25 07 2023

Ո՞րն է Լաչինի միջանցքը բացելու և Արցախը փրկելու ՄԻԱԿ ճանապարհը․ վերլուծական

Ո՞րն է Լաչինի միջանցքը բացելու և Արցախը փրկելու ՄԻԱԿ ճանապարհը․ վերլուծական

Zham.am-ում հոդվածագիր Դավիթ Մկրտչյանը գրում է․

Այն, որ այսօր Արցախն ապրում է իր պատմության ամենակարևոր օրերը, ավելի քան ակնհայտ է, իրականում հենց այս օրերին է որոշվելու Արցախի ճակատագիրը, և նշենք, որ Հայաստանի ճակատագիրը մեծապես կախված է լինելու դրանից։ «Ինչպե՞ս փրկել Ղարաբաղը, ինչպե՞ս լուծել խնդիրը»: Հենց սրանք են այն հարցերը, որոնք անհանգստացնում են հայ հասարակության ակտիվ հատվածի ճնշող մեծամասնությանը։

Առաջարկվում են առկա խնդիրների տեխնիկական լուծումների զանազան տարբերակներ.

  1. Բացել օդային միջանցք.
  2. Նամակներ հղել «աշխարհի տիրակալներին».
  3. «Ոտքի հանեl Հայաստանի քնած բնակչությանը».

Վերոնշյալ և այլ տեխնիկական լուծումներն ամբողջությամբ կամ մասնակի արդեն իրականացված են, բայց արդյունքը նույնն է՝ Արցախը մնացել է շրջափակման մեջ։ Արցախն այսօր արնաքամ է լինում... Փաստացի, 21-րդ դարում մենք ականատես ենք նոր «Լենինգրադյան բլոկադայի»:

Մենք պետք է մինչև վերջ անկեղծ լինենք. այս ամենը կավարտվի Արցախի լիակատար կորստով, եթե բոլորս չլրջանանք և չսթափվենք։ Եվ որպեսզի ամբողջ ժողովուրդն ինքն իրեն սթափեցնի, մենք պետք է հասկանանք իրական պատճառները, թե ինչու է Ղարաբաղը ներկա վիճակում, և դա պետք է արվի, որպեսզի առաջարկվող լուծումներն իրատեսական լինեն։

Արցախի ներկայիս շրջափակման հիմքը դրվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպման ժամանակ (Փաշինյան - Ալիև - Մակրոն - Միշել), երբ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ներառյալ Արցախը։

Այս քայլով Նիկոլ Փաշինյանը «խմբագրել» է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ հօգուտ Ադրբեջանի։ Նա քաղաքական հիմնավորում է տվել Արցախի շրջափակման համար կատարվելիք Ադրբեջանի հետագա գործողությունների համար, քանի որ եթե Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է Լաչինի միջանցքն անխոչընդոտ գործի առանց ադրբեջանական վերահսկողության։

Եթե ​​«Ղարաբաղը Ադրբեջանի մաս է», ապա չի կարող լինել ազատ Լաչինի միջանցք, կամ կարող է լինել ազատ միջանցք, եթե Հայաստանն իր հերթին Ադրբեջանին տրամադրի նույն տրամաբանությամբ գործող «Զանգեզուրի միջանցքը»։

Փաստացի, Ղարաբաղում ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի անձնական որոշման անմիջական հետեւանքն է, իսկ Փաշինյանի որոշման դրդապատճառը պայմանավորված է ԱՄՆ-ի շահերով։

ԱՄՆ-ի թիվ 1 խնդիրը մեր տարածաշրջանում ռուսական զորքերի դուրսբերումն է Արցախից: Ամերիկացիները քաջ գիտակցում են, որ ղարաբաղցիները չեն ապրելու Ադրբեջանի կազմում։ Դրա վառ դրսեւորումն այն է, որ Քելբաջարը Ադրբեջանին հանձնվելուց հետո ոչ մի հայ ինքնակամ չմնաց այնտեղ ապրելու։

Ամերիկացիները շատ լավ հասկանում են, որ քանի դեռ Արցախում կա «հայկական տարր», Արցախում է լինելու նաև ռուսական բանակը։ Հենց այս պատճառով է, որ Արցախում հայ չպիտի լինի, որպեսզի ռուսական զորքերի ներկայության կարիքը չլինի։

Միգուցե այս ամենը դաժան է հնչում, բայց ռուս-ուկրաինական պատերազմում, ըստ երկու կողմերի տարբեր փորձագետների, արդեն ավելի քան 300 հազար մարդ է զոհվել, և դա նույն 21-րդ դարում...

Ավելին, ուկրաինական հակամարտությունը ռուս-ամերիկյան հարաբերությունները հասցրել է այնպիսի աստիճանի սրման, որ շատերը նույնիսկ կանխատեսում են, որ հակամարտությունը վերաճելու է երրորդ համաշխարհային պատերազմի։ Իհարկե, և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը փորձում են խուսափել այս մեծ պատերազմից, փոխարենը լոկալ պատերազմներ են ընթանում աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պայքարում են միմյանց դեմ։

Կոնկրետ մեր տարածաշրջանում հարց կա Արցախի, Զանգեզուրի և ամբողջ Հայաստանի գոյության մասին։ Դրա համար էլ ամերիկյան դիրքորոշումը մեր նկատմամբ այդքան դաժան է։

Նիկոլ Փաշինյանն այս հարցում խաղում է ամերիկյան միջնորդի դեր, այլ կերպ ասած՝ նա մեղմ կերպով փորձում է լուծարել նախ Արցախը, իսկ հետո՝ Հայաստանը։ Թե ինչու է Նիկոլ Փաշինյանը իրականացնում ամերիկյան պլաններ ու ծրագրեր, որոնք ունեն ակնհայտ հակահայկական և հակապետական ​​բնույթ, ավելորդ ենք համարում բացատրել: 

Մարդիկ դառնում են պետական ​​դավաճան՝ ելնելով 2 տեսակի դրդապատճառներից.

  1. Հետապնդում են մեծ ֆինանսական շահ.
  2. Նրանք փորձում են փրկել իրենց «կաշին» ապագա դատաստանից.

Հենց այս երկու շարժառիթներն են որոշում Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը։ Բոլոր այն գնահատականները, որ նա միամիտ է, անգրագետ, դիվանագիտական ​​գիտելիքներ չունի, նրբություններին չի տիրապերում, անմեղսունակ գնահատականներ են։

Մենք գործ ունենք միտումնավոր դավաճանություն իրականացնող քաղաքական գործչի հետ, ով վճռական է հետևողականորեն իրականացնելու իր ծրագրերը և հասկանում է, թե որն է իր բոլոր քայլերի նպատակը և որոնք են դրանց հետևանքները:

Տվյալ դեպքում այլ երկրների ղեկավարներին նամակներ ուղղելը, խելացի բանաձեւերով հանդես գալն անիմաստ բան է։ Պետք է, որ ամբողջ ժողովուրդը համախմբվի մեկ գաղափարի շուրջ՝ վտարել իշխանությունից այս պետական ​​դավաճանին, ձևավորել ազգային համերաշխության իշխանություն, ազդանշաններ ուղարկել մեր դաշնակիցներին, որ Հայաստանը վերադարձել է իր բնական զարգացման ուղին, որպեսզի մեր դաշնակիցները հասկանան, թե ինչու պետք է օգնություն ցուցաբերեն Հայաստանին իր և Արցախի հարցերում։

Արցախը կարելի է փրկել միայն Լաչինի միջանցքի բացմամբ: Լաչինի միջանցքը կարող է բացվել միայն ուժով, կամ միջանցքը բացելու համար ուժի իրական կիրառման սպառնալիքով։ Սա կարող է անել միայն Ռուսաստանը Հայաստանի հետ միասին։ Եվ այս ամենի քաղաքական ու գաղափարական հիմքը կա։

Այս քայլը կվերականգնի 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի հիմնարար կետերից մեկը։ Այս քայլը կփրկի Արցախը: Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի մյուս կետերին, ապա այս կետերի շուրջ հնարավոր կլինի փոխզիջումներ գտնել, որոնցով կարող է բավարարվել նաեւ ադրբեջանական կողմը։

Այս սցենարի իրականացումը հնարավոր է միայն Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այլ բան մտածելը ինքնախաբեություն է, կամ նպատակաուղղված սրիակայություն, որովհետև կարծել, թե Արցախը կարելի է փրկել Նիկոլ Փաշինյանի իշխանության ներքո, սովորական հիմարություն չէ, այլ հանցագործություն։

Մնացած ամեն ինչ աղմուկ է կամ PR: Սակայն PR՝ Արցախի մահվան, նոր Հայոց ցեղասպանության, Արցախից հայերի բռնագաղթի վրա։ Իսկ հետագա դատավարությունների ժամանակ դա կհամարվի ոչ պակաս հանցագործություն, քան այն, ինչ իշխանությունները միտումնավոր արեցին Արցախի հետ։

Սա է իրականությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ