Փաշինյան Նիկոլն իր «Երկրի հակառակ կողմը» հակա-գրքի լրագրային տարբերակում Դուբայը նշել էր որպես ԱՄԷ-ի մայրաքաղաք: Դե, նրան, միգուցե, այդպես է թվում: Դուբայ, Դուբա՜յ, քաղաք է, էլի, է-է՜ն կողմերի վրա:
Հա, ուրեմն օրերս այ այդ քաղաքում՝ Դուբայում, հարսանիք է եղել: Հայրենի նախկին-ներկա օլիգարխներից Սամվել Ալեքսանյանի որդու հարսանիքը: Այն հատուկ Դուբայում են արել, որպեսզի հայաստանյան մղձավանջային իրականության մեջ շատ աչք չծակի, շառից-փորձանքից-աչքից հեռու: Դա կոնկրետ օլիգարխի ու նրա հարազատների գործն է, իհարկե: Ասում են, հյուրերին «մալյատով», նույն ինքը՝ օդանավի չարտերային չվերթով են տարել-բերել:
Սակայն եթե օլիգարխի զգացողությունը հերիքել է, որ Երևանից հեռու մի տեղ իր զավակի հարսանյաց հանդիսությունը անցկացնի, ապա երկիրն ու ժողովրդին աղետած իշխանության ղեկավարն էլ երևի կարող էր այնքան քթածակ ունենար, որ հասկանար, թե իր կամ իր ընտանիքի անդամներից որևէ մեկի մասնակցությունն այդ հանդիսությանն ինչ համարժեք ընկալումների տեղիք կտա:
Ըստ մամուլի հրապարակումների, Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ավագ դուստրը օդանավով Դուբայ, հարսանիքի մեկնածների մեջ է եղել, հարսանյաց հանդիսության ընթացքում էլ բավականին ուրախ զվարթ (դա հարսանիք էր, չէ՞): Այստեղ հարցն այն չէ միայն, որ Սամվել Ալեքսանյանի որդու հարսանյաց հանդիսությանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանի դուստրը, այն նույն Փաշինյանի, ով տասնամյակներ շարունակ ամենակեղտոտ արտահայտություններով «քլնգում» էր իր թերթոնի էջերում նույն Սամվել Ալեքսանյանին ու այլ կերպ, քան՝ մականունով չէին էլ հիշատակում: Դե, իշխանական ու օլիգարխական «վերևներում» բարոյական որոշակի ընկալումները հազվագյուտ խորտիկներ են: Բայց դա դեռ մի կողմ:
Էականն այն է, որ մի իրավիճակում, երբ հայրը հայ զինվորների շիրիմներն է ավելացնում, որդեկորույս մայրերի բանակն է ավելացնում, մայրը՝ անկապ ու «սրտակեղեք» գրառումներ է անում, որնց մեջ, օրինակ նույն որդեկորույս մայրերին խելագար է անվանում, նրանց դուստրը չարտերային չվերթով մեկնում է Դուբայ... օլիգարխական հարսանիքի մասնակցելու:
Սա այնպիսի դրսևորում է, որ ոչ մի բարոյական շրջանակի մեջ չի տեղավորվում ու հավելյալ մեկնաբանությունների կարիք էլ չկա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը