Հոկտեմբերի 27-ի երեկոյան ձեռքին նռնակով Կառավարության շենք էր մուտք գործել 43-ամյա մի տղամարդ` իրեն շենքի ներսում պայթեցնելու նպատակադրմամբ։ Մինչ այդ՝ զանգահարել էր ԱԻՆ և հայտնել մտադրության մասին։
Նա կալանավորված է, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235–րդ հոդվածի 1–ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։
Նոյեմբերի 1-ին խորհրդարանը մեկ մարդու պես համաներման նախագծին հավանություն տվեց, ինչը շատ դրական է։ Բայց համաներման նախագծում հատուկ տող է առանձնացված ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռերի մասին։
Նախատեսվում է պատժից ազատել ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, ովքեր չեն մեղադրվում սպանություն կատարելու մեջ։ Սակայն սա այն դեպքում, եթե համաներմանը չեն առարկի պատանդառված և ֆիզիկական վնաս կրած տուժողները:
Սասնա ծռեր խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն էլ ասում է, որ կլանքի տակ գտնվող Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը թեև համենրման չեն արժանանա, քանի որ սպանություն կատարելու մեջ են մեղադրվում, սակայն քրեական պատասխանատվության չեն կարող ենթարկվել նաև իրենք, քանի որ ապստամբներ են, իրենց ապստամբության իրավունքն են իրացրել և այլ տարբերակով են ազատվելու կալանքից։
Հարց՝ ինչո՞ւ պետք է ոստիկանության ՊՊԾ գունդ մտածներին ազատել կալանքից ու համաներել, իսկ կառավարություն մտածին՝ կալանավորել։ Ո՞վ ասաց, որ Վարուժան Ավետիսյանն ունի ապստամբելու իրավունք, իսկ, ասենք, Պողոս Պետրոսյանը չունի։ Ապստամբության իրավունք գործում է այն դեպքում, երբ գնացել են ոստիկանական կառույցի՞ վրա, թե՞ որ գործել են նախորդ ռեժիմի օրոք։
Եթե մենք բանտից բաց ենք թողնում մարդկանց, որոնք հայտարարում են, որ անհրաժեշտության դեպքում կրկին կդիմեն զենքով երկրի ներսում հարց լուծելու, ապա ինչո՞ւ բաց չենք թողնում զենքով հարց լուծել փորձող մյուսներին։
Եթե զենքով հարց լուծելն արտոնվում է կառավարության նախագծով, իսկ պատգամավորներն էլ միաձայն համաձայնություն են տալիս, ուրեմն դա ազդա՞կ է հանրության ագրեսիվ հատվածին։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը