Արցախն աղետած, նաև ամբողջ Հայաստանն աղետող չարաբաստիկը, որ դեռևս վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ թքած ունենալով ամենի վրա, ստորագրելու է ևս մեկ փաստաթուղթ: Գործնականում նրա ասածը նշանակում էր՝ Արցախը ամբողջապես ադրբեջանական ճանաչելու մասին պաշտոնական մեսիջ՝ իր սիրելի գործընկեր Ալիևին:
Ցինիզմի կուլմինացիան այն էր, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում հայտարարեց, թե՝ դա անելու է «հանուն Հայաստանի», այսինքն, իբր, ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելու համար: Մեկը, ով առանց կրակոցի, ռազմավարական բարձունքներ է զիջել (նվիրել) թշնամուն, 30 տարի առաջ արյան գնով ազատագրված ահռելի տարածքներ ու ամբողջական շրջաններ է նվիրել թշնամուն, ով երկիրը տարածաշրջանային փալասի է վերածել, ում իշխանության օրոք թշնամին անպատիժ օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքի տասնյակ ու տասնյակ քառակուսի կիլոմետրեր, մեկը, ով նվաստացուցիչ նվիրատվություններ է արել ադրբեջանական թուրքերին, տալով ճանապարհներ, բնակավայրեր, հանկարծ հիշել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին: Մեկը, ով հազարավոր լուսավոր տղաների է նետել պատերազմի զոհասեղանին, ապա լպիրշաբար հայտարարել, թե՝ Արցախի հարցում ամեն դեպքում ելքը նույնն էր լինելու, պարզապես առանց զոհերի...
Հա, ու էլի «գնդակահարության պատի տակ կանգնելու» մասին խոսեց, այն է՝ հայտարարեց, որ իրեն չի հետաքրքրում, թե ստորագրելուց հետո ինչպիսին կլինի իր ճակատագիրը: Ինչպիսի՜ «դերասանական» ինքնազոհություն:
Նրա այս հայտարարությունը շատ-շատերի համար համբերության տակառներում վերջին կաթիլը դարձավ ու մարդիկ հախուռն կամ ինքնաբուխ ելան փողոց: Տասնյակ ու տասնյակ հազարավոր, եթե ոչ՝ հարյուր հազար և ավելի հայրենակիցներ: Մարդիկ ելան հրապարակ, հավաքվեցին ԱԺ շենքի մոտ, Բաղրամյան պողոտայի վրա:
Իսկ ո՞ւր էր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Նա, պատկերացնում եք, «լայվ» մտավ մի անհասկանալի վայրից, որը ոչ իր աշխատասենյակին էր նման, ոչ էլ կադրում երևացող որևէ ատրիբուտհիկա կար: Միակ բանը որ երևում էր, նրանից բացի, հուշում էր, որ խոսացողը, ամենայն հավանականությամբ, գտնվում է արտաքնոցում կամ զուգարանում: Ասածն էլ այն էր, թե ինքը բան չի ստորագրել կամ ստորագրելու, թե իր ասածը խեղաթյուրել են: Դե, դա էլ փորձված նիկոլական, քպ-ական հնարք է. ասել մի բան, որից հետո, տեսնելով զայրալից արձագանքները, վրա տալ, թե՝ իրենց ճիշտ չեն հասկացել, ասածը խեղաթյուրել են ու նմանօրինակ «կռուտիտներ»:
Զավեշտն այնտեղ հասավ, որ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանի խոսնակի գործառույթը ստանձնեց... ԱԱԾ-ն, հայտարարություն տարածելով, որի միակ ասելիքը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարած բացահայտ «ստորագրելու եմ»-ը մեկնաբանելն էր, թե բա՝ «որևէ փաստաթուղթ չի ստորագրվել...» և անգամ՝ «և չի նախապատրաստվում ստորագրվել...»:
Այսինքն, ի՞նչ, Նիկոլ Փաշինյանը դրանից մի քանի ժամ առաջ ԱԺ ամբիոնից հենց այնպես աքլորանո՞ւմ էր: Ստորագրելու հետևանքներին պատրաստիս նայեք: Բաղրամյան պողոտայի՝ ԱԺ ու նախագահականի մատույցները լցված ոստիկանական զորքերին նայեք, ԱԱԾ-ն մամուլի քարտուղար դարձնելուն նայեք...
Գրեթե զուգահեռ, ասպարեզ մտան զանազան քպ-ականներ, կեղծ «իրավապաշտպաններ», ամեն կարգի նիկոլականներ, որոնք ինքնաբուխ ցույցի ելած մարդկանց սկսեցին սպառնալ... առաջնագիծ տանելով: Գիտեք, երեկ Բաղրամյանի վրա հավաքվածների մեջ էին նաև զոհվածների ծնողներ, հարազատներ, այս պահին բանակում ծառայող, պատերազմի մեջ գտնվող մեր զինվորների ծնողներ, հարազատներ, քույրեր, եղբայրներ: Այսինքն, նիկոլականներին քիչ է, որ շատերի զավակներին, իրենց վարած թշնամաշահ ու ծայրեծայր սխալ քաղաքականությամբ, սպանել են, հիմա էլ նրանց ծնողներին և հարազատներին են ուզում մահվան մատնել: Սրանք բանակն ու առաջնագիծը ընկալում են որպես պատժամիջոց՝ քաղաքացիների նկատմամբ, միայն թե՝ իրենց հետույքներն իրենց առատ պարգևավճարվող պաշտոնատեղերում մնան:
Դժվար է ասել, թե ժողովրդական բորբոքված տրամադրությունները ինչ հետագա զարգացումների կհանգեցնեն: Բայց փոխարենը առավել քան ակնհայտ է, որ սեպտեմբերի 14-ի գիշերը Բաղրամյան եկած ահռելի բազմության առանցքային տրամադրությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա կամակատարներին այլևս մեկ ժամ ավել չի կարելի թողնել Հայաստանի իշխանության ղեկին: Հավաքված բազմության տիրապետող մոտեցումն այն էր, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա կամակատարներին պետք է անհապաղ հեռացնել իշխանությունից ու ենթարկել պատասխանատվության:
Նմանապես դժվար է ասել, թե այդ առումով ինչ կտա իմպիչմենտի գործընթացը, բայց եթե ոչինչ չտա էլ, դրանից թող ոչ մեկը չուրախանա, քանզի դրան հաջորդողը կարող է լինել անկանխատեսելի:
Իմպիչմենտը, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի համար շանս է, որ հետագայում գոնե բանտախցից «լայվ» կմտնի:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը