Ժամանակակից աշխարհում ոչ մի երկիր կամ ժողովուրդ ապահովագրված չէ ամեն կարգի ինչպես բնական, այնպես էլ՝ տեխնածին աղետներից, ծանր վթարներից ու նման բաներից: Այդ թվում՝ Հայաստանի ու հայության հանդեպ ուլտրա-թշնամական այնպիսի երկիր, ինչպիսին է ցեղասպան ու ոճրագործ Թուրքիան:
Եվ օրերս, կոնկրետ հոկտեմբերի 14-ին Թուրքիայում՝ Բարտինի շրջանի Ամասրա քարածխի հանքում խոշոր պայթյուն է եղել, ինչի հետևանքով առնվազն չորս տասնյակ թուրք հանքափորներ զոհվել են, կան տասնյակ վիրավորներ, ևս մի քանի տասնյակի ճակատագիրը դեռ անհայտ է:
Դե, դեպք է, եղել է: Գուցե կլինեն մարդիկ, որ կասեն, բնությունը վրեժ է լուծել քոչվորներից, որ հին Պոնտոսն էլ են իրենցով արել, բայց մենք դրա հետևից չընկնենք: Օգոստոսի 14-ին էլ որ «Սուրմալու» առևտրի կենտրոնն էր պայթել, թուրքերից Քիլըչը (բանակցություններում Ռուբինյանի պարտնյորը) ցավակցել էր «զոհվածի ընտանիքին» (դե նրան չէին հայտնել, որ տասնյակ ու ավելի զոհեր կան):
Եվ ահա, Նիկոլ Փաշինյանի ամենից կարկառուն նիկոլփաշինյաններից Արսեն Թորոսյանը մի սրտաճմլիկ ցավակցանգիր է կազմել, թե բա. «Անկեղծորեն ցավակցում եմ մեր հարևանին՝ Բարթընում հանքափորների մահվան կապակցությամբ։ Տարածաշրջանի ժողովուրդները սգում են այս ծանր կորուստը»:
Եթե Նիկոլ Փաշինյանը այդքան մղվում էր Էրդողանին ցավակցելու, ապա ավելի ճիշտ ու խորհրդանշականա կերպար, քան «առողջապահության» նախկին նախարար ու ՔՊ խմբակցության անդամ Արսեն Թորոսյանն է, իսկապես, հազիվ թե գտներ: Այս ցավակցագրի մեջ հրաշալի է գրեթե ամեն ինչ:
Նախ, Արսեն Թորոսյանը, մեկ գրամ անգամ չենք կասկածում, որ անկեղծորեն է ցավակցել Թուրքիային ու թուրքական իշխանություններին: Միանգամա՛յն անկեղծորեն: Արսեն Թորոսյանի, Նիկոլ Փաշինյանի ու, առհասարակ, քպ-ականների համար թուրքերի մահանալը կամ զոհվելն, իսկապես, ցավալի է: Սրանք նրանք են, որ Եռաբլուր են գնում՝ բերանները մինչև ականջները բացած, անշնորհքաբար ծամոն ծամելով: Սրանք նրանք են, որ Եռաբլուրում կեղծավոր ու դերասանական ծամածռություններ անելու համար ոստիկանությանը քսի են տալիս պատերազմում զոհվածների մայրերի վրա... Սրանք նրանք են, որ դեռ դիերը անթաղ՝ քեֆերի մեջ էին։
Նույն Արսեն Թորոսյանը, վստահ ենք, անխուսափելի իշխանափոխությունից հետո դեռ պետք է կանգնի ժողովրդական դատարանի առաջ՝ պատասխանատվության ենթարկվելով թե՛ կորոնավարակի ժամանակ հազարավոր մարդկանցմահանալու, թե՛ պատերազմի ժամանակ հազարավոր վիրավորված զինծառայողների բուժօգնության հետ կապված խնդիրների համար: Ի լրումն, որպես Նիկոլ Փաշինյանի գործակիցներից ու կաբինետի անդամներից մեկը, Արմեն Թորոսյանը ենթակա է պատասխանատվության նաև կապիտուլյացիայի, դրան հաջորդած ու մինչ օրս տեղի ունեցող այլանդակությունների համար ևս:
Վերադառնանք Թորոսյանի ցավակցագրին: Նա ասում է, թե՝ «տարածաշրջանի ժողովուրդները սգում են...» թուրքական ածխահանքում պայթյունից զոհված թուրքերի համար: Իսկապե՞ս: Կարո՞ղ է, մի հատ էլ կառավարության շենքի աշտարակային դրոշը կիսով չափ իջեցնել տաք: Կամ՝ ի՞նչ գործ ունեք «տարածաշրջանի ժողովուրդների» հետ: Դուք, ի՞նչ է, տարածաշրջանային Սե՞յմ եք, ի՞նչ եք: Օրինակ, վրաց ժողովուրդը սգո՞ւմ է, կամ ասենք՝ իրանցիները: Կամ եթե սգում է, ձե՞զ ինչ դրանից: Ասեիք. «ՔՊ վարչությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը սգում են...»,- միանգամայն հասկանալի ու բավարար կլիներ:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը