Վարչապետի վերջին շաբաթվա մի շարք ելույթներ՝արդարադատության վերաբերյալ, բազմապատկեցին եղած անհանգստությունը. Երևանի վարչական շրջաններում ելույթներ՝ քարոզարշավի ընթացքում, ելույթ ԱԺ-ում, Փարիզում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ... Կարող ենք փաստել, որ դատական համակարգի նկատմամբ կան թե ճնշումներ, թե ուղղորդում՝ ո՞ւմ՝ ինչ պատիժ տրվի կամ հակառակը: Սկզբում վարչապետն ասում էր՝ եթե օրենքով լինում է ապացուցել մեղավորությունը, պետք է պատժվեն և այլն, իսկ հիմա նա պարզապես փորձում է արդարացնել ԱԱԾ և ՀՔԾ իր գործընկերներին, ու դա դեռ բավական չէ՝ փաստացի իր վրա է վերցնում այդ ուղղորդումները:
Փաստ է, որ արդեն գոնե մարտի 1-ի ավելացված գործի և վերաբացված մասով հետագա հայտարարությունները չեն կարող վստահություն ունենալ թե՛ օրինականության, թե՛ անկողմնակալության վերաբերյալ:
Կարելի է, իհարկե, ընդունել դրանք որպես նախկինների նկատմամբ, վենդետա, կարելի է այլ անուն դնել, բայց փաստ է, որ այս իշխանության օրոք ոչ միայն պատասխան չեն ստանա նախկինում գոյություն ունեցած հարցերը /մարտի 1, հոկտեմբեր 27/, այլև կավելանան նոր հարցեր: Գործող իշխանությունը, ի տարբերություն նախորդ երեք նախագահների, բռնել է հանրության հետ բացատրվելու մեկ այլ ուղի՝ ոչ օրենքի տառի պահպանմամբ, անաչառությամբ, այլ, իր գնահատմամբ՝ հանրության պահանջով՝ այդ տրամաբանությամբ էլ նշանակելով մեղավորներ։
Իրավական պետությունից սահուն անցում ենք կատարում Ստալինյան ժամանակներ. ժամանակներ, երբ նախ չեզոքացնում էին հակառակորդներին իշխանական վերնախավում, այնուհետև անցում կատարում այլախոհներին՝ դրանց մեջ տեսնելով վտանգ։ Ձեռքի հետ էլ գնդակահարում էին կամ ճամբարներ ուղարկում նույն ստալինյան գաղափարներ կիսողներին, բայց արդեն այլ պատճառներով կամ առանց պատճառի:
Այս գործելաոճը, բնականաբար, բերում է էլ ավելի մեծ հիասթափության, մարդկանց աչքերից ընկնում է մի քանի ամիս առաջ քաշված քողը: Հասկանում են ու արդեն բարձրաձայնում այն մասին, որ իրենք փողոց չէին փակում, որպեսզի ՆԱ գա մուռ հանելու։ Ինքնուրույն, ոչ թե իշխանական մամուլի վերնագրերով կողմնորոշվող մարդիկ չեն հանդուրժի բռնապետական նկրտումները:
Պայքարում եք, որ նախկինները չվերադառնա՞ն, խնդրեմ, եղեք ավելի խոհեմ, ավելի պատասխանատու, ավելի խելացի տնօրինեք, մեզ ցույց տվեք ոչ թե այս կամ այն քրեական գործից նյութեր, այլ ռեալ աշխատանք, արդարություն։ Ցույց տվեք, որ մինչ այս ձեր քննադատությունն օդի տատանում չէր, դատեք արդար, բարեփոխեք մարդկանց սոցիալական, երկրի տնտեսական վիճակը, ապացուցեք, որ ժողովրդի մի ստվար զանգված, որն հավատացել է ձեր ազնվությանը, չի սխալվել, կամ ով չի հավատացել, առիթ ունենա հավատալու: Իշխանությունը պահպանելու համար պայքարում են այդպես։
«Լավ եմ արել՝ ասել եմ փակեք» հայտարարությունը, որ անում եք ժողովրդի անունից, վստահաբար՝ ժողովրդի սրտով չէ։ Դուրս եկեք փողոց և հարցրեք՝ քաղաքացիներն ուզո՞ւմ են, որ օրենքներն անտեսելով՝ անեք ինչ ուզում եք:
Վերջապես՝ իշխանությունը ձեզ տրվել է ժամանակավոր, որ կազմակերպեք արդար ընտություններ: Ընդամենը: Իսկ թե ընտրություններում ում կընտրենք՝ ձեր ասած սևերին, թե սպիտակներին, կորոշենք մենք։
Ընտրությունների մասով: Երևանի ընրարշավն արդեն կասկածելու առիթ չի թողնում, թե կարո՞ղ են ապահովել արդար ընտրություն։ Այն կարծես վերածվել էր կյանքի և մահու կռվի: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ տարբերություն՝ ընրություններն անցկացնել ընտարակաշառքի աուկցիոնի նմանությա՞մբ՝ զոռբայությամբ, ուժի կիրառմամբ, թե՞ օգտագործելով այլակարծության դեմ հրապարակային թշնամանք սերմանելու, սեփական սխալներն ու գործելաոճը միակ ճիշտ ձևը պարտադրելու տեսքով։ Ի պատիվ հանրապետականի՝ հավելենք որ նրանք արդեն շատ լավ պատկերացնում են, թե ուր կարող եք հասնել, եթե պայմանավորվածության արդյունքում ձեզ թույլ տրվի ընտրություններ կազմակերպել։ Նրանք կասկած են հայտնում՝ արդյո՞ք արժե այն անել այս մթնոլորտում։ Նրանք կարիք չեն տեսնում արտահերթ ընտրությունների. ինչո՞ւ անել ընտրություն, եթե առաջին հերթին դու՛ք պատրաստ չեք, չունե՛ք կամք՝լինելու չեզոք, ապահովելու դրանց օրինականությունը:
Կրկնենք, իշխանությունը ձեզ տրված է ժամանակավոր, դուք այսօր օրինական իշխանություն չեք, ժամանակավոր եք՝ մեկ նպատակով, որ կազմակերպեք արտահերթ ընտրություններ՝ արդար ու անաչառ: Ձեզ ոչ ոք չի ընտրել, ձեր ծրագրերը չի կարդացել, չի հավատացել ձեր թիմի կազմակերպչական ունակություններին, դուք դրա մասին չեք էլ խոսել, խոսել եք միայն ընտրություն կազմակերպելու մասին: Մարդիկ եթե հրապարակավ չեն արտահայտվում այս թեմաներով, չի նշանակում, թե վստահում են ձեզ, կողմ են ձեր ամեն արածին ու ասածին:
Դուք ասում եք՝ դուրս եկեք փողոց, հարցրեք ժողովրդին։ Հարցնում ենք, ստանում ենք լրիվ այլ պատկեր, քան դուք կցանկանայիք։ Ճշմարտությունն այլ է, քան ձեր մտքերում: Դուք շատ շուտ կտրվեցիք մարդկանց կարծիքից, ու մի վերագրեք ձեր պատկերացումները ժողովրդին։ Պարզապես մի արեք դա, հավատացնում եմ՝ այդպես չէ:
Հ.Գ. Իշխանության ագրեսիվ կողմնակիցներին, հատուկ գրառումներ անող ֆեյքերին և Արայիկ Հարությունյանին խորհուրդ. ձեզ ոչ ոք ոչ մի բանում չի ուզում հետ համոզել, ինչքան ուզում եք՝ կուրորեն հավատացեք, մի ծախսեք ձեր ժամանակն ու նյարդերը կարդալու այն, ինչ ձեր ականջներին հաճելի չէ, որպիսզի այլակարծության բարձրաձայնումը հոգեկան շեղում չառաջացնի։ Առողջ եղեք։
Ահարոն Համբարձումյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը