լրագրողներից եղել են նաև գիտնականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետարանի, ջրային տնտեսության պետական կոմիտեի և կառավարության պաշտոնյաներ։ Ֆրանսիական կողմը հոգացել է ոչ միայն օդանավի, հյուրանոցի, այլև Ֆրանսիայում գտնվելու օրերին պատվիրակության կեցության՝ սննդի, տեղափոխությունների և այլ ծախսերը։ Սա, անշուշտ, Նիկոլ Փաշինյանը չի դիտարկում որպես կոռուպցիայի դրսևորում։ Սա՝ ի միջի այլոց։  

Ինչ վերաբերվում է «Վեոլիա ջրին», ապա հարկ է ներկայացնել, թե դա ի՞նչ ընկերություն է, ի՞նչ է կատարել Հայաստանում մինչ այժմ և ի՞նչ է նոր պայմանագրով պարտավորվել կատարելու։ Ստանձնելով Երևանի ջրամատակարաման համակարգի կառավարումը, 2006-2016 թթ-երին, «Վեոլիան» պետք է 10,5 մլրդ դրամ ներդրում կատարեր այդ համակարգի պահպանման և մասնավորապես՝ մայրաքաղաքում շուրջօրյա ջրամատակարարման ապահովման նպատակով, նվազեցներ հոսակորուստները, կառուցել նոր ջրագծեր, ջրահավաք կայաններ և այլն։ Սակայն նախատեսված ծրագրերը իրականացնելու նպատակով ընկերությունը կատարել է ավելի շատ ներդրումներ՝ 16,5 մլրդ դրամ։ Թերևս այդ հանգամանքով է պայմանավորված, որ Հայաստանի կառավարությունը նոր պայմանագիր կնքեց «Վեոլիա ջրի» հետ, և վերջինս 2017-ից արդեն ամբողջ Հայաստանի տարածքի ջրամատակարարման օպերատորն է։ Ըստ նոր ծրագրի, 2017-2031 թվականներին ընկերության կողմից նախատեսված է կատարել 37,5 մլրդ դրամի կամ մոտ 80 մլն դոլարի ներդրումներ՝ համակարգի պահպանման և ապահով գործունեության իրականացման համար։ Թե ի՞նչ անփոխարինելի նշանակություն ունի ջրամատակարարման համակարգը, նրա կայուն և անխափան աշխատանքը երկրի և բնակչության համար, երևի թե կարիք չկա բացատրել։

Հավելենք նաև, որ վարչապետի կոռուպցիոն մեղադրանքների մեջ հայտնված ընկերությունը բացի խոշոր ներդրող լինելուց, նաև խոշոր հարկատու է։ 1000 խոշոր հարկատուների ցանկում, 2017-ի տարեկան արդյունքներով «Վեոլիա ջուրը» զբաղեցնում է 28-րդ տեղը՝ 4,3 մլրդ դրամ վճարած հարկերով։ Լինելով ֆրանսիական ընկերություն, այն նաև ազդակներ է հաղորդում Հայաստանում գործարար միջավայրի վերաբերյալ և նրա նկատմամբ իրականացվող հետապնդումներն ամենևին էլ բարենպաստ տեսակետ չեն ստեղծի մեր մասին արտերկրի հնարավոր ներդրողների մոտ։

Ինչ վերաբերվում է «Հարավ կովկասյան երկաթուղուն» (ՀԿԵ), ապա հիշեցնենք, որ այստեղ մի քանի ամիս առաջ գիշերով իրականացված «դիմակահանդեսից» հետո հայտարավեց, որ 10 մլն դրամի հարկային չկատարված պարտավորություններ են հայտնաբերվել։ Այն,որ ՀԿԵ-ն ռուսաստանյան «Ռուսաստանյան երկաթուղու» դուստր ընկերությունն է, բնական է, որ այստեղ իրականացված «շոուն» բացասաբար պետք է ընդունվեր Ռուսաստանի կողմից։ Այսինքն, խոշոր ներդրողի և հարկատուի նկատմամբ անհիմն մեղադրանքից բացի, որի վերաբերյալ ևս մի քանի ամիս լռություն է պահպանվում, գիտակցված կամ անգիտակցված դեմարշ է իրականացվել մեր երկրի անվտանգության ապահովման հիմնական երաշխիք համարվող ռազմավարական դաշնակցի դեմ։

Հարկ է ընդգծել նաև, որ «Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումը ՀԿԵ-ն ստանձնել է 2008-ից, այն բանից հետո, երբ այդ նպատակով Հայաստանի կառավարության կողմից հայտարարված մրցույթին որևէ ընկերություն չցանկացավ մասնակցել։ Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 2008-ին՝ 30 տարով։ Պայմանագրով 2008-2038 թթ-երին ընկերությունը պարտավորվել է կատարել 174,5 մլրդ դրամի ներդրում, որից 2008-2017 թթ-երին արդեն կատարվել է շուրջ 260 մլն դոլարին համարաժեք ներդրում կամ նախատեսվածի 63 տոկոսը։ 174,5 մլրդ դրամից 122,3 մլրդ դրամը նախատեսված է ուղղել ենթակառուցվածքների հիմնանորոգման, 52,2 մլրդ դրամը՝ շարժակազմի թարմացման և նորոգման վրա։ Ներկա պահին նորոգվել է 463 կմ երկաթուղային ճանապարհ, 40 խոշոր կամուրջ, 52 անցում, կայարաններ, ձեռք բերվել 60 վագոններ, 10 էլեկտրաքարշեր, էլեկտրագնացք և այլն։

Եվ վերջապես, բացի նման ծավալի աշխատանքներ իրականացնող և նման կարևորության ոլորտի խոշոր ներդրող լինելուց, ընդամենը 10 մլն դրամ հարկեր չվճարելու մեջ մեղադրվող «Հարավ կովկասյան երկաթուղին» 2017-ին 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 35-րդ տեղը՝ 3,9 մլրդ դրամ վճարած հարկերով։

Մեկնաբանությունները թերևս ավելորդ են, ինչպես նաև կանխատեսումները կառավարության ղեկավարի անկանխատեսելի վարքագծի հետագա դրսևորումների և ներդումների ու երկրի տնտեսության համար դրանց տխուր հետևանքների մասին։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ