10 11 2018

Չաշխատող նպաստառուներն ու աշխատանքից զրկող կառավարությունը

Չաշխատող նպաստառուներն ու աշխատանքից զրկող կառավարությունը

«Մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքատության նպաստ ստանան, հեռուստացույց չեն առնում, որ աղքատության նպաստ ստանա, 350 հազար մարդ ճռռում է, 800 հազար մարդ ուզում է, որ նրանք ավելի շատ ճռռան»,- հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աստանայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Նա ՀՀ քաղաքացիներին կոչ արեց աշխատել։

Իհարկե, նպաստների համակարգում խնդիրներ կան, դա ոչ ոք չի հերքում: Այն, որ նպաստը աշխատելու մոտիվացիայից զրկում է որոշներին, դա էլ է փաստ: Չնայած որ բոլորովին անտրամաբանական է, թե 150 հազար դրամանոց աշխատանքից իրենց զրկում են 25 հազար դրամ նպաստի համար։ Այնուամենայնիվ, սա խնդիր է, որ կարող ենք արձանագրել և բարձրաձայնել ես, դուք, բոլորը: Բայց երբ այս մասին բարձրաձայնում է երկրի ղեկավարը, նա պետք է նաև երկու շատ կարևոր հարցի պատասխան տա՝ ինչո՞ւ է այսպես և ի՞նչ է առաջարկվում նպաստի փոխարեն:

Վերջին հարցի պատասխանը, իհարկե, նոր բացվող աշխատատեղերն են: Մի կողմից կառավարությունը պնդում է, որ պետք է մարդիկ աշխատեն, մյուս կողմից հենց կառավարության աշխատանքի արդյունքում հազարավոր աշխատատեղեր են փակվում:

Վերջին շրջանում իրար հետևից փակվել կամ անորոշ ժամանակով աշխատանքը դադարեցրել են մի շարք ընկերություններ:

Այսպես՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակվեց՝ գործազուրկ դարձնելով 500 աշխատակցի։ 500 աշխատակիցը գուցե հենց այդքան ընտանիք է, դրան հավելենք գործարանի շրջակա խանութներն ու մյուս օբյեկտները, որոնք գործում էին աշխատողների եկամտի շնորհիվ։

Օրեր առաջ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն «ավետեց» առաջիկայում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում 150 մարդու կրճատումը:

Տևական ժամանակ է՝ որևէ աշխատանք չի կատարվում Ամուլսարում: Կառավարությունը դեռ պետք է որոշի՝ ընկերությունը խախտումներո՞վ է աշխատում, լիցենզիան օրինակա՞ն է, թե՝ ոչ։ Մինչ կառավարությունն ուսումնասիրություններ է անում, հանքավայրում աշխատող 1000-ից ավելի մարդ մնացել է առանց աշխատանքի։

Կառավարության որոշումներով փակվեցին «Թվային Հայաստանը» և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, որը բացել էր նախորդ կառավարությունը, բարձր աշխատավարձ էր տալիս ու պահանջում էր մշակել Հայաստանի զարգացման հեռանկարային ծրագրեր։

Պետական համակարգում ուռճացված լինելու մասին անդադար խոսում են վարչապետի օգնականները, աշխատակազմի ղեկավարը, խորհրդականները: Ավելին՝ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանն ասել էր, որ «եթե չկարողացանք մոտավորապես 100 հազար մարդ հանել պետական համակարգից՝ դարձնելով նրանց բարձր որակավորմամբ աշխատողներ ու տեղավորելով մասնավոր սեկտորում՝ չենք ունենա առաջ գնալու»:

Այսինքն, վարչապետի նշած 350 հազար «ճռացող» մարդկանց թիվը գնալով պակասում է, ու, բնականաբար, ներդրումների պակասի ու զանազան այլ պատճառներով աշխատատեղերի բացակայությունը բերելու է այդ կրճատվողների՝ նպաստառուների կամ արտագաղթողների բանակը լրացնելուն։

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր աշխատող նաև հարկատու է, խոշոր կազմակերպությունները, որոնք այժմ չեն գործում, տեղ ունեն Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում։ Իսկ նրանց չմուծած հարկերը դժվարություն են ստեղծելու պետության համար։

Խնդիրներից խուսափելու ամենահեշտ ճանապարհը ուրիշներին մեղադրելն է, ինչպես և անում է մեր երկրի վարչապետը։ Մի կողմից ասվում և արվում է հնարավորը, որպեսզի տպավորություն թողնվի, թե գործադիրը մտահոգ է պետական բյուջեի ծախսերի խնայողության և դրա արդյունավետ օգտագործման հարցերում: Սակայն, նույն գործադիրը, հավանաբար, նաև տեղյակ է, որ երկրում իրականում առկա է աղքատության բարձր ցուցանիշ՝ 30%, աշխատուժի գործազրկություն՝ 18%:

Մի բանում, թերևս, վարչապետի պաշտոնակատարն իրավացի է՝ առաջիկայում մարդիկ իսկապես իրենց կովերը կմորթեն, ինչքը կվաճառեն, իսկ հեռուստացույց էլ չեն գնի, բայց ոչ թե որ ուզում են նպաստ ստանալ, այլ ուրիշ տարբերակ չեն ունենա:

Տաթև Միրզոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ