Սրանք իշխանության եկան կամ իշխանությունը զավթեցին մոտ 5 տարի առաջ՝ դագաղ «պարացնելով», ողջ մարդկանց դռների շեմերին սգո պսակներ դնելով և իրենց արածի վրա ուրախանալով, «Նիկոլ, նիկոլ» դմփ-դմփ-հու անելով: Եվ ինչ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իշխանության եկան, այդ օրվանից Հայաստանում ու Արցախում մահեր ու մահեր են՝ տասնյակներով, հարյուրներով, հազարներով...
Նիկոլ Փաշինյանն ու իր զանազան մանկլավիկները, որոնց նախարար կամ քպ-ական պատգամավոր են ասում, գլխակերների, մահաբերների, կործանարարների, պարտությունների ու ողբերգությունների իշխանություն են, ի լրումն՝ անպատասխանատուների և հայերիս ատողների, ստախոսների ու չտես-ցինիկների թունավոր խմբակ:
Նախօրեին, ինչպես հայտնի է, ողբերգություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված բանակային զորամասերից մեկում: Կեսգիշերից մեկուկես ժամ անց զորամասում հրդեհ է բռնկվել, ըստ պաշտոնական հաղորդագրության, ինչի հետևանքով 15 զինվորական մահացել է, ևս 3 հոգու վիճակը գնահատվում է ծանր:
Սա ի՞նչ է, եթե ոչ՝ հայ մարդկանց կոտորած:
Այո, բանակում, ինչպես ասում են՝ «ոչ մարտական պայմաններում» անցած տասնամյակներում էլ եղել են տարբեր արտակարգ պատահարներ: Եղել են: Բայց նման բան, որ զորանոցում 15 հոգի, գործնականում՝ երկու ջոկ ողջ-ողջ հրի մատնվեն, չէր եղել ու, վստահ եմ, նախկինում չէր էլ կարող նման բան լինել: Չէր կարող, քանի որ նախկինում, ինչ էլ ոմանք վայրահաչեն, Հայաստանը բանակ ուներ: Բա-նա՛կ: Այդ բառի պարունակած իմաստին ամբողջությամբ համապատասխան: Հիմա մենք չգիտենք, թե Հայաստանն ի՛նչ ունի «բանակի» անվան տակ:
Ահավոր, սահմռկեցուցիչ ողբերգություն է տեղի ունեցել. 15 հայ զինվորականներ այրվել են զորանոցում: Նրանց 3 ծառայակիցները ծանր վիճակում են: Տեղի ունեցածը պետք է, իհարկե, լրջագույն ու մանրամասն քննության առարկա դառնա: Բայց կդառնա՞: Սրանց իշխանությունը մինչև օրս անուն առ անուն չի հրապարակել իր իսկ հրահրած, իր իսկ ակնհայտորեն սխալ հրամաններով մահվան մատնած հազարավոր ու հազարավոր զինվորների և սպաների ցուցակը անգամ:
Սրանք այդ ո՞ր մի նման ողբերգությունն են քննել, որ այս մեկը ծածկադմփոց չանեն: Ի՞նչն են քննել ու հանրությանը բացեիբաց ներկայացրել. թունավոր սպիրտից զանգվածային մահե՞րը, «Սուրմալուի» պայթյո՞ւնը, 44-օրյա պատերազմի զոհերի դիերը «աչքից հեռու» մարզային մի հիվանդանոցի նկուղում պարկերի մեջ անտեր նետե՞լը, թե՞ 44-օրյայի ընթացքում իրենց իսկ տված սխալ հրամանները: Ախ, հա՜, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ ոչ թե «գերագույն հրամանատար էր», այլ հպատակ գեներալների մոդերատոր, գրո՛ղը տանի...
Կարճ ասած՝ Գեղարքունիքի զորամասում շուրջ երկու տասնյակ հայ զինվորականների ողջ-ողջ այրելու համար անհապա՛ղ պետք է սրանց բոլորին կանչել պատասխանատվության: Բոլորի՛ն: Առաջինը՝ Նիկոլ Փաշինյանին: Նրա ասֆալտային Պ նախարարը պետք է անմիջապես պաշտոնանկ արվի ու կալանավորվի, ՊՆ, ԳՇ ղեկավարությունը նմանապե՛ս:
Պետք է պետության ղեկից անհապաղ հեռացնել դրանց բոլորին անխտիր ու ենթարկել խստագույն պատասխանատվության:
Հիշե՛ք, քանի դեռ Հայաստանում շարունակում է ղեկավար համարվել «դագաղ պարացնելով» իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, նման ողբերգություններ ու մահեր լինելու են անընդհատ: Լինելու են այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը, նրան սպասարկող զանազան արսենյանները, իրենց սիրելի թուրքերի հետ Հայաստանի ու երկրում բնակվող հայության վերջը չտան:
Ով ուզում է կոտորվել ու մեռնել, թող շարունակի ապուշություններ դուրս տալ «նախկինների» ու «յեյեսուն տարվա» մասին, թող շարունակի լիզել Նիկոլի նկարը: Իսկ ով ուզում է ապրել, ով ուզում է, որ իր զավակներն ու թոռները սեփական երկրում կյանք ունենան, ով ուզում է, որ զորակոչված իր որդին պատվով ծառայի ու վերադառնա տուն, այլ ոչ թե քնած տեղը ողջ-ողջ այրվի Նիկոլի ու Պապիկյանի «բարեփոխած» «բանակում», պետք է թողնի ամեն ինչ և ելնի պայքարի՝ գլխակեր-մահաբերների իշխանության դեմ: Այլ ելք չկա:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը