29 09 2018

Ինչպե՞ս խոստանալ մի բան և անել հակառակը․ «Բարձրագույն» օրինակ

Ինչպե՞ս խոստանալ մի բան և անել հակառակը․ «Բարձրագույն» օրինակ

 Օգոստոսի 9-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության ուռճացված լինելուն և պաշտոնյաների ծանոթ-բարեկամներով գործադիրի տարբեր կառույցներ համալրվածության խնդրին ։

«Կառավարության անդամներին կոչ եմ անում, որ պատրաստ լինենք՝ մենք գնալու ենք շատ լուրջ լուծումների ու շատ լուրջ բարեփոխումների: Ի վերջո, ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը: Սա միանշանակ է, այդպես պետք է լինի: Կառավարման համակարգը ինչպե՞ս է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել, տեղավորել են պետական կառավարման համակարգ»,- ասաց նա։

Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը թեմային բազմիցս է անդրադարձել թե հրապարակային ելույթներում, թե մամուլի էջերում։ Ու թվում էր, թե նրա վարչապետությամբ իսպառ վերանալու է արատավոր պրակտիկան, և արդեն նշանակումները կատարվելու են ոչ թե ըստ կուսակցական պատկանելության և ըստ բարեկամական ու այլ կապերի, այլ՝ առաջնահերթություն դիտարկելով մասնագիտական ունակություններն ու պետական շահը։

Իսկ ի՞նչ լուծումներ տվեց Նիկոլ Փաշինյանը, որը նախօրոք հայտարարում էր, թե՝ «Մենք չենք գալիս մերոնքականներին ձերոնքականներով փոխարինելու»։

ՀՀ նոր կառավարությունն իրականացրել է կադարային՝ մինչ այժմ եղած ամենամեծ ջարդը։ Քանի որ նախորդ կառավարությունները, ըստ էության, եղել են մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը, թեև կադրային փոփոխություններ եղել են տարբեր չափերով՝ յուրաքանչյուրն իր յուրայիններին աշխատանքի տեղավորելու ելքով, սակայն դրանք չեն եղել խոշորամասշտաբ փոփոխություններ։ Այժմ փոփոխվել են ամբողջությամբ՝ հիմնարկի ղեկավարներից հետո փոխվել են տեղակալները, օգնականները, վարչության պետերը, իսկ վերջում, երբ պարզվել է, որ ծանոթ-բարեկամների շարքը մեծանում են, բաժիններն ամբողջությամբ։

Սեպտեմբերի 27-ին «Հրապարակ» թերթը գրեց․ «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանում արդեն հարազատներով է շրջապատել իրեն։ Օգնականը նրա զարմիկն է՝ Գևորգ Մանուկյանը, աշխատակազմի ղեկավարի գործառույթները կատարողը՝ խորհրդականի հաստիքով գրանցված Լիլիթ Միրզախանյանը, մորաքրոջ հարսն է, մեկ այլ հեռավոր բարեկամ-ընկեր՝ Հովտաշենի գյուղապետ Արթուր Մկրտչյանն էլ տեղակալ է նշանակվել»։

Նույն «Հրապարակ»-ը սեպտեմբերի 29-ին գրեց․ «Նոր իշխանություններն ամեն օր ապացուցում են «պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի» ՀՀՇ կարգախոսի արդիականությունը: Նրանք կարծում են, որ ԺԵԿ-ի պետերն էլ պիտի իրենց թիմից լինեն: Երեկ տեղեկացանք, որ ազատվել են «Արարատ ՋՕԸ»-ի՝ Ջրօգտագործողների ընկերության պետ, երիտասարդ Վանյա Թաթիկյանից և պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Նշան Հակոբյանին: Վերջինիս համար միջնորդել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. Հակոբյանն ու Ավինյանը համակուրսեցիներ են»:

Մինչ այս էլ գրվել է պատգամավորի ամուսնու պետգույքի կառավարման վարչության պետ նշանակելու, մեկ այլ պատգամավորի մանկության ընկերոջը այլ բարձր պաշտոնի նշանակելու մասին։ Փաստերը շատ են։

Ստացվում է, որ Հայաստանում տեղի ունեցած այս ողջ հեղափոխական-իշխանափոխական գործընթացները պարզապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմին պաշտոնով ապահովելու համար էր։ Ընդամենը։ Մարդկանց սիրտը նախարարի պորտֆել էր ուզում, հեղափոխություն արեցին։

Ու երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակը հայտարարում է, թե Երևանի քաղաքապետարանում կադրային ջարդ չի լինելու, կոմպետենտ և կոռուպցիոն մեխանիզմների մաս չկազմող անձինք շարունակելու են պաշտոնավարել՝ անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից, մենք արդեն հիմքեր չունենք հավատալու։ Նախկին կառավարության հետ աշխատածները համարվում են կոռուպցիոներներ, վատ աշխատողներ և հեռացվում են՝ տեղը զիջելով թեև երիտասարդ, բայց հաճախ՝ ընդամենը տառաճանաչներին, որոնք սելֆի անելուց ու բլոտ խաղալուց բացի կարծես այլ գործի չեն տիրապետում։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ