Հայաստանի ներկայիս վիճակը հակիրճ կարելի է բնորոշել որպես գոյաբանական խորագույն ճգնաժամ: «Համակողմանի ճգնաժամ» բնորոշումն այլևս չի արտացոլում բուն իրողություններն ու դրանց խորքային բնույթը: Նման պայմաններում առավել քան ակնհայտ է նաև պահանջվող առաջին քայլը՝ իշխանության ղեկից անհապաղ հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու նրա՝ Հայաստանը կանխամտածված ոչնչացման, իսկ ժողովրդին էլ բնաջնջման տանող խմբակին:
Անցած շաբաթվա վերջին օրերին, ի դեպ, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա՝ տարբեր տրամաչափի մանկլավիկները հիպերակտիվ էին հանրային հարթակներում: Բանն այնտեղ հասավ, որ գործարկվեց անգամ Աննա Հակոբյանը՝ հուզախռիվ ինչ-որ «մարտական մեմուարներ» հրապարակ նետելով: Այդ ակտիվության կուլմինացիան թերևս Նիկոլ Փաշինյանի հարցոզրույցն էր՝ բացառապես նրա անձնական փառաբանությամբ զբաղվող «Հ-1»-ին:
Ի լրումն ամենի, ակնհայտ է, որ տեխնոլոգիական առումով, Նիկոլ Փաշինյանի ու նրա մերձավոր շրջապատի այդ ակտիվ աղմկարարության, տակուգլուխ հայտարարաություններ անելու հիմնական նպատակներից մեկը լրահոսը հեղեղելն էր, որպեսզի այս օրհասական պահին հնարավորինս քիչ ուշադրության արժանանան առանցքային խնդիրներն ու էական հարցադրումները: Այսպես ասած՝ «կեղծ օրակարգերի» շարաններ՝ իրական օրակարգնց հանրության ուշադրությունը շեղելու համար: Նիկոլ Փաշինյանի համար բացարձակապես կարևոր չէ, թե իր ասելուց հետո, քանի՞ վայրկյան անց իր սուտը կբռնվի: Կարևորն այն է, որ հնարավորինս շատերը դրա մասին խոսեն... թեկուզ առժամանակ մոռանալով, թե՝ «ինչի համար ենք հավաքվել»: Հաստատ «չենք հավաքվել»՝ բանակում «մայկա-տռուսիկի» մասին հերթական ապուշությունը լսելու նպատակով կամ, առավել ևս, Աննա Հակոբյանից իմանալու համար, օրինակ, թե ո՛ր դարում է եղել Էրատո թագուհին:
Իսկ առհասարակ, Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն, ելույթ, գրառում կարող է հետաքրքրել բացառապես մեկ՝ իշխանությունից հեռանալու, հրաժարական տալու տեսանկյունից: Եթե Նիկոլ Փաշինյանը լիներ թեկուզ 0:5 տոկոս պատասխանատվության զգացում ունեցող գործիչ, այլ ոչ թե՝ բացարձակապես անպատասխանատու, պոպուլիստ և ուղղակի պաթոլոգիկ ստախոս, ապա կարող էր միայն մեկ բանի մասին հայտարարել՝ իր և իրեն սպասարկող խմբակի հրաժարականի:
Առանց որևէ հուզականության: Եթե անգամ մի կողմ դնենք 2018-20 թվականներին պետությունն ու բանակը ողբերգության տանելու նրա քայլերը (բնականաբար, չի՛ կարելի մի կողմ դնել, բայց՝ «եթե անգամ...»), ապա հենց միայն այն, որ իր իսկ հռչակած «խաղաղության դարաշրջանի»՝ 2020-ի նոյեմբերի 9-ից առկա իրավիճակում հիմարագույն «կոնցեպցիան» կամ իր հիմնական «քաղաքական գիծը» դղրդյունով տապալվել է, առավել քան բավարար է, որ նա ձայնը կտրի և հեռանա իշխանությունից: Ցանկալի է, որ հեռանա ոչ միայն իշխանությունից, իսկ եթե խոսի էլ, ապա՝ բացառապես ամբաստանյալի կամ ցմահ դատապարտվածի կարգավիճակով:
Եթե շատ է ուզում սրտաճմլիկ տեսարաններ, ապա կարող է կանգնել իր երազած «գնդակահարության պատի տակ»՝ սպասելով իրեն այդ չտեսնված լավությունը մատուցել ցանկացող որևէ հայ մարդու կամ մարդկանց (լավություն՝ առանց սարկազմի, քանզի իր գործած մեղքերի համեմատ՝ գնդակահարվելը իսկապես էլ մեծ պարգև է):
Բայց դա հարցի տեխնիկական կողմն է: Բովանդակային առանցքն այն է, որ ստեղծված վիճակից քիչ թե շատ դրական իմաստ ունեցող բոլոր ելքերի հանգուցային մեկնակետը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումն է: Զարգացումների ու խնդիրների իրական բարդություններով հանդերձ, մեր ժողովրդի պատմական ընթացքում կրկին այն ճակատագրական պահերից մեկն է, երբ առաջադրվող գլխավոր հարցն առավել պարզ է ձևակերպվում. լինե՞լ, թե՞ չլինել:
Հիմա. եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության ղեկին, ապա՝ չի՛ լինելու Հայաստանը, որպես պետություն, չի լինի հայությունը, որպես պետականակիր ազգ:
Կան ածանցյալ հարցեր: Մասնավորապես, ապակողմնորոշված, հուսալքված, անտարբերացած հանրությունը որքա՞ն լիարժեք է զգում այդ վտանգը կամ իր բազմությամբ կելնի՞ հրապարակներ: Բայց դա մեկ այլ մտորման առիթ է: Դաժան իրողությունն այն է, որ մտորելու ժամանա՛կ գրեթե չի մնացել:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը