13 10 2018

Իսկ ՆԱ խոստանում էր, որ այլևս ոչ ոք զենքով հարց չի լուծի

Իսկ ՆԱ խոստանում էր, որ այլևս ոչ ոք զենքով հարց չի լուծի

Հոկտեմբերի 11-ին հրազենային վիրավորմամբ «Վանաձորի բժշկական կենտրոն» էին տեղափոխվել երեք անձինք: Նախաքննությամբ պարզվել էր, որ մարմնական վնասվածքներն ստացել են Վանաձոր քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի դիմաց միջադեպի ժամանակ, անհայտ անձն իր մոտ պահած հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ էր արձակել:

Դրանից մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 6-ին, Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի արդյունքում սպանվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը, իսկ նրան սպանած՝ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանն էլ հաջորդ օրը ինքնասպան էր եղել։

Միջադեպերը ցավալի են ու տհաճ: Բայց նրանց գոյությունը խիստ զարմանալի է: Ինչո՞ւ: Բանն այն է, որ Հայաստանի նոր վարչապետը խոստացել էր իսպառ վերացնել դրանք: Հուլիսի 15-ին՝ ուղիղ եթերում, Նիկոլ Փաշինյանը մի կարևոր հայտարարություն արեց. «Ես ուզում եմ բոլորիդ զգուշացնել, որ Հայաստանում ոչ ոք չի կարող զենքով հարց լուծել... Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը մեր սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո կանգնի ու ասի՝ ես զենքով հարցեր կլուծեմ։ Զենքով Հայաստանում ոչ մեկը հարցեր չի լուծելու, սա հստակ է։ Որևէ մեկը բեսպրեդելով, լկտիությամբ, զենքով ՀՀ-ում հարցեր չի լուծելու։ Սա ես ասում եմ որպես ՀՀ վարչապետ և ուզում եմ, որ մենք բոլորս սա ի գիտություն ընդունենք։ Հակառակ դեպքում էլ ինչի՞ համար էր այս հեղափոխությունը ... »։

Հայաստանում զենքով հարց լուծելու պրակտիկան, ցավոք, եղել է միշտ, իսկ վարչապետի հայտարարությունից հետո, առավել ևս, նոր թափ ստացավ։ Գրեթե ամեն օր հնարավոր է լսել մայրաքաղաքում, տարբեր քաղաքներում ու գյուղերում կրակոցների, դանակահարությունների, ռազբորկաների միջոցով կամ օգնությամբ հարց լուծելու մասին։

Բերենք տասնյակ օրինակ մի քանի տասնյակից, թե այս հայտարարությունից հետո զենքով էլ ինչ հարցեր են լուծվել, բացի թվարկած երկու աղմկահարույց դեպքերը։

Հուլիսի 23-ին կտրած-ծակած վերքերով Աբովյանի բժշկական կենտրոն էին տեղափոխվել 23-ամյա Արթուր Պապոյանը, 23-ամյա Դավիթ Հակոբյանը, 25-ամյա Ռազմիկ Թովմասյանը և 22-ամյա Դավիթ Պետրոսյանը։ Զրուցարանում վիճել էին։

Հուլիսի 24-ին Երևանի Խաղաղ Դոնի փողոցում կրակոցների արդյունքում «Էրեբունի» հիվանդանոց էր տեղափոխվել մի քաղաքացի։  Հուլիսի 25-ին դանակի հարվածներից վիրավորված 22-ամյա Միքայել Ա.-ն և Հայկ Ա.-ն Սևանի հիվանդանոց էին դիմել։ 42- ամյա Ալիկ Ե.-ն էլ խոստովանել էր, որ հանգստյան գոտում գտնվող իր տնակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ինքն է հարվածել:

Հուլիսի 26-ին Դարձյալ նման մի պատճառով դարձյալ Սևանի հիվանդանոց էր տեղափոխվել 35-ամյա Էմիլ Հ.-ն: Հիվանդանոցին հարակից լողափում վեճ էր ծագել և հարցերը լուծել էին դանակով։

Oգոստոսի 4-ին Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի 1/37 տան դիմաց, 2 դիմակավորված անձ, իջնելով «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայից, մոտեցել էին  44-ամյա Աշոտ Ծատուրյանին, կրակել ոտքին, ապա նստել մեքենան և փախել։

Օգոստոսի 6-ին Այնթապ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Սահակյանը սպանվել էր։ Սահակյանի և «Վարդա» գիշերային ակումբի տնօրեն՝ 34-ամյա Խաչատուր Արոյանիի միջև վեճ էր եղել։ Սահակյանը գիշերային ակումբի տնօրենին մի քանի անգամ հարվածել էր։ Տնօրենը ևս դանակով հարվածել է Սահակյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել էր, Արոյանն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն։

Օգոստոսի 12-ին Վանաձորի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում Կորյուն Մուրադյանը մի երիտասարդի վիճաբանության ժամանակ վիրավորել էր հրազենով, զենքը նետել է հարակից գետն ու փախել:

Օգոստոսի 13-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 27-ամյա երիտասարդ՝ հրազենային վիրավորմամբ։

Օգոստոսի 16-ին Ակնալիճ եւ Տարոնիկ գյուղերի ճանապարհի խաչմերուկում վիճաբանություն էր եղել, որի ընթացքում 1982 թ. ծնված Նորիկ Ա.-ն կրակոցներ էր արձակել։

Օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում դիմակավորված ու զինված անձինք հարձակում էին գործել վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա։

Օգոստոսի 31-ին Վաղարշապատի քաղաքապետարանի մոտ անհայտ անձինք վիճաբանել էին ու կրակել միմյանց վրա, դեպքի վայրում նաև ռետինե մահակներ էին հայտնաբերվել։

Սեպտեմբերի 9-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել Արգավանդ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Ռոբերտ Թորոսյանը, որը վիրավորվել էր 20-ից ավելի երիտասարդների վիճաբանության ժամանակ։ Ծեծկռտուքի ժամանակ հնչել էին նաև կրակոցներ։

Իհարկե, երկրում ամեն բան էլ կարող է լինել, ամեն կարգի կրակոց ու դանակահարություն։ Եթե կա զենք, ապա մի օր կրակելու է: Երբեք չես իմանա, թե այս վայրկյանին ով ում հետ ինչ հարցեր է պարզում, և սխալ կլինի կատարվողի մասին մեղադրել ոստիկանության զգոնությանը կամ իշխանություններին ընդհանրապես։ Բայց երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ այսուհետ պետք է չլինեն, նշանակում է, որ դրանք կտրուկ պետք է վերանան կամ գոնե քչանան, այլապես այդ հրամանը սոսկ պոպուլիզմ է դառնում:

Ցավոք, այս դեպքում ևս գործ ունենք հենց այդ վիճակի հետ։

 

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ